«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2012-11-16 | #205, 2012-11-17 | #206, 2012-11-20


ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Միսակ Արշամի Դավթյան, Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՊՄՀ պատվո պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՊՄՀ ռեկտոր 1999-2002 թվականներին

Այժմՙ ԵՊՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, ՀՊՄՀ դասախոս

Լավ գիտնական, փորձառու դասախոս, ուսումնական գործի հմուտ կազմակերպիչ

«Ես հավատում եմ Մանկավարժական համալսարանի հետագա հաջողություններին. նա բոլոր ժամանակներում պատվով է կատարել իր առաքելությունը եւ պատրաստել մանկավարժների գրագետ սերունդ», այսպես նշանավորեց 90-ամյա պատմություն ունեցող բուհի գործունեությունը նախկին ռեկտորը:

Քաջատեղյակ լինելով կրթության ոլորտի խնդիրներինՙ նա հեշտությամբ չի ընդունել ռեկտորի պաշտոնը ստանձնելու առաջարկը: Տարիների հեռվից Միսակ Դավթյանը հիշում է իր պաշտոնավարման տարիները, երբ արմատական վերափոխումներ էին տեղի ունենում բոլոր բուհերում, այդ թվում նաեւ Մանկավարժական ինստիտուտում:

Կրթական ավանդական համակարգը պետք է ավելի մոտեցվեր արեւմտյանին, որի հետ կապված բազմաթիվ հարցեր էին ծագում հատկապես հումանիտար առարկաների վերաբերյալ:

«Բոլոր ժամանակներում կրթության վերափոխման հարցը եղել է օրակարգային: Այդ գործում Մանկավարժական համալսարանըՙ ի դեմս իր գիտնական-դասախոսների, միշտ էլ գտնվել է բարձրության վրա եւ կրթական էական փոփոխություններում ունեցել իր մեծ ավանդը», նշեց Միսակ Դավթյանը :

Նա չի սիրում թվարկել իր պաշտոնավարման տարիներին Մանկավարժականի ունեցած բազում ձեռքբերումները. առանձնացնում է միայն, որ կարեւորագույն հարցերի լուծման ժամանակ իր աշխատաոճում առաջնորդվել է կոլեկտիվի սկզբունքովՙ յուրաքանչյուր հարցի շուրջը համախմբելով առավել շատ դասախոսների:

Անդրադառնալով ներկայիս դասախոսների որակական հատկանիշներինՙ գիտնականը նշեց. «Լավ դասախոսն առաջին հերթին պետք է լինի լավ գիտնական ու հետազոտող. նրա աշխատանքի հիմքը պետք է ունենա գիտական մոտեցում, որպեսզի խորն ըմբռնի յուրաքանչյուր փաստի էությունը»:

Համեմատելով տարբեր սերունդներինՙ Միսակ Դավթյանը նկատում է.«Այսօրվա ուսանողներն ավելի մեծ ձգտում ունեն կրթվելու եւ գիտության մեջ ներգրավվելու. գիտահետազոտական աշխատանքներին անմիջական մասնակից դարձնելու համար պետք է նրանց ուսուցումը կազմակերպել հենց գիտական միջավայրում»:

Միսակ Դավթյանը ուսանողների հետագա հաջողությունները կապում է դասախոսների ճիշտ աշխատանքի հետ. դասախոսի մեջ պետք է պարտադիր մեկտեղվեն մարդկային բնավորության լավագույն հատկանիշներն ու լավ մասնագետ լինելը:

Դասավանդման բազմամյա վաստակ ունեցող դասախոսը ուսանողների եւ իր միջեւ երբեւէ արհեստական սահման չի պահպանել. ուսանողը շատ զգայուն տարր է, նրա հանդեպ պետք է դրսեւորել առավելագույն օբյեկտիվություն:

Միսակ Դավթյանը բուհի որակը որոշում է նրանում աշխատող կադրերով. չէ՞ որ համաշխարհային ճանաչում վայելող համալսարաններն աչքի են ընկնում պրոֆեսորադասախոսական կազմի բարձր վարկանիշի շնորհիվ:

Տարբեր պաշտոններ վարելիս նա երբեւէ չի դադարել ղեկավարել ԵՊՀ կենսաքիմիայիՙ իրեն հարազատ դարձած ամբիոնը, որի աշխատակիցներն իր համախոհներն են եւ գիտական առաջընթացի հիմնական պատճառը:

Միսակ Դավթյանը վստահեցնում էՙ բուհի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու դեպքում կփորձի ավելի անմիջական դարձնել դասախոսների հետ կապը. նրանց գնահատելու, գիտական մակարդակը պարզելու համար պետք է ղեկավարն անմիջական կարծիք կազմի:

Դիմելով բոլոր ուսանողներինՙ բազմավաստակ մանկավարժը նրանց խորհուրդ տվեց ուսումնառության տարիներին քրտնաջան աշխատել եւ չտարբերակել կարեւոր ու անկարեւոր առարկաներ:

Միսակ Դավթյանն իր կյանքի անմոռանալի պահերը կապում է ընտանիքի հետ, սակայն որպես գիտնական իր համար անմոռաց է համարում յուրաքանչյուր զեկույց ու գիտական հանդիպում:

Գիտնական, դասախոս, ուսումնական գործի կազմակերպիչ...այսպես է բնորոշում ինքն իրեն Միսակ Դավթյանը, որը յուրաքանչյուրի անհաջողությունն իր մեջ է փնտրում:

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4