«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2012-11-16 | #205, 2012-11-17 | #206, 2012-11-20


ԳԱԲՈՒԶՅԱՆՆ ՈՒ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆՆԵՐ

Ամերիկաբնակ Սամուել Սեւյանն ուժեղագույնն է 12 տարեկանների մրցաշարում

Սլովենիայի Մարիբոր քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որն անցկացվեց տարիքային 6 խմբով: Հայաստանցի 16 շախմատիստներից առավել հաջող հանդես եկան Շանթ Սարգսյանն ու Հովհաննես Գաբուզյանը, որոնք դարձան աշխարհի փոխչեմպիոններ:

Շանթ Սարգսյանը մինչեւ 10 տարեկանների մրցաշարում 11 հնարավորից վաստակեց 9 միավոր եւ գրավեց 2-րդ տեղը: Վերջին 3 տուրերում հայ պատանին հաղթեց սերբ Վելիմիր Իվիչին եւ ուկրաինացի Վիկտոր Մատվիշենին, իսկ ադրբեջանցի Աբդուլա Գադիմբայլիի հետ պարտիան ավարտեց ոչ-ոքի:

Տարիքային այս խմբում մրցակցությունից դուրս էր վիետնամցի ՖԻԴԵ-ի վարպետ Ան Նգուենը, որը ցույց տվեց բացարձակ լավագույն արդյունքըՙ հաղթելով բոլոր 11 պարտիաներում:

Հայաստանի մյուս ներկայացուցիչըՙ Արթուր Դավթյանը եւս հաջող խաղաց: Նա 8 միավորով գրավեց 12-րդ տեղը: Վերջնագծում Արթուրը 3 անընդմեջ հաղթանակ տոնեց Ֆելիքս Բլոհբերգերի, Յինգ Տանի եւ Տրունգ Նգուենի նկատմամբ:

Հայաստանին 2-րդ արծաթե մեդալը պարգեւեց մինչեւ 18 տարեկանների մրցաշարի մասնակից Հովհաննես Գաբուզյանը: Նա 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր: Գաբուզյանն ընդամենը կես միավոր զիջեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած լեհ Դարիուշ Շվարցին: Գաբուզյանն էլ շատ հաջող անցկացրեց վերջնագիծըՙ տոնելով 3 անընդմեջ հաղթանակ Չժոու Յանգի, Իվան Բուկավշինի եւ Պոուա Իդանիի նկատմամբ: Գաբուզյանը մրցաշարում ընդամենը մեկ պարտություն կրեցՙ 8-րդ տուրում զիջելով ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւին: Հենց այդ պարտությունն էլ ճակատագրական եղավ հայ շախմատիստի համարՙ զրկելով նրան չեմպիոն դառնալու հնարավորությունից: Նշենք, որ չեմպիոնի տիտղոսը նվաճած Դարիուշ Շվարցի հետ Գաբուզյանը 6-րդ տուրում ոչ-ոքի էր խաղացել:

Տարիքային այս խմբում Հայաստանի 2-րդ ներկայացուցիչըՙ Կարեն Գրիգորյանը 7,5 միավորով գրավեց 12-րդ տեղը: Նրա համար էլ ճակատագրական եղավ 10-րդ տուրում լեհ Կրժիժտոֆ Դուդայից կրած միակ պարտությունը: Այլապես Կարենն էլ կարող էր մրցանակակիր դառնալ:

Մինչեւ 12 տարեկանների մրցաշարում գերազանց հանդես եկավ ԱՄՆ-ում բնակվող Սամուել Սեւյանըՙ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հայ պատանին 11 հնարավորից վաստակեց 9 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով գերազանցելով Կամերոն Վելերին, Յի Չժուին եւ Սավելի Գոլուբովին, արժանացավ ոսկե մեդալի: Ընդ որում վերջին 3 տուրերում նա հաղթեց Հայկ Մարտիրոսյանին ու Կամերոն Վելերին, իսկ ավարտական տուրում հաշտություն կնքեց Սավելի Գոլուբովի հետ:

Տարիքային այս խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը 7 միավորով 26-րդն էր, իսկ Արթուր Հողմրցյանը 6 միավորով գրավեց 79-րդ տեղը:

Մրցանակային տեղին մոտ էր Մանուել Պետրոսյանը, որը մինչեւ 14 տարեկանների մրցաշարում 8,5 միավորով գրավեց 5-րդ տեղը: Նա միայն լրացուցիչ գործակիցներով զիջեց 3-րդ տեղը գրաված կանադացի Ռիչարդ Վանգին, որը նույնպիսի արդյունքի էր հասել: Ավարտական տուրում Մանուելը հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Պառավյանին: Չեմպիոն հռչակվեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Կայդեն Տրոֆը, որը վաստակեց 9 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպիսի ցուցանիշ ունեցող հնդիկ շախմատիստ Չիթհամբարամ Արավինդից:

Մինչեւ 16 տարեկանների մրցաշարում էլ Տիգրան Հարությունյանը միայն լրացուցիչ գործակիցներով բրոնզե մեդալը զիջեց ռուսաստանցի Մաքսիմ Չիգաեւին: 2 շախմատիստներն էլ վաստակեցին 8-ական միավոր: Ընդ որում Տիգրանը հայաստանցի 16 շախմատիստներից միակն էր, որ մրցաշարում չպարտվեց: Ավարտական տուրում նա սեւերով խաղում էր առաջատարիՙ ռուսաստանցի Ուրի Ելիսեեւի հետ: Հաղթելու դեպքում Տիգրանը մրցանակակիր կդառնար: Սակայն գրանցվեց ոչ-ոքի: Ելիսեեւը 9 միավորով նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հայ շախմատիստուհիներից առավել հաջողը Սուսաննա Գաբոյանի (մինչեւ 16 տ.) եւ Մարիա Գեւորգյանի (մինչեւ 18 տ.) ելույթն էր, որոնք 7-ական միավորով տարիքային իրենց խմբերում գրավեցին 15-րդ տեղը:

Նկար 1. Հովհաննես Գաբուզյան

Նկար 2. Սամուել Սեւյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4