«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2012-11-17 | #206, 2012-11-20 | #207, 2012-11-21


ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԹՈՒՐՔԻԱ ՏԱՍՆՅԱԿԻՑ ԱՎԵԼԻ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՐՏԱՀԱՆԵԼ

Մինչդեռ ներմուծում ենք 243 մլն դոլարի թուրքական ապրանքներ

2011-ին Հայաստան են ներմուծվել 243 մլն դոլարի թուրքական ապրանքներ: Այս մասին երեկ հայ-թուրքական առեւտրատնտեսական հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը: Ներմուծվող ապրանքների մեջ, անվտանգության նկատառումնեից ելնելով, սննդամթերք եւ դեղորայք չկա: Ըստ Արսեն Ղազարյանիՙ Թուրքիայից բեռնատարներով ներկրվում են արդյունաբերական հումք, մեքենասարքավորումներ, շինանյութ, իսկ ճամպրուկներով` հագուստ: Այսինքն, նրա հավաստմամբ, շրջանառությունը միակողմանի է: Թեեւ հայ գործարարները փորձում են որոշ ապրանքատեսակներ Թուրքիա արտահանել վրացական կամ իրանական փաստաթղթերով, սական դա մեծ տոկոս չի կազմում:

ՀԱԳՄ նախագահը նշեց, որ Հայաստանը կարող է Թուրքիա արտահանել տասնյակից ավելի ապրանքատեսակներ` «Նաիրիտ»-ի քիմիական արտադրանքը, ալյումինե փայլաթիթեղ, շինանյութեր, վերամշակված քար, պտուղ-բանջարեղեն, կոնյակ եւ այլն: «Եթե Թուրքիայի իշխանությունները չլեգալացնեն հայ-թուրքական առեւտրաշրջանառությունը, հայ գործարարները ստիպված կլինեն այլ շուկաներ փնտրել», ասաց Արսեն Ղազարյանըՙ անընդունելի համարելով նման անհավասար վիճակը:

Այդուհանդերձ, չնայած Հայաստանի նկատմամբ թուրքական իշխանությունների ակնհայտ թշնամական տրամադրվածությանը եւ Թուրքիայի մեղքով երկկողմ արձանագրությունների սառեցմանը, հայ- թուրքական գործարար հարաբերությունները զարգանում են: ՀԱԳՄ նախագահը նշեց, որ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման հարցում ավելի շահագրգռված են Թուրքիայի արեւելյան շրջանի` պատմական Հայաստանի տարածքի գործարարները: «Թուրքիայի եւ Հայաստանի ավիացիոն իշխանությունները համաձայն են Վան-Երեւան-Վան ուղիղ թռիչքի կազմակերպմանը, սակայն դեռեւս հստակ չեն երթուղու շահութաբերության հետ կապված հարցերը», տեղեկացրեց նա:

Ըստ Արսեն Ղազարյանի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կարի արդյունաբերության ոլորտներում առկա է լուրջ պոտենցիալ: Նա կարեւորեց թուրքական հասարակության մեջ Հայոց ցեղասպանության քննարկումները, ընդգծելով, որ թուրքական հասարակության առաջադեմ հատվածը բանավիճում է հայերի գույքը հետ վերադարձնելու հարցի շուրջը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4