«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2012-11-16 | #205, 2012-11-17 | #206, 2012-11-20


ՎՐԱՑԱՀԱՅԵՐԸՙ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԿՈՂՔԻՆ

Կիրակի Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացել է ուղիղ միացում Հալեպում գտնվող հայ համայնքի հետ:

Սիրիայի Բերիո թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռայիսյանը, ներկայացնելով համայնքի գործունեությունը, շեշտել է, որ Սիրիայում սկսված բախումների հետեւանքով խաթարվել է հայի առօրյան: Հալեպում հայ զոհվածների թիվը հասնում է 50-ի. նրանք ոչ միայն զինծառայողներ են, այլեւ կամավորներ եւ պատահական զոհեր: Ռայիսյանը շեշտել է, որ բազմաթիվ սիրիահայեր բռնում են արտագաղթի ճամփան եւ հատկապես հեռանում հարեւան Լիբանան կամ հայրենիք: Այսօր Հայաստանում հաստատվել են 5.000 սիրիահայեր:

Անդրադառնալով Հալեպի Սուրբ Գեւորգ եկեղեցուն, Ռայիսյանը շեշտել է, որ մայր խորանը չի վնասվել եւ վերանորոգման աշխատանքները կսկսվեն, երբ Սիրիայում իրավիճակը կարգավորվի:

Նա շեշտել է, որ սիրիահայերին օժանդակում են բազմաթիվ հայկական կազմակերպություններ, ՀՀ կառավարությունն ու Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը: Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն էլ առաջարկել է դրամահավաք կազմակերպել Սիրիայի հայ համայնքին օգնելու նպատակով:

Ի դեպ, Սիրիայից ժամանած արաբ քույր ու եղբայրը փաստաթղթերի հետ կապված խնդիրներ են ունեցել եւ հայտնվել Թբիլիսիում: Հայ համայնքը նրանց համարել է հարազատ եւ օգնել: Նրանք դեռ Թբիլիսիում են եւ հաճախում են Սուրբ էջմիածին եկեղեցի:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4