«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2012-11-16 | #205, 2012-11-17 | #206, 2012-11-20


ԹԱՏՐՈՆԸ ԻՄ ԿՅԱՆՔԻ ՃԻՇՏ ԿԵՍՆ Է

Գուժ Մանուկյան: Ծնվել է արվեստագետների ընտանիքում: Հայրըՙ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյան, մայրըՙ ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊՀԹ-ի դերասանուհի: Դեռ փոքրուց ներծծվել է մշակույթով, բայց երբեք չի պատկերացրել, որ մի օր դերասան կդառնա: Անգամ երբ դպրոցական տարիներին նրան դասընկերները դերասան էին կոչում սլացիկ հասակի եւ գեղեցիկ արտաքինի համար, ինչ-որ տեղ վիրավորվում էր. «Ես դրա մեջ վարկաբեկիչ բան էի տեսնում եւ շատ նեղվում էի», պատմում է «Ազգին» ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, «Մովսես Խորենացի» շքանշանի ասպետ Գուժ Մանուկյանը :

Արդեն 55 տարի հայկական տարբեր բեմերումՙ Կապանի Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն, այնուհետեւ Պատանի հանդիսատեսի, իսկ 1966-ից առ այսօր` Երեւանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն: Դրամատիզմով հագեցած կերպարների յուրօրինակ մատուցմամբ, ռեժիսորական նորամուծություններով օժտված բեմադրիչ-դերասան Գուժ Մանուկյանը մշտապես վայելել է թատերասերների սերն ու համակրանքը, ոմանց համար դարձել կուռք:

Գուժը շատ խստապահանջ արվեստագետ է ու հրաշալի խաղընկեր: Նրա բոլոր խաղընկերները փաստում են, որ Գուժից շատ կարեւոր հատկանիշներ են սովորել, դերասանական արվեստի գաղտնիքներՙ հատկապես կերպարները ճիշտ մեկնաբանելու գործում:

Դպրոցն ավարտելուց հետո դասընկերոջ հետ ընդունելության քննություններ է հանձնում Երեւանի Գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետի համար: «Չընդունվեցիՙ հուրախություն ծնողներիս եւ ապագա հանդիսատեսիս», ասում է Գուժը: Երբ ընտանիքի անդամների հորդորով որոշում է ընդունվել Երեւանի թատերական ինստիտուտ, հայրըՙ Ալեք. Արմենիչը այդ մասին տեղեկացնում է այդ տարի դերասանական կուրս հավաքող, իր մտերիմ ընկեր, ռեժիսոր Վարդան Աճեմյանին: Վերջինս խորհուրդ չի տալիս, որ ընկերոջ տղային ընդգրկի իր կուրսում, պատճառաբանելով, որ կուրսն արդեն համալրվել է շնորհալի երիտասարդներով եւ պետք չէ, միտք էլ չունի, որ միջակ դերասան դառնա իր լավագույն ընկերոջ տղան:

Երբ այս խոսակցությունը Գուժի ականջին է հասնում, խիստ վիրավորվում է եւ որոշում է ամեն գնով «վրեժխնդիր» լինել ապագա իր մեծ ուսուցչին: Տարիները ապացուցեցին, որ քրտնաջան աշխատանքի, նվիրվածության շնորհիվ կարելի է հասնել հաջողությունների, իհարկե եթե կան նախադրյալներ: Մի առիթով, ռուս հայտնի դրամատուրգ Ալ. Արբուզովը Գուժ Մանուկյանի դերակատարումները դիտելուց հետո բնութագրել է նրան այսպես. «Այդ դերասանի մոտ հրաշալի զուգորդվում են գեղեցկությունը, առնականությունն ու տաղանդը»: Եվ ահա Գուժ Մանուկյանը անմնացորդ կես դարից ավելի ծառայում է նորին մեծություն Թատրոնին, մշտապես իր հանդիսատեսին պարգեւելով նոր ու հետաքրքրական ներկայացումներ ու դերեր:

«Ազգի» հարցին, թե թատրոնը իր կյանքում ի՞նչ տեղ է զբաղեցնում, դերասանն ասում է. «Երբ կես դարից ավելի նվիրվել եմ թատրոնին, մի՞թե դա պարզ չէ, որ թատրոնը իմ կյանքի կեսն է»: Դժվար է առանձնացնել մի քանի հարյուր դերակատարումներից որեւէ մեկը, քանզի ե՛ւ թատրոնում, ե՛ւ կինոյում, ե՛ւ հեռուստաթատրոնում Գուժ Մանուկյանի կերտած դերերը մշտապես համարվել են լավագույնները: «Ինձ համար բոլոր իմ դերերը հոգեհարազատ են եղել: Իսկ որոնք չեմ հավանել, չեմ խաղացել, անկախ նրանիցՙ դրանք գլխավոր դեր էին, թե՞ երկրորդական», պատմում է 75-ամյակը բոլորած սիրված արվեստագետը «Ազգին»:

Գուժ Մանուկյանի շուրջ երեք տասնյակ կինոդերակատարումները այսօր ընդգրկվել են հայ եւ ռուս կինոյի ոսկե ֆոնդում: Սակայն բեմադրիչ-դերասանի համար թատրոնը մշտապես եղել է գլխավորը եւ անփոխարինելի, եւ առ այսօր էլ նա շարունակում է իր անմնացորդ նվիրումով աշխատանքը, միաժամանակ կրթելով երիտասարդ սերնդին: Գուժ Մանուկյան արվեստագետի ստեղծագործական ուղուն բազմիցս անդրադարձել ենք, իսկ այս մեկը մեր նվիրումն է սիրված դերասանի 75-ամյակին:

Հոբելյանական երեկոն տեղի կունենա Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում նոյեմբերի 23-ին, ժամը 19-ին:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4