«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2012-11-17 | #206, 2012-11-20 | #207, 2012-11-21


ՈՒՍՈՒՑԻՉԸ ՊԵՏՔ Է ԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐՈՒՄՈՎ ԱՇԽԱՏԻ

Գեւորգ Երվանդի Բաղդասարյան, Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՊՄՀ ռեկտոր 1994-1998 թթ.

ԵՊՀ մաթեմատիկական մեթոդների եւ մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր, դասավանդում է ՀՊՄՀ մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետում


- Պարոն Բաղդասարյան, Ձեր պաշտոնավարման տարիները համընկան հանրապետության համար դժվար ժամանակաշրջանի, ինչպիսի գործունեություն ծավալեցիք դժվարությունների մեջ հայտնված բուհում...

- Ցավոք, իմ պաշտոնավարման տարիները համընկան այն տարիներին, երբ սարսափելի ֆինանսա-տնտեսական վիճակում էր հայտնվել մեր հանրապետությունը, եւ մեր համալսարանը բացարձակապես ոչինչ չուներ գոյատեւելու համար. ֆինանսական ոչ մի աղբյուր չունեինք, վճարովի ուսանողներ չունեինք, պետության կողմից չնչին գումարներ էինք ստանում, որով հնարավոր չէր հոգալ բուհի կարիքները: Սանիտարական վատ պայմաններ, գրենական միջոցների բացակայություն, անգամ կավիճ չունեինք, մի սարսափելի վիճակ էր... Մենք փորձեցինք վճարովի ուսանողներ ընդունել. դա 90-ականների սկիզբն էր: Մեծ ջանքերի շնորհիվ մենք կարողացանք վճարովի ուսանողների քանակ ապահովել եւ այդ վճարների հաշվին կարողացանք բուհի վիճակը մի քիչ բարելավել: Վճարովի ուսուցման գումարների հաշվին մենք կարողացանք նույնիսկ բարձրացնել դասախոսների աշխատավարձը: Բուհի սանիտարահիգիենիկ վիճակը շատ, թե քիչ կարգավորեցինք եւ ձեռնամուխ եղանք նոր ֆակուլտետների, բաժինների եւ ծրագրերի ստեղծմանը:

Առանձնացրինք հոգեբանության ֆակուլտետը, որը շատ կարեւոր քայլ էր: Իմ պաշտոնավարման տարիներին մեծ ուշադրություն էր դարձվում դեֆեկտոլոգիայի ֆակուլտետին:

Այնպիսի ժամանակաշրջան էր, որ անհրաժեշտ էր օգնել Ղարաբաղին, եւ մենք որոշակի միջոցներ հատկացրինք Ղարաբաղի համալսարանին, նաեւ մեր ուսանողները մշակութային ծրագրերով պարբերաբար հանդես էին գալիս այնտեղ. ադրբեջանական բայաթիների փոխարեն այնտեղ հնչեցին Կոմիտասի ու Եկմալյանի ստեղծագործությունները:

- Նոր կադրերի, ուսումնական ծրագրերի ու պլանների ստեղծման անհրաժեշտություն կար...

- Այո՛, մեծ դժվարություններ հաղթահարելով մենք աստիճանաբար ուսումնական գործը դրեցինք նորմալ հունի վրա: Առանձնապես մեծ դժվարություններ ունեինք պրակտիկայի կազմակերպման հարցում, կործանված վիճակում էր Աղավնաձորի ուսումնամարզական բազան, եւ մեր կարեւոր գործերից մեկն այդ բազայի վերականգնումն էր, որտեղ կազմակերպում էին ուսանողների պրակտիկան եւ դասախոսների հանգիստը:

- Բուհի 6 մասնաշենքերն էլ կայի՞ն այդ տարիներին:

- Բոլորն էլ կային, դեռ մի բան էլ ավելի: Բուհի գլխավոր շենքը, որտեղ ռեկտորատն էր, ուզում էին վերցնել մեզանից, ես պայքարեցի եւ թույլ չտվեցի, սակայն, այնուամենայնիվ, հետագայում բուհը կորցրեց այդ մասնաշենքը, որը Խանջյան փողոցում էր, Վերնիսաժի հարեւանությամբ:

- Կարելի՞ է ասելՙ բուհը գրեթե թոթափեց ծանր վիճակը եւ անցավ ակտիվ գործունեության...

- Այո՛, ծանր ժամանակներ էին, մենք ոչ մի գումար չունեինք բանկերում, միայն պարտքեր ունեինք: Չունեինք էլեկտրական հոսանք, հատուկ ժամով էին մեզ լույս տալիս, այն էլ հարեւանները գողանում էին, եւ դժվար էր նրանց դեմն առնել... Եվ կարծես թե թոթափեցինք այդ ամենը, եկավ գեղեցիկ գործերի ժամանակը:

- Դուք թվարկեցիք այն դժվարությունները, որոնք բաժին ընկան Ձեր ղեկավարման ընթացքում: Ձեր գործունեության մեջ ի՞նչը հատկապես կառանձնացնեք:

- Նոր մասնագիտությունները կուլտուրայի, գեղարվեստի, դեֆեկտոլոգիայի ֆակուլտետներում... Հիմա դժվարանում եմ ամեն ինչ հիշել:

- Որպես գիտության, կրթության ոլորտի նվիրյալ մարդ` ըստ Ձեզՙ ինչպիսին պիտի լինեն այսօրվա ուսուցիչն ու դասախոսը:

- Այն մարդիկ, ովքեր որոշել են դառնալ ուսուցիչ, պետք է անմնացորդ նվիրումով անեն այդ գործը: Ուսուցանող եւ դաստիարակող մարդիկ, ես մեղմ եմ ասում, եթե չունենան համապատասխան մակարդակ, ոչ մի գիտելիք ոչ նրանց եւ ոչ էլ հասարակությանը չի փրկի: Նրանք պետք է լինեն համակողմանի զարգացվածությամբ եւ էթիկայով օժտված մարդիկ: Այդպես միշտ է եղել: Սակայն եկավ մի ժամանակ, երբ այդ գաղափարները ձեւափոխվեցին, միակ խնդիրը գոյատեւման պայքարը եղավ, եւ դա շարունակվեց մինչեւ այսօր: Ահա ինչու ունենք այն, ինչ ունենք:

- Ինչպիսի՞ն է այսօրվա ուսանողությունը:

- Այսօրվա ուսանողները չեն զիջում նախորդներին, ավելին, համընդհանուր զարգացման տեսանկյունից բավականին առաջ են անցել...

Աշակերտը, գնալով դպրոց, պետք է մտածի միայն սովորելու մասին... Գիտության եւ կրթության կառավարման միջազգային բոլոր փորձերի արդյունքը պետք է լինի` ինչ սովորեցնել երեխային...Հետագայում, երբ ձեւավորված անհատ կդառնա, ինքը կորոշի, բոլորն այսօր ծնողների օգնությամբ դեռեւս ցածր դասարաններում որոշում են` սա պետք է, իսկ սա` ոչ, հաշվի առնելով հետագայում ակնկալվող օգուտը ...

- Եթե Ձեզ նորից ռեկտոր ընտրվելու հնարավորություն տրվեր, ի՞նչը կփոխեիք եւ կկարեւորեիք:

- Չէի ընտրվի, բայց ես, անկախ ժամանակներից, առաջնայինը համարում եմ որակյալ կադրերի պատրաստումը: Իսկ դա անելու համար պետք է մտածել դրանից բխող մյուս հարցերի մասին:

- Ներկայացրեք մարդու Ձեր տեսակը:

- Նորմալ հայ մարդը պետք է լինի ազնիվ, մաքուր, գործին անմնացորդ նվիրվի, եւ որպեսզի ամպագոռգոռ բառեր չասեմ, իր հնարավորությունները ծառայեցնի իր ազգին ու ժողովրդին:

- Ձեր կյանքի ամենալավ պահը, հանուն որի արժեր ապրել...

- Երբ աղջիկս ու տղաս պաշտպանեցին դոկտորական ատենախոսություններ: Իսկ ամենաուրախալի պահը, երբ հինգ ամիս առաջ ծնվեց աղջիկ թոռնուհիս: Ես շատ եմ սիրում աղջիկ, եւ գտնում եմ, որ ընտանիքի պահպանման հիմքը աղջիկն է:

- 90-ամյա հոբելյանի առթիվ ի՞նչ բարեմաղթանքներ կհղեիք Մանկավարժական համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին:

- Իմ ռեկտորության տարիներին բուհի մեկ հոբելյան նշել ենք: Ուսանողներից սկսած մինչեւ դասախոսներ պիտի հպարտանան, որ սովորում ու աշխատում են այս բուհում, որովհետեւ այս բուհն ունի մի առաքելություն, որը բուհի ռազմավարական, մեր ժողովրդի պահպանման ու գոյատեւման հիմքն է: Հետեւաբար նրանց համար պարծանք պետք է լինի եւ հպարտություն: Մանկավարժական համալսարանն այն բուհն է, որին պետք է նվիրվեն, նրանով հպարտանան եւ աշխատեն, որ այստեղից դուրս եկողները նույն զգացողությունն ունենան:

Հարցազրույցը` ՍԻԼՎԱ ԱՍՐՅԱՆԻ

Նկար 1. Մանկավարժական համալսարանի` նոր տեխնոլոգիաներով հագեցած ֆիզիկայի լաբորատորիան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4