«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2012-11-17 | #206, 2012-11-20 | #207, 2012-11-21


ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸՙ ԲՈՒՐԳՈՒՆԴԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍՊԻՐԱՆՏ

Մարիամ Գեւորգյանը Մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետի ֆիզիկայի բաժնի 2012 թվականի շրջանավարտ է, իսկ ներկայումսՙ ասպիրանտ:

Ուսումնառության 6 տարիների ընթացքում առաջնորդվել է հայտնի ֆիզիկոս Ա. Էյնշտեյնիՙ «Երբեք մի հրաժարվեք նրանից, ինչին ձգտում եք, նույնիսկ երբ ասում են, թե դա անհնարին է: Ավելին, դա նույնիսկ կարող է խթանիչ ուժ հանդիսանալ` հակառակն ապացուցելու համար» խոսքերով եւ ձգտել ուսումը շարունակել նաեւ եվրոպական լավագույն համալսարաններից մեկում:

Հանձնելով մասնագիտական քննություններՙ իրականացրեց վաղեմի երազանքը. նա ձեռք է բերել Ֆրանսիայի Բուրգունդիայի համալսարանում ուսումը շարունակելու հնարավորություն:

Ժամանակակից ֆիզիկայի արդիական թեմաներից մեկըՙ «Սառն ատոմական ասոցիացիան այլասերված քվանտային գազերում STIRAP-ի միջոցով», Մարիամը կզարգացնի ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանի եւ Բուրգունդիայի համալսարանի պրոֆեսոր Հանս Ժոսլանի համաղեկավարությամբ:

«Այս ծրագիրն ինձ հնարավորություն կտա զարգացնելու իմ գիտական գործունեությունը, ներկա գտնվելու ճանաչված պրոֆեսորների դասախոսություններին, ինչպես նաեւ լինելու աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում, ծանոթանալու նրանց մշակույթին եւ սովորություններին», նշեց Մարիամ Գեւորգյանը:

Նա հպարտ է, որ ՀՊՄՀ ուսանողն է եղել. մասնագիտական ճանապարհին իրեն ուղղորդել են համալսարանի դասախոսները, հատկապեսՙ ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Դեմիրխանյանն ու ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը:

Ի դեպ, վերջինս դասախոսություններ է կարդում նաեւ անգլիական եւ եվրոպական համալսարաններում:

Մարիամ Գեւորգյանը վստահեցրեց, որ մեծ սիրով կհամաձայնի հետագայում իր գիտելիքները փոխանցել հարազատ բուհիՙ Մանկավարժական համալսարանի գալիք սերունդներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4