«Ինչպես զինվորի համար ավտոմատն է կարեւոր, այդպես էլ աստղագետի համար աստղադիտակն է անհրաժեշտություն», կարծում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերգեյ Ներսիսյանը :
Թերեւս այս համոզմունքը հիմք հանդիսացավ, որ 2004 թվականի նոյեմբերի 12-ից Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հիմնադրվի աստղադիտարան:
Այն Հայաստանում գործող երկրորդ աստղադիտարանն է` Բյուրականի աստղադիտարանից հետո:
1957 թվականի արտադրության աստղադիտակը Լենինգրադի օպտիկամեխանիկական միավորման ստեղծած սարքն է: Համատեղելով եղած նյութերն ու հնարավորություններըՙ ստեղծվեց աստղադիտարանը: Այն արժեւորում է ուսումնական ընթացքը, քանի որ տեսազննական է դարձնում ստացած գիտելիքները:
Աստղադիտարանը միակ «բաց» լաբորատարիան է, այցելուների մուտքն այստեղ անվճար է: Ուսանողների եւ այցելությունների հաճախելիությունը կախված է եղանակային պայմաններից եւ աստղային ժամանակացույցից: Երբեմն այցելությունները ունենում են տեսականն ու գործնականը համատեղելու նպատակ:
Մեր աստղադիտարանի մասին քչերը գիտեն: Սակայն ներկայումս նախապատրաստվում է կայք, որի միջոցով մարդիկ կիմանան աստղադիտարանի մասին իրենց հետաքրքրող ամեն ինչ:
«Սովորաբար աստղադիտարանները տեղակայված են լինում ոչ շատ լուսավոր վայրերում, քանի որ շրջապատի լուսավորությունը երբեմն խանգարում է աշխատանքներին: Չնայած այդ հանգամանքին`տարեցտարի մեծանում է աստղադիտարանի այցելուների թիվը: Ի դեպ, շատ են այցելուները նաեւ հանրապետության մարզերից», ուրախությամբ նշում է Սերգեյ Ներսիսյանը:
Համալսարանի ղեկավարության եւ ֆիզիկատեխնոլոգիական ֆակուլտետի դեկանատի ջանքերի շնորհիվ աստղադիտարանի աշխատանքները շուտով կդրվեն գիտական հիմքի վրա:
Սերգեյ Ներսիսյանը ափսոսում է, որ մեզ մոտ չկան անգամ աստղացուցարաններ:
«Մարդիկ նայում են երկնքին եւ կարծես վերափոխվում են. նրանք գտել են մի հրաշալի աշխարհ` երկինքը, որի մասին իրենք մոռացել էին», հավաստում է դոցենտ Սերգեյ Ներսիսյանը:
Նա նաեւ ափսոսում է, որ աստղագիտություն առարկան դուրս է մղվել հանրակրթական ծրագրից: Սակայն հույս ունի, որ կրթության եւ գիտության նախարարությանն հանձնված աստղագիտություն առարկայի չափորոշիչները կընդունվեն, եւ կրկին կընդգրկվի դպրոցական ծրագրերում: