«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2012-11-17 | #206, 2012-11-20 | #207, 2012-11-21


ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ. ԻՍԿ Ե՞ՐԲ ԵՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ

Երեկ Ադրբեջանի լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտում սենսացիոն մամուլի ասուլիս է անցկացրել ոմն Թոֆիկ Ջաֆարով, որը ներկայացել է իբրեւ «ղարաբաղյան պատերազմի վետերան, հատուկ նշանակության հետախուզական վաշտի հրամանատար»: Նպատակը Մոնթե Մելքոնյանին «ոչնչացնելու գործողության իրական մանրամասնությունները ներկայացնելն էր»: Այս թեմայով գրելու առիթ մենք արդեն ունեցել ենք. բանն այն է, որ «Ադրբեջանի դրոշի» շքանշանակիր Իբադ Հուսեյնովը տարիներ շարունակ ադրբեջանական հանրությանը ներկայացել եւ, ըստ այդմ, «հերոսացվել է» որպես «ձեռնամարտում Մոնթե Մելքոնյանին ոչնչացնող»: Ընդ որում, Հուսեյնովը ժամանակին ցուցադրել է լուսանկար` ձեռքում պահած «Մոնթե Մելքոնյանի կտրած գլուխը»:

Թե որքան վայրենի է` ցուցադրել հակառակորդ բանակի զինծառայողի կտրած գլուխը, ամենայն հավանականությամբ Ադրբեջանում ոչ ոքի չի հուզել: Հակառակ դեպքում Հեյդար Ալիեւի հրամանագրով Իբադ Հուսեյնովը չէր արժանանա պետական պարգեւի: Ինչպես ասում են` յուրաքանչյուր ժողովուրդ ոչ միայն իր իշխանությանը, այլեւ հերոսին է արժանի:

Այս դեպքում հետաքրքրական է երկու հանգամանք. Թոֆիկ Ջաֆարովը վկայել է, որ «լուսանկարում ցուցադրված է 1992-ին սպանված հայ «զինառյալի» (չակերտները մերն են-Վ. Ա.) կտրած գլուխը»: Նախկին «հատուկ նշանակության վաշտի» հրամանատարի վկայությունը բացահայտում է, որ ադրբեջանական կողմում պատերազմի ժամանակ հակառակորդ բանակի զոհված կամ պատանդ վերցված զինվորների գլուխը հատելու, «ռազմավար»-ով լուսանկարվելու եւ այն որպես «հերոսության» ապացույց ներկայացնելու պրակտիկան տարածված է եղել: Մինչդեռ այսօր հենց այդ երկիրն է խոսում «պատերազմական հանցագործությունների համար հայերին պատասխանատվության կանչելու մասին»:

Ջաֆարովի երկրորդ բացահայտումն այն է, որ նշել է մարդկանց անուններ, այդ թվում` մինչ օրս ադրբեջանական բանակում ծառայող սպայի` Ակիֆ Գասումովի, որոնք Իբադ Հուսեյնովի շուրջը, իր արտահայտությամբ, «մաֆիոզ խումբ են կազմել եւ զբաղվում են արտոնյալ բիզնեսով»: Ներկայումս Աղջաբեդիի շրջանում ապրող Ջաֆարովը վկայել է, որ Իբադ Հուսեյնովի «հերսության» պսակազերծումից հետո այդ խմբի անդամները հանդիպել են իրեն, զրուցել` «լռության դիմաց առաջարկելով Բաքվում բարձր պաշտոն եւ բիզնես», իսկ երբ ինքը հրաժարվել է, սկսել են սպառնալ: Մամուլի ասոլիսին Ջաֆարովը ներկայացրել է իր եւ Իբադ Հուսեյնովի «մաֆիոզ խմբի անդամների միջեւ զրույցի ձայնագրությունը»:

Ջաֆարովն ասել է, որ դիմել է դատախազություն, որտեղ ասել են, որ «սպառնալիքներով չեն հետաքրքրվում», այնուհետեւ` ՆԳՆ, «որտեղից մինչ օրս չեն պատասխանել»: Հատուկ նշանակության հետախուզական կոչված, իրականում` դիվերսիոն-ահաբեկչական վաշտի նախկին հրամանատարն ասելիքը եզրափակել է էլ ավելի սենսացիոն հայտարարությամբ, որ «ստիպված դիմելու է նախագահ Իլհամ Ալիեւին` հատուկ հանձնաժողով ստեղծելու եւ կողմերի միջեւ վեճը լուծելու համար»:

Ջաֆարովը, ըստ էության, բացահայտել է ադրբեջանական իշխանության ողջ հանցավորությունը` պահանջելով հետաքննել, թե պատերազմի տարիներին իրականում ո՞վ է կտրել զոհված հայ զինծառայողների գլուխները եւ ո՞վ «հերոսանալու» իրավունք ունի: Նողկանք ներշնչող այս բացահայտումների մեջ միակ մխիթարականն այն է, որ Ջաֆարովը նույնպես վկայել է, որ Մոնթե Մելքոնյանը զոհվել է ՀՄՄ-ից արձակված արկի բեկորից` Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում:

Թոֆիկ Ջաֆարովի մամուլի ասուլիսը ղարաբաղյան պատերազմի տարիներին նրա գլխավորած դիվերսիոն-ահաբեկչական, ինչպես նաեւ` Իբադ Հուսեյնովի «հետախուզական» խմբավորումների մասին մի պարզ ինքնախոստովանություն է: Մենք իրավասու ենք հայտարարելու, որ դրանով Թոֆիկ Ջաֆարովը եւ Իբադ Հուսեյնովը բացահայտվում են իբրեւ պատերազմական հանցագործներ: Ըստ երեւույթին, հարկ է, որ մեր պատկան մարմինները փաստաթղթավորեն այդ ինքնախոստովանությունը եւ հղեն միջազգային ատյաններին, ինչպես նաեւ նրանց հանդեպ ազգային օրենսդրությամբ հարուցեն քրեական գործ: Նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, եւ Իբադ Հուսեյնովը, Թոֆիկ Ջաֆարովը եւ մյուսները պետք է անպայման կանգնեն դատարանի առջեւ ու կրեն իրենց արժանի պատիժը:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4