«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2012-11-16 | #205, 2012-11-17 | #206, 2012-11-20


ՀԱԿՈԲ ՍԻՐՈՒՆԻՆ ՀԵՏՄԱՀՈՒ ԸՆՏՐՎԵՑ ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Ռումինական ակադեմիան նոյեմբերի 15-ի իր ընդհանուր ժողովում Ակադեմիայի հետմահու անդամի կոչում շնորհեց նշանավոր պատմաբան, արեւելագետ եւ հայագետ Հակոբ Սիրունուն:

Երիտասարդ տարիներին Կ. Պոլսի գրական-հասարակական կյանքի խոստումնալից գործիչ, Դանիել Վարուժանի հետ «Նավասարդ» տարեգրքի համահրատարակիչ Հակոբ Ջոլոյան Սիրունին (1890-1973թթ.), փրկվելով եղեռնից, 1922թ. ի վեր ապաստանում է Ռումինիայում, ուր նշանավոր ռումին պատմաբան Նիկոլաե Յորգայի հովանավորությամբ ծավալում է գիտական-ստեղծագործական լայն գործունեություն` այդ երկրում սկիզբ դնելով արեւելագիտության եւ հայագիտության ճյուղերին: Բազմակողմանի հետաքրքրությունների տեր գործիչը Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, մեղադրվելով ազգայնական գաղափարների համար, 1945թ. աքսորվում է Սիբիր, որտեղից տասը տարի հետո վերադառնալով Ռումինիա, կրկին նվիրվում է գիտությանը եւ հասարակական գործունեությանը:

Դեսպան Համլետ Գասպարյանի կարծիքով, վերջին հետազոտությունները, ինչպես նաեւ Հակոբ Սիրունու թողած գիտական ժառանգության ու հարուստ արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությունը կնպաստեն Ռումինիայում հայագիտության վերածննդին, որի հիմնադիրներից է եղել նշանավոր գիտնականը:

Մեկուկեսդարյա պատմություն ունեցող ռումինական ակադեմիայի անդամ են եղել մի շարք ռումինահայեր, որոնց մեջ` գրականագետ եւ տեսաբան Կարապետ Իբրաիլեանուն (1871-1936), տնտեսագիտական մտքի մեծերից Վիրջիլ Մաջարուն (1887-1940), մեծ մտածող, մաթեմատիկոս, կրթական համակարգի բարեփոխիչ Սպիրու Հարեթը (1851-1912), աշխարհահռչակ գերոնտոլոգ Աննա Ասլանը (1897-1988):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4