«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2012-11-16 | #205, 2012-11-17 | #206, 2012-11-20


ԷԴՈՒԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆ. ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԿՐԿԻՆ ԱՐԺԵՎՈՐՎԻ

Էդուարդ Մուշեղի Ղազարյան, Ֆ.մ.գ. դոկտոր պրոֆեսոր, ակադեմիկոս, ՀՊՄՀ ռեկտոր-1987-1988թթ.

Այժմ`Հայ-ռուսական սլավոնական համալսարանի Մաթեմատիկայի եւ բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն

Բողոքներ, վարկաբեկիչ տեղեկատվություն, բարոյահոգեբանական վատ մթնոլորտ. այսպիսի ասեկոսեներ էին պտտվում Մանկավարժական ինստիտուտի շուրջը, երբ բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության գիտության գծով տեղակալ Էդուարդ Ղազարյանին առաջարկեցին ստանձնել ռեկտորի պաշտոնը:

Տարիներ անց մտաբերում է. չնայած դրան` համաձայնել է եւ այսօր էլ մեծ ջերմությամբ ու սիրով է հիշում Մանկավարժական համալսարանն ու այնտեղ պաշտոնավարած կարճ, բայց շոշափելի փոփոխություններով լի տարիները:

«Այդ ժամանակ բուհերն իրենք էին անցկացնում ընդունելության քննությունները, կային մասսայական արտագրություններ, նյութատեխնիկական վիճակը բուհում եւս անմխիթար էր: Կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք փոխել ստեղծված վիճակը. դրան նպաստեցին նաեւ կադրային փոփոխությունները. աշխատակազմը համալրվեց անբասիր կենսագրությամբ եւ բարձրակարգ մասնագետներով», հիշում է Էդուարդ Ղազարյանը :

Հաշվի առնելով այդ տարիներին ուսուցիչների գիտելիքների ցածր մակարդակը` ուսումնական ծրագրերում կատարվեցին լուրջ փոփոխություններ. հենց Էդուարդ Ղազարյանի նախաձեռնությամբ մանկավարժներն առաջին անգամ ուսուցանեցին առարկայի դասավանդման մեթոդիկայի գիտական հիմունքներ:

Խոսելով 21-րդ դարի մանկավարժի մասին` փորձառու դասախոսն ափսոսում է` ուսուցչի գործառույթներն այսօր շատ են փոխվել. «20-30 տարի առաջ աշակերտի գիտելիքի միակ աղբյուրը մանկավարժն էր: Հիմա իրավիճակն այլ է. նա պետք է լինի ճարտարապետ-մեթոդաբան, աշակերտին կարողանա ուղղորդել սովորել, գիտելիք ձեռք բերել. նա պետք է սովորի սովորեցնել»:

Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանի դիտարկմամբ ժամանակակից ուսուցիչը պետք է լինի նաեւ անթերի մասնագետ, կիրառի ուսուցման տարաբնույթ մեթոդներ, անկախ մասնագիտությունիցՙ կատարյալ տիրապետի մայրենիին, աշակերտների մեջ կերտի ազգային բնավորություն. «Այսօրվա երիտասարդներն ընտրում են տնտեսագետի, իրավաբանի, վատագույն դեպքում` լեզվաբանի մասնագիտությունը: Օտտո Բիսմարկն ասում էր`ավստրո-պրուսական պատերազմում հաղթեց ուսուցիչը, նույնը եղավ նաեւ Լեռնային Ղարաբաղում: Այդ ժամանակ մանկավարժը, գիտնականը հեղինակություններ էին: Ցանկանում եմ, որ Մանկավաժականը կրկին գրավիչ դարձնի այդ մասնագիտությունը եւ վերադարձնի դրա իրական արժեքները»:

Էդուարդ Ղազարյանը վստահ է` մանկավարժական կրթության համալսարանականացումը կլուծի շատ խնդիրներ. դրան կօգնի նաեւ կրթական երկաստիճան համակարգի ճիշտ կիրառումը:

Ակադեմիկոսը չի հուսահատվում. անպատասխանատվությամբ վարակված սերնդի մեջ էլ դեռեւս կան «խենթեր», ովքեր ընտրում են բնական գիտություններ. ի վերջո, հայն այդ ունակություններն իր արյան մեջ է կրում: Մարդկային հատկանիշներից Էդուարդ Ղազարյանը կարեւորում է բարությունը, հպարտությունն, արժանապատիվ կենսակերպն ու կողքինին օգնելու պատրաստակամությունը` ակամա կարծես բնութագրելով հենց ինքն իրեն:

Մանկավարժական համալսարանի ֆիզիկատեխնոլոգիական ֆակուլտետի նախկին դասախոսը, շնորհավորելով բուհի պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողներին, ասաց. «Մանկավարժականը միշտ էլ կարեւորվել է մեր ժողովրդի կյանքում: Բուհն ուսուցչական կադրեր պատրաստող դարբնոց է, որն ունի մեծ առաքելություն կրթական ամբողջ համակարգում. այն պետք է ժամանակակից դպրոցն ապահովի բարձր որակավորմամբ ուսուցիչներով: Ուրախալի է տեսնել Մանկավարժականի վերջին շրջանի հաջողությունները. նոր ձեռքբերումներ, գիտական ոլորտում երիտասարդ դասախոսների ներգրավում եւ եռանդուն աշխատանք եմ մաղթում 90-ամյա վաստակ ունեցող համալսարանին»:

ՄԱՐԻՆԵ ԱՂԱԲԵԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4