«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2012-11-16 | #205, 2012-11-17 | #206, 2012-11-20


ՆՈՐԱՍՏԵՂԾ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՄԻՏՎԱԾ Է ԴԱՌՆԱԼՈՒ ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի 90-ամյա հոբելյանի առթիվ միջոցառումներ կազմակերպվել են ամբողջ տարվա ընթացքում, սակայն գլխավոր միջոցառումները նոյեմբերի 19-ին էին: Երեկ Մանկավարժական համալսարանում նաեւ բացվեց թանգարան, որտեղ ցուցադրվող լուսանկարների, գրքերի, ամսագրերի ու տեղադրված երեք էկրանների միջոցով այցելուներին ներկայացվում է Մանկավարժական համալսարանի սկզբնավորման պատմությունը, գործունեությունը, նրա 10 ֆակուլտետների առօրյան եւ այլն:

«Մանկավարժական համալսարանի 90-ամյա պատմությունը մեր ժողովրդի ու մեր պետության պատմությունն է եւ լավագույն հաստատումը մանկավարժական գիտության ու մտքի», թանգարանի բացման ժամանակ նշեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը :

Սակայն բուհը դեռ ունի շատ անելիքներ ինչպես մանկավարժական գիտության հետագա զարգացման, այնպես էլ գիտակրթական ոլորտներում: «Այժմ բուհը կանգնած է նոր մարտահրավերների առաջ: Մեր նպատակն է, որ Մանկավարժական համալսարանը համապատասխանի միջազգային ցուցանիշներին, եւ այդ խնդիրը առաջիկա 6-7 տարիներին կլուծվի, քանզի այս հարցում մենք վստահում ենք մեր դասախոսական կազմին եւ ուսանողությանը», ավելացրեց Ռուբեն Միրզախանյանը:

Համալսարանի հոբելյանի ու թանգարանի բացման միջոցառմանը ներկա էին նաեւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, Միացյալ Նահանգների Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի նախագահ, մեր հայրենակից Մարի Փափազյանը, Ուկրաինայի Դրագոմանովի ազգային մանկավարժական համալսարանի ռեկտորը, Եվրոպայի մանկավարժական համալսարանների ռեկտորների ասոցիացիայի նախագահ Վիկտոր Անդրուշչենկոն եւ միջազգային բուհական համակարգում հայտնի այլ անձինք, նաեւ Ֆրանսիական Լորենի համալսարանի ու Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի պատվիրակությունները:

Ներկաներին բուհի հոբելյանի առիթով շնորհավորելուց հետո մշակույթի նախարարը կարծիք հայտնեց, որ միջոցառումը նվիրված է նաեւ լուսավորության, կրթության ու գիտելիքի մեծարմանը, իսկ ինչ վերաբերում է թանգարանին, ապա, ըստ նախարարի, թեկուզ միայն փաստը, որ բուհի ներսում թանգարան է բացվում, արդեն ուրախալի է: «Ի վերջո, ժամանակի ընթացքում ստեղծված մշակութային նշանակության առարկաներն իրենց տեղը պետք է գտնեն թանգարաններում», հավելեց նախարարը: Իսկ Մանկավարժական համալսարանի թանգարանում ցուցադրված են բուհի պատմության, մեր մշակութային վավերագրությանը մաս կազմող նմուշներ: Ժամանակ առ ժամանակ ցուցադրությունը թարմացվելու է. տրամաբանական է` բուհը իր 90-ամյա պատմությունից ցուցադրելու շատ բան ունի:

Հասմիկ Պողոսյանը երեկ նաեւ պատվոգրեր հանձնեց բուհի մշակութային 8 գործիչների կրթության, մասնավորապես մշակութային կրթության մեջ ունեցած ավանդի համար: Մշակույթի նախարարության պատվոգրերով պարգեւատրվեցին ժողովրդական նվագարանների ամբիոնի պրոֆեսոր Կառլեն Թոփչյանը, Կուլտուրայի ֆակուլտետի դեկան Գեւորգ Թադեւոսյանը, կերպարվեստի ամբիոնի վարիչ Լեմս Ներսիսյանը, ռուս եւ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Ռուզան Թադեւոսյանը, Մշակույթի կենտրոնի ղեկավար Արկադի Շեկունցը, գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Սարգիս Էլբակյանը եւ ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսորներ Ալեքսանդր Քոչարյանն ու Արտյուշա Հովհաննիսյանը:

Պատվոգրերը հանձնելուց հետո ներկաները արդեն կարող էին շրջել բուհի թանգարանում, որտեղ 3D ֆորմատային լուծումների միջոցով այցելուների առջեւ երեւում է Խ. Աբովյանին ներկայացնող դերասանը` հղելով այցելուներին կրթության ու գիտության մասին իր ուղերձը:

Թանգարանի սրահներում ամփոփված է բուհի պատմության ժամանակագրությունը սկսած հիմնադրման թվականից մինչ մեր օրերը: Բուհի մի սրահում էլ լուսանկարները ներկայացնում են բուհի մասնակցությունը Հայրենական ու Արցախյան պատերազմներում:

Շնորհիվ այս թանգարանի ուսանողները, ինչու ոչՙ նաեւ դիմորդները կծանոթանան բուհի պատմությանը, որը նաեւ կուղղորդի նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում:

Մանկավարժական համալսարանի թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը նշում է` թանգարան բացելու կարիքը կար շուտվանից, օրինակ դիմորդները, որոնք գալիս են ընդունվելու այստեղ, պետք է նախօրոք իմանան` ի՞նչ ճանապարհ է անցել Մանկավարժական համալսարանը: «Բացի դրանից` թանգարանը կրթական հաստատություն է, նախատեսում ենք իրականացնել կրթական ծրագրեր տարիքային ու մասնագիտական տարբեր խմբերի համար, այսինքն` մեր թանգարանը ծառայելու է ոչ միայն ճանաչողական նպատակին», ավելացրեց թանգարանի տնօրենը:

Թանգարանի մուտքն ազատ է բոլորի առջեւ, սակայն տարածքի սղության պատճառով ցուցադրված չեն հավաքված բոլոր նմուշները:

Արտասահմանից բուհ այցելած հյուրերը նույնպես տպավորված էին Մանկավարժական համալսարանի տարիների գործունեությունից ու ներկայացված այն փաստերից, որ Մանկավարժական համալսարանն ունի մեծ ավանդ հայկական կրթության ու գիտության բնագավառում:

Իսկ Մանկավարժական համալսարանի հետ համագործակցության վերաբերյալ ԱՄՆ Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի նախագահ Մարի Փափազյանը ավելացրեց, որ համագործակցելու գաղափարը հարկ է կյանքի կոչել:

«Ուրախ կլինենք այստեղ բերելու մեր ուսանողներին, իսկ հայ ուսանողներին էլ ընդունելու Կոնեկտիկուտի համալսարանում, որպեսզի երկու բուհերի ուսանողները կարողանան ծանոթանալ մեկը մյուսին, երկու երկրների մշակույթին ու կրթական առանձնահատկություններին», նշեց տիկին Փափազյանը:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4