Հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության աճը կազմել է 7,2 տոկոս
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2012-ի օգոստոսի սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, տնտեսական ակտիվության ցուցանիշը հոկտեմբերին` նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, աճել է 4,9 տոկոսով, նախորդ ամսվա սեպտեմբերի համեմատ` նվազել 16,5 տոկոսով, իսկ հունվար-հոկտեմբերին` անցյալ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ կազմել է 7,2 տոկոս: Ընդհանուր առմամբ, տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակում է բարձր մնալ, չնայած աճի տեմպը 10 ամիսներին` 9 ամիսների համեմատ, որոշ չափով` 0,4 տոկոսով, դանդաղել է:
Հոկտեմբերին անկում է գրանցվել վերջին 2 տարում ավանդաբար ամենաբարձր աճ ունեցող արդյունաբերությունում` նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ` 2 տոկոսով, թեեւ այս տարվա սեպտեմբերի համեմատ գրանցվել է աճ 2,5 տոկոսով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել է 1,4 տոկոսով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ` նվազել 32,8 տոկոսով: Շինարարությունում վերջապես փոքրիկ աճ է գրանցվել` նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ 2,1 տոկոսով, սակայն այս տարվա սեպտեմբերի նկատմամբ գրեթե 9 տոկոս անկում է արձանագրվել: Մանրածախ առեւտրում անցյալ տարվա հոկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 4,9 տոկոս աճ, իսկ այս տարվա սեպտեմբերի նկատմամբ` 6,7 տոկոս նվազում: Ծառայությունների ոլորտում անցյալ տարվա հոկտեմբերի նկատմամբ 9,2 տոկոս աճ է արձանագրվել, իսկ այս տարվա սեպտեմբերի նկատմամբ` 0,4 տոկոս անկում: էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 31,4 տոկոսով, իսկ այս տարվա սեպտեմբերի նկատմամբ` 5,7 տոկոսով:
Արտաքին առեւտրաշրջանառությունը 2012-ի հոկտեմբերին 2011-ի հոկտեմբերի նկատմամբ աճել է 11,4 տոկոսով եւ կազմել 561,5 մլն դոլար, իսկ 2012-ի սեպտեմբերի նկատմամբ աճել է 29,6 տոկոսով: Արտահանումը կազմել է 134 մլն դոլար, աճելով 18 տոկոսով, իսկ 2012-ի սեպտեմբերի նկատմամբ աճելով 21,3 տոկոսով: Ներմուծումը կազմել է 427,5 մլն դոլար, աճելով 9,5 տոկոսով, իսկ 2012-ի սեպտեմբերի նկատմամբ` 32,4 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը հոկտեմբերին կազմել է 293,5 մլն դոլար:
Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում հոկտեմբերին կազմել է մոտ 118 հազար դրամ, մասնավոր հատվածում կազմել է 146 հազար դրամ, պետականումՙ 93 հազար դրամ:
Ինչ վերաբերում է 2012-ի հունվար-հոկտեմբերի սոցիալ-տնտեսական ցուցանիշների համադրությանը 2011-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա տնտեսական ակտիվության աճը, ինչպես արդեն նշեցինք, կազմել է 7,2 տոկոս:
Արդյունաբերության աճը հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ կազմել է 10 տոկոս, գյուղատնտեսությանը` 8,2 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությանը` 9,8 տոկոս, շինարարությունն ունեցել է 1,2 տոկոս անկում, ծառայությունների ոլորտում արձանագրվել է 11 տոկոս աճ, մանրածախ առեւտրում` 3,2 տոկոս աճ: Ծավալային արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը երկրորդն է առեւտրի ծավալներից հետո եւ կազմում է 895 մլրդ դրամ:
Արտաքին առեւտրաշրջանառությունը 2012-ի հունվար-հոկտեմբերին 2011-ի հունվար-հոկտեմբերի նկատմամբ ավելացել է 3,4 տոկոսով եւ կազմել 4,6 մլրդ դոլար: Արտահանումը կազմել է 1 մլրդ 166 մլն դոլար, աճելով 7,3 տոկոսով, ներմուծումը կազմել է 3 մլրդ 437 մլն դոլար, աճելով 2,1 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը այս տարվա հունվար-հոկտեմբերին կազմել է 2 մլրդ 271 մլն դոլար:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ