Մինչեւ 2100 թվականը մեր մոլորակի ջերմաստիճանը 4 աստիճանով կբարձրանա, եթե կլիմայի փոփոխությունը կանգնեցնելու նոր միջոցներ չձեռնարկվեն: Այս պնդումն է արվում Համաշխարհային բանկի նոր զեկուցագրում, որը վերնագրված էՙ Turn Down the Heat.
Եթե ոչինչ չփոխվի, ապա դարավերջին համաշխարհային օվկիանոսը կբարձրանա, հեղեղելով ափամերձ քաղաքները, պարենը կպակասի, տեղի կունենան եղանակի ծայրահեղ փոփոխություններ, նախազգուշացնում են փաստաթղթի հեղինակները:
Նրանց կանխատեսումների համաձայն, կլիմայի փոփոխություններ տեղի կունենան աշխարհի բոլոր տարածաշրջաններում, ըստ որում չորային տարածքները էլ ավելի կչորանան, խոնավ շրջանները կդառնան էլ ավելի խոնավ, նշում է Ինտերֆաքս գործակալությունը:
Ըստ ՀԲ կանխատեսումների, ջերմաստիճանը 3 աստիճանով կբարձրանա, եթե նույնիսկ աշխարհի բոլոր պետությունները կատարեն ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու իրենց պարտավորությունները:
Սակայն իրադարձությունների վատթարագույն ընթացքը հնարավոր է կանխել: «Չորս աստիճան համաշխարհային ջերմացումից հնարավոր է խուսափել եւ ջերմացումը պահել երկու աստիճանից ցածր մակարդակի վրա», հայտարարել է ՀԲ ղեկավար Ջիմ Են Կիմը:
Կլիմայի փոփոխությունների դեմ մղվող պայքարի ծրագրերի շրջանակներում Համաշխարհային բանկը 130 երկրում արդեն շուրջ 50 մլրդ դոլարի ներդրումներ է կատարել: