Ապրանքների կեղծումը համաշխարհային տնտեսությանը տարեկան 200-300 մլրդ դոլարի վնաս է հասցնում
Եվրոմիության մաքսային հսկողության տարածքում Թուրքիայի արտադրության կեղծ ապրանքները իրենց տարածվածությամբ, գումարային առումով 3-րդն են` Չինաստանի եւ Հոնկոնգի կեղծ ապրանքներից հետո: Այդ մասին ԵՄ զեկույցում հրապարակված ցուցանիշները լրագրողներին ներկայացրել է Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հրավերով լրագրողների համար անցկացված սեմինարի բանախոս, Գերմանիայի Համբուրգի երկրամասի շրջանային դատարանի նախագահող դատավոր Մարկուս Շնայդերը:
Կեղծված ապրանքներ ամենաշատ արտադրող առաջին երկիրը, թե քանակական (72,9 տոկոս), թե գումարային (70,9 տոկոս) առումով, Չինաստանն է: Հաջորդը Հոնկոնգն է` գումարային առումով 12,6 տոկոս, քանակական առումով` 7,6 տոկոս: Գումարային առումով կեղծ ապրանքների արտադրության ծավալներով երրորդը Թուրքիան է` 2,8 տոկոս, իսկ քանակով` Հունաստանը` 4,79 տոկոս:
ԵՄ երկրների շուկայում վաճառվող կեղծ ապրանքների ծագման երկրների մեջ նշվում են նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունները, Սինգապուրը, Գերմանիան, Հնդկաստանը, Սիրիան եւ այլ երկրները:
Մարկուս Շնայդերը ներկայացրեց նաեւ տեղեկատվություն, թե ապրանքների կեղծումը եւ ապրանքահենությունը ինչ վնասներ են հասցնում համաշխարհային տնտեսությանը: Ըստ այդմ, կեղծված ապրանքները ընդգրկում են համաշխարհային առեւտրի մոտ 10 տոկոսը, տարեկան վնասները կազմում են 200-300 մլրդ դոլար, կորցված աշխատատեղերը 200 հազար են: Մասնավորապես, կեղծված դեղորայքն ու տեխնիկական մասերը մեքենաների, ինքնաթիռների համար լուրջ սպառնալիք են մարդկանց կյանքին եւ առողջությանը:
Վերոնշյալից կարելի է ենթադրել, որ, եթե Եվրոմիության երկրներում, որտեղ բավականին խիստ միջոցառումներ են կիրառվում կեղծված ապրանք վաճառողների նկատմամբ, այդ երեւույթը նման տարածում ունի, ապա Հայաստանում վիճակն անհամեմատ վատ է: Առեւտրի կետերում եւ հատկապես տոնավաճառներում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել այդպիսի ապրանքների: Ուստի մեր հայրենակիցներին, հատկապես թուրքական ապրանքների որակի մասին չհիմնավորված պայծառ պատկերացում ունեցողներին, խորհուրդ կտայինք զգույշ լինել եւ չխաբվել որեւէ ապրանք ձեռք բերելիս:
Ա. Մ.