«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2012-11-17 | #206, 2012-11-20 | #207, 2012-11-21


ԻՐԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԽՈՐԱՆՈՒՄ Է ԱՐՏԱԳԱՂԹԸ

Իրանահայերի միայն 10 տոկոսն է վերադառնում հայրենիք

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավորներ Կարեն Խանլարյանն ու Ռոբերտ Բեգլարյանը պատմում են, որ Արեւմուտքի պատժամիջոցների եւ տնտեսական քաղաքականության հետեւանքով հատկապես վերջին ամիսների ընթացքում այդ երկրի տնտեսական վիճակը վատթարացել է:

Դրան զուգահեռ, երկրի քաղաքական կյանքը շարունակում է մնալ կայուն, սակայն առջեւում նախագահական ընտրություններն են, եւ իրանահայ պատգամավորները վստահ ենՙ ընդդիմությունը կցուցաբերի որոշակի ակտիվություն: Նրանց ներկայացմամբՙ այսօր իրանցուն առավելապես հուզում են երկրի տնտեսական վիճակն ու ներքաղաքական հարցերը:

Երկրի վարչակարգի վարած արտաքին քաղաքականությունը, որի հետեւանքը տնտեսական կոլապսն է, այդքան էլ չի հետաքրքրում իրանցի հասարակությանը: Իրանցիներն աշխատում են այդ հարցում կարծիք արտահայտել, բայց ոչ բարձրաձայն: Նրանք գիտեն, որ պատճառը ատոմակայանն ու հարստացված ուրանի վերամշակումն են, սակայն այդ հարցի վերաբերյալ ունեն սեփական տեսակետըՙ իմ երկիրն է ու իմ ատոմակայանը:

Թեպետ ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ դեռեւս նախընտրական ծրագիր չեն ներկայացրել, սակայն վստահ են, որ ընդդիմությունն առաջնահերթ կանդրադառնա տնտեսությանը: Իրանահայ պատգամավորները շեշտում են, որ վերջին շրջանում խորհրդարանն էլ հակադարձում է կառավարության ներկայացրած տնտեսական ծրագրերին եւ շատ հաճախ մերժում իշխանության առաջարկած դրույթները:

«Վերջին 2-3 ամսվա ընթացքում վիճակը մեղմացնելու նպատակով Իրանի խորհրդարանը մի քանի անգամ մերժել է օրինագծեր եւ դեմ է եղել կտրուկ փոփոխություններին, որոնք էլ ավելի կվնասեին ներկա վիճակը», պատմում է Կարեն Խանլարյանը:

Որ Սիրիան Իրանի թիվ մեկ դաշնակիցն է տարածաշրջանում, Իրանում չի ժխտում ոչ ոք: Նրանք հավատացած են, որ այն, ինչ այսօր կատարվում է Սիրիայում, որեւէ առնչություն չունի «արաբական գարուն» կոչվածի հետ, քանի որ այն, ինչ կատարվել է Լիբիայում ու Եգիպտոսում, Սիրիայում չի կատարվում: «Սիրիայում վարձկաններն են, ոոնք որեւէ աղերս չունեն դեմոկրատիայի հետ: Անշուշտ, Սիրիան Իրանին դաշնակից պետություն է, սակայն դա չի նշանակում, թե Իրանը չի տեսնում այն խնդիրները, որ կան հարեւան երկրում: Իրանը կողմ է, որ Սիրիայում լինեն բարեփոխումներ, սակայն առանց արյունահեղությունների ու սպանությունների», ասում է Խանլարյանը:

Իրանի քաղաքական կյանքի վերաբերյալ հայ համայնքի դիրքորոշումը հաստատուն է: Հայ համայնքն իրեն պահում է չեզոք եւ այս կամ այն ուժի քաղաքական խարդավանքներին չի տրվում:

Միակ հարցը, որ այսօր հուզում է իրանահայերին, տնտեսական ճգնաժամն է, որի պատճառով շատացել է արտագաղթը: Իրանահայերը հիմնականում մեկնում են ԱՄՆ, Կանադա: Արտագաղթողների միայն 7-10 տոկոսն է նախընտրում ապրել մայր հայրենիքում:

Իրանահայ համայնքը չի գերազանցում 100.000-ը, դրա մոտ կեսը բնակվում է մայրաքաղաք Թեհրանում: Այնտեղ գործում են երեք միություն, դպրոցներ, վարժարաններ, ռադիոժամ եւ մի շարք պարբերականներ:

Ռոբերտ Մարգարյանը Իրանի ռադիոյի հայկական ժամի լրագրողն է: Թեպետ հայկական ռադիոն գործում է արդեն 60 տարի, սակայն առավելապես ակտիվացել է Իսլամական հեղափոխությունից հետո:

«Օրական 2.5 ժամ հայկական եթեր ունենք, որի ընթացքում ներկայացվում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի հայության խնդիրները», ասում է նա:

Հարեւան Իրանում հայերը որեւէ խտրական վերաբերմունքի չեն արժանանում, միայն մայրաքաղաքում գործում է հայկական 7 եկեղեցի: Իրանահայերը չեն զգում հայատյացություն: Պետության վարած քաղաքականության շնորհիվ ադրբեջանական համայնքը որեւէ ոտնձգություն չի իրականացնում հայերի նկատմամբ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4