«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2012-11-16 | #205, 2012-11-17 | #206, 2012-11-20


ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԵՎՐՈԻՆՏԵԳՐՄԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ ԷՐ

Երեկ խորհրդարանում, կարելի է ասել, արեւմտյան օր էր. նախ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, որպես Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական խմբի ղեկավար, ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին եւ դեսպանատան քաղաքական գծով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսոնին, ու հայկական կողմից Օբամայի ընտրվելու կապակցությամբ շնորհավորանքներից բացի` արդար եւ թափանցիկ նախագահական ընտրությունների հավաստիացումներ հնչեցին:

Ապա եւ խորհրդարանում եվրոպական թեմաներով մի կարեւոր քննարկում էլ զուգահեռ էր ընթանում` ԱԺ Հայաստան-Եվրոմիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայկական պատվիրակության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության համատեղ ջանքերով, որին ներկա էին նաեւ Հայաստանի կառավարության, ինչպես նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության Հայաստանի ազգային պլատֆորմի, միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ:

Ըստ Ազգային ժողովի լրատվության` Հայաստան-ԵՄ համագործակցության ԱԺ հանձնաժողովի նախագահ Սամվել Ֆարմանյանն իր բացման ելույթում նշել է, որ հանձնաժողվը մշտական գործող ձեւաչափ է, եւ երեկվա նիստը քաղաքացիական եւ կառավարական շրջանակների տեսակետներն է հստակեցնում` հաջորդ, նոյեմբերի 28-29-ին Բրյուսելում տեղի ունենալիք նիստի օրակարգի վերաբերյալ: Հանձնաժողովը խնդիր ունի նպաստելու Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանն ու նպաստելու բարեփոխումների ընթացքին: Ս. Ֆարմանյանը մի անգամ եւս ընդգծեց այն միտքը, ինչ սովորաբար նման ձեւաչափերում մշտապես ասվում է` եվրոինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունն է, եւ Հայաստանը ներգրավված է ԵՄ համագործակցության ծրագրերում: Ս. Ֆարմանյանն այս տարին այս առումով հագեցած համարեց` «Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի» բանակցություններ, էական առաջընթաց Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրը գործառնելու ուղղությամբ, Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափ «Եվրոնեսթի» գործունեություն: Ողջունվեց նաեւ քաղաքացիական հասարակության տեսակետների երեկվա ներկայացումը խորհրդարանական շրջանակներին, որը նաեւ արդյունավետ համարեց Հայաստանի ազգային պլատֆորմի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը: ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան խորհրդարանական քննարկումները ԵՄ հետ Հայաստանի համագործակցության խորացման հիմք համարեց` նշելով, թե այս ուղղությամբ դրական քայլերն ակնհայտ են, որոնք վկայում են, թե բանակցությունները ճիշտ ուղու վրա են ու անհրաժեշտ է շարունակել բարեփոխումները Հայաստանում: Եվ գեղեցիկ համեմատություններից էլ զերծ չմնաց` խորհրդարանն անվանելով կամուրջ իշխանության եւ քաղաքացիական հասարակության միջեւ, չզլանալով նաեւ հիշել, որ ԱԺ-ն անելիք ունի եվրոպական եւ հայկական օրենսդրությունները համապատասխանեցնելու առումով:

ԱԳՆ ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանն ու ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը իրենց ոլորտների վերաբերյալ հստակեցումներ արեցին բրյուսելյան նիստի օրակարգին ընդառաջ:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4