«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2012-11-16 | #205, 2012-11-17 | #206, 2012-11-20


ԿԵՂԾ ԱՊՐԱՆՔՆԵՐ` ԻՆՉՊԵՍ ԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Կեղծված «Ռախշա» հայկական շուկայում

Շուկայում կեղծ ապրանքներ հայտնաբերելու դեպքում դրանք բռնագրավվում եւ հանվում են շրջանառությունից, վաճառողները ենթարկվում են տուգանքի, անկախ նրանիցՙ իմացել են, որ այդ ապրանքը կեղծ է, թե ոչ: Ահա այսպիսի դաժան, բայց միանշանակ արդարացված պայքար է մղվում շուկայում հայտնված կեղծ ապրանքների դեմ Գերմանիայում: Այդ մասին լրագրողներին պատմեց Գերմանիայի Համբուրգի երկրամասի շրջանային դատարանի նախագահող, դատավոր Մարկուս Շնայդերը նոյեմբերի 17-18-ին Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կազմակերպած սեմինարի ժամանակ:

Գերմանացի դատավորի խոսքերով, Գերմանիայում վերոնշյալ գործառույթներն իրականացնում են քաղաքացիական դատարանները` կեղծ ապրանքներից, անբարեխիղճ մրցակցությունից եւ մտավոր սեփականության իրավունքի խախտումներից տուժած ընկերությունների բողոքների հիման վրա: Մարկուս Շնայդերը հանգամանորեն ներկայացրեց Գերմանիայում ապրանքահենության դեմ կիրառվող քաղաքացիա-իրավական միջոցառումները:

Անդրադառնալով հրավիրված սեմինարի նպատակինՙ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ հանձնաժողովի որոշումները հաճախ բողոքարկվում են տնտեսվարողների կողմից: Ու թեեւ, նրա հավաստմամբ, հանձնաժողովի տուգանքներից դժգոհ ընկերություններից դեռեւս ոչ մեկին վերջին երկու տարում չի հաջողվել դատարաններում բեկանել հանձնաժողովի որոշումը, այդուհանդերձ գերմանական փորձին ծանոթանալը կօգնի հանձնաժողովին սեփական որոշումները պաշտպանել:

Ինչ վերաբերում է Հայաստանում կեղծ ապրանքների դեմ պայքարին, ապա, ըստ Արտակ Շաբոյանի, դրա դեմ պայքարը դժվարանում է, քանի որ վաճառող տնտեսվարողները պատճառաբանում են, թե դրանք ձեռք են բերել շուկայից, այսինքն, տոնավաճառներից, եւ չեն կարող իմանալ, թե որն է կեղծ, որը` ոչ: Մյուս կողմից, օրենսդրությունը հնարավորություն չի տալիս ոստիկանությանը ներգրավելու այդ գործում, քանի դեռ վաճառվող կեղծված ապրանքի ծավալը չի գերազանցել 200 հազար դրամը: Նման խնդրի է բախվել դռան փականների ռուսական «Էլբոր» ընկերությունը, որը Չինաստանում իր ապրանքի կեղծված տարբերակների պատճառով կորցրել է հայկական շուկան:

«Ազգի» հարցին, թե հնարավոր չէ՞ կեղծ ապրանք վաճառողին գտնել ՀԴՄ կտրոնի միջոցով, հանձնաժողովի նախագահն ասաց, որ վաճառողն էլ պատճառաբանում է, թե գնել է այլ վաճառողից եւ ՀԴՄ կտրոն էլ չի վերցրել կամ կորցրել է: Արտակ Շաբոյանը ընդգծեց, որ իրենք, բնականաբար, լուրջ կասկածներ ունեն կեղծ ապրանք վաճառողների ասածների իրավացիության հարցում: Մեր հաջորդ հարցին, թե արդյոք նպատակահարմար չէ՞ գերմանական փորձը կիրառելով պատժել այն կեղծ ապրանք վաճառողին, որի անվանումը գրված է ՀԴՄ կտրոնի վրա, Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ բոլոր խնդիրների լուծումը կլինի, եթե ապահովվի փաստաթղթաշրջանառութան ամբողջ շղթան: Սակայն մինչ այդ Հայաստանում կեղծ ապրանքների հեղեղի դեմ պայքարելու միակ ճիշտ տարբերակը կլինի այն կեղծ ապրանք վաճառողին պատժելը, որն այլեւս չի հայտնում, թե որտեղից է ձեռք բերել այդ ապրանքը: Ինչպես դա արվում է Գերմանիայում, եւ ինչը բավականին լուրջ նախազգուշացում կլինի Հայաստանում մյուս կեղծ ապրանք վաճառողների համար:

Կեղծված «Ռախշա» հայկական շուկայում

Սեմինարի ժամանակ հանձնաժողովի ներկայացուցիչ Հայկ Վարդանյանը հայտնեց կեղծ «Ռախշա» լվացող միջոցի հայտնաբերման մասին, որը օրինական արտադրանքից դժվարությամբ զանազանեցին նաեւ սեմինարին ներկա լրագրողները: Այդուհանդերձ, դեռեւս բացահայտված չէ այն տնտեսվարողը, որն արտադրել է դա եւ նրան հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4