«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2012-11-16 | #205, 2012-11-17 | #206, 2012-11-20


ՔՈՒՐԴ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ 68-ՐԴ ՕՐԸ ԴԱԴԱՐԵՑՐԻՆ ՀԱՑԱԴՈՒԼԸ

Դրան նպաստեց Օջալանըՙ ցույց տալու համար, որ ինքն է առաջնորդում Թուրքիայի քրդերին

1980-ի սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի էր ունեցել բանակի գեներալ Քենան Էվրենի գլխավորած պետական հեղաշրջումը: Դրա առաջնահերթ թիրախը դարձան քրդական շարժումը առաջնորդող քուրդ մտավորականներն եւ առաջադեմ թուրք երիտասարդությունը: Թեեւ հեղաշրջումից 32 տարի է անցել, սակայն Թուրքիան դեռեւս չի ձերբազատվել հեղաշրջման հետեւանքներից: Դրա վառ ապացույցը 1982-ի գեներալ Էվրենի վարչակարգի սահմանադրությունն է, որն առ այսօր ուժի մեջ է երկրում, իսկ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունները, նրանց հետ նաեւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը ամեն կերպ վիժեցնում են վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության «քաղաքացիական» սահմանադրություն ընդունելու բոլոր ջանքերը:

Ի դեպ այս կուսակցությունները ժամանակին վիժեցրել են նաեւ Էրդողանի «քրդական նախաձեռնությունը», որն անկախ սահմանափակվածությունից, այնուամենայնիվ, որոշակի բարելավում էր Թուրքիայում բնակչության 1/4-ը կազմող քրդերի իրավական դրությունը երկրում:

Դառնալով ընդդիմության հարձակումների թիրախ, վարչապետ Էրդողանը «քրդական նախաձեռնությունը» փոխարինել էր ժողովրդավարական նախաձեռնությամբ եւ, ի վերջո, հրաժարվել թե մեկից եւ թե մյուսից: Ինչպես երեւում է նա հրաժարվելու վրա է նաեւ «քաղաքացիական» սահմանադրությունից: Կնշանակի, Թուրքիայում ուժի մեջ կմնան թուրքական այսպես կոչված ազգային պետության ունիտար կառուցվածքն ու թուրք ազգի «միասնականությունն» ապահովող հոդվածները, որոնց առկայությամբ կշարունակվեն կոպտորեն ոտնահարվել ինչպես ազգային փոքրամասնությունների, այնպես էլ էթնիկ եւ կրոնական խմբավորումների իրավունքները: Հետեւաբար, թուրքական ժողովրդավարությունը մշտապես թերի կմնա եւ այդ թերությունը իբրեւ կանխարգելիչ գործոն, կկասեցնի ժողովրդավարության զարգացումը երկրում:

«Քրդական նախաձեռնության» ու «քաղաքացիական» սահմանադրության հարցերում ընդդիմադիր եւ հատկապես «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության հակազդեցությունը Էրդողանին դառնում է ինքնանպատակ, երբ հաշվի ես առնում Թուրքիայի 66 բանտերում հացադուլ հայտարարած շուրջ 680 կալանավորի եւ ազատազրկվածի պահանջները:

Որո՞նք են դրանք: Մինչ հարցին պատասխանելը նշենք, որ հացադուլը հայտարարվել էր սեպտեմբերի 12-ի հեղաշրջման օրը: Այսինքն այդ ամսաթիվը խորհրդանշական է հացադուլավորների համար, որոնք քուրդ են: Ազգությամբ քուրդ են նաեւ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորները, որոնք ի համերաշխություն կալանավորների, հացադուլի էին նստել Թուրքիայի ազգային մեծ ժողովում:

Ինչ վերաբերում է հացադուլավորների պահանջներին, ապա նրանք հացադուլին վերջ տալու համար Էրդողանի կառավարությանն առաջադրում էին գլխավորապես 2 նախապայման. առաջինըՙ մայրենի լեզվով կրթության իրավունք քրդերին, երկրորդՙ Իմրալի կղզում բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլա Օջալանի մեկուսացվածության վերացում, ինչը ենթադրում էր վերջինի փոխադրումը այլ կալանավայր, ինչպես նաեւ ազգականներից բացի դատապաշտպանների հետ տեսակցության իրավունքի վերականգնում:

Էրդողանի կառավարությունը քուրդ աշակերտներին տվել է ոչ թե մայրենի լեզվով կրթության, այլեւ դպրոցում քրդերեն ուսուցանելու իրավունք: Կրթության դեպքում մնացած առարկաներն էլ պետք է քրդերենով անցնել, իսկ դրա համար անհրաժեշտ է սահմանադրության համապատասխան հոդվածի փոփոխությունը: Ինչ վերաբերում է Օջալանին, եթե կառավարությունը մեկուսացումից դուրս բերելու համար նրան տեղափոխի քրդաբնակ Դիարբեքիրի կալանավայր, ինչպես պահանջվում է, ապա ինքնակամ կնպաստի կալանավայրում առաջնորդի հերոսացմանը:

Որքան էլ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորները մեղադրեն վարչապետ Էրդողանին, թե ցանկության դեպքում կլուծի քրդական հարցը, իսկ Ազգայնական շարժում կուսակցությունըՙ քրդերին ինքնավարություն տրամադրելու միջոցով ազգային շահերին դավաճանելու, իսկ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը «քրդական նախաձեռնությունից» հրաժարվելու մեջ, առաջադրվող նախապայմանները վեր են Էրդողանի ուժերից: Նա ինքնուրույն ոչ միայն չի կարող լուծել Թուրքիայում տասնամյակների վաղեմություն ունեցող քրդական հարցը, նույնիսկ ի վիճակի չէ վերացնել Օջալանի մեկուսացվածությունը, մանավանդ որ Էրդողանի քրդական նախաձեռնությունը տապալել են նրանք, ովքեր հիմա հանդես են գալիս ոչ իրատեսական պահանջներով:

Էրդողանը նույնիսկ ի վիճակի չեղավ դադարեցնել կալանավորների հացադուլը: Դրա համար, ըստ երեւույթին, անհրաժեշտ էր Օջալանի միջամտությունը: Նոյեմբերի 17-ին Օջալանը իր եղբոր միջոցով կոչ է արել եւ այդ կոչով 680 քուրդ կալանավոր 68 օր հետո վերջ են տվել հացադուլին: Մնում է սպասել իմանալու, թե կոչի դիմաց Էրդողանի կառավարությունը ի՞նչ է խոստացել քրդերին: Բայց ինչ էլ որ խոստացած լինի, քրդական հարցի «լուծման» Էրդողանի տարբերակը չի բավարարելու քրդերին, որոնց թեկուզ կալանավայրից, առաջնորդում է Աբդուլլա Օջալանը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4