Ոչ միայն Հունաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս Հակոբ Ջալալյանին շատերն են ճանաչում: Նա գրող է, թարգմանիչ եւ հնավաճառ: Նրա երկհարկանի բնակարանի առաջին հարկում գորգեր են, արձաններ, մոմակալներ, զարդեր, զարդատուփեր, որոնք հարյուրամյակների պատմություն ունեն: Հին իրերով հետաքրքրվողները գիտեն, թե Աթենքում որտեղ կարող են հիանալ յուրահատուկ ու թանկարժեք իրերով: Ջալալյանը հյուրընկալ է, սիրալիր, յուրաքանչյուր այցելուի ներկայացնում է իրերի պատմությունն ու շեշտում հայկականությունը:
«Յուրաքանչյուր հնավաճառ ձեզ կասի, որ ամենաարժեքավոր իրերը նա կգտնի ամենաանհավանական վայրերում: Պատահում է, գնում եմ շուկա միրգ գնելու ու նկատում, որ դիմացի մայթին ինչ-որ մեկն իրեր է վաճառում: Նա էլ չգիտի, թե գետնին շարված զարդատուփը կամ մոմակալն ի՞նչ արժեք են ներկայացնում: Սա արկածախնդիր աշխատանք է, հաջողության հասնելու համար երկու բան է անհրաժեշտՙ ռիսկ եւ նվիրում: Եթե աշխատանքդ չսիրես, հաջողությունը քեզ չի ժպտա», ասում է նա:
Ֆրանսիա, Իտալիա, Թուրքիա, Քուվեյթ ու էլի մի քանի տասնյակ երկրներ է այցելել Ջալալյանը հին հայկական իրեր գտնելու հույսով: Ասում էՙ անգամ ամենաանհավանական իրավիճակներում է հասել հաջողության. «Քուվեյթում էիՙ հիսուն աստիճան շոգ, ավելի քան երեք ժամ շուկայում եմ թափառել, հետո հին թաղամասերում շրջել, որ ինչ-որ հետաքրքրական բան գտնեմ, բայց ոչինչ չկար: Հիասթափվել էի, բարկացել, նեղսրտել: Արդեն հույսս կորցրած հետ էի վերադառնում, տեսա, որ մի արաբ գետնին փռած իրեր էր վաճառում: Դրանցից մեկն աչքիցս չվրիպեց, քանի որ ընդգծված հայկական զարդանախշեր ուներ: Վաճառողը չգիտեր, որ պղնձե սրվակը հայ վարդապետին է պատկանում եւ մի քանի դարի պատմություն ունի»:
Հակոբ Ջալալյանը ժողովրդական եւ եկեղեցական արվեստի բազմաթիվ իրեր ու նմուշներ ունի: Դրանց մեծ մասը նա վաճառում է, հազվագյուտ եւ թանկարժեք իրերը պահում է անձնական արխիվում, իսկ մեծ մասն էլ նվիրաբերել է Սարդարապատի թանգարանին:
«Հայաստան եմ ուղարկել ավելի քան 300 հնաոճ իրեր: Դրանք յուրահատուկ են եւ թանկարժեք: Իմ ամբողջ հավաքածուի ամենաարժեքավոր իրը հախճապակե հավկիթն էՙ 54 սմ, որը նույնպես նվիրել եմ թանգարանին», ասում է հնավաճառը հպարտությամբ, որ թանգարանի լավագույն բարեկամն է եւ արժանացել է շքանշանների եւ պատվոգրի:
«Եթե դուք ինձ հարցնեք, թե ո՞րն է իմ մասնագիտությունը, ես չեմ կարողանա պատասխանել: Ես հնավաճառ եմ, թարգմանիչ, բանաստեղծ, սակայն իմ մասնագիտություն-առաքելությունը հայրենասիրությունն է, իմ ամբողջ գործունեությունն ուղղված է միայն մեկ նպատակիՙ աշխարհին ներկայացնել Հայաստանն ու հայ մշակույթը»:
Շարականներ, Մեսրոպ Մաշտոց, Չարենց ու Սեւակ, Իսահակյան եւ Թումանյան: Ջալալյանը հունարեն է թարգմանել հայ բանաստեղծներին, հրատարակել գիրք հայ տպագրության ու երաժշտության մասին: «Իմ նպատակն է Հայաստանն ու հայերին ներկայացնել աշխարհին, ներկայացնել մեր արժեքները: Հենց այդ նպատակով, արդեն 41 տարի աշխատում եմ «Կոմիտաս» աշխատության վրա, որը շուտով կհրատարակվի: Սակայն իմ գործունեությունն ուղղված է հայ-հունական բարեկամությունն առավել ամրապնդելուն»: Վերջին յոթ տարին Ջալալյանը թարգմանում է Հունաստանի օրհներգը հայերեն: Այն բաղկացած է 158 տնից եւ շուտով կներկայացվի հայ ընթերցողների դատին:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Աթենք, Հունաստան