«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2012-11-17 | #206, 2012-11-20 | #207, 2012-11-21


ՀՊՄՀ-Նՙ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ

Առաջին անգամ Հայկական պետական մանկավարժական համալսարանը հանդես է գալիս որպես դրամաշնորհային ծրագրի համակարգող:

ՀՊՄՀ-ն հաղթել է Տեմպուս IV-ի Առաջարկների 5-րդ մրցույթում, որի արդյունքում կմշակվի «Բարձրագույն կրթության կառավարում. կրթական փոխակերպումների կառավարման առաջնորդների պատրաստում» մասնագիտությամբ մագիստրոսական ծրագիր: Նոր մագիստրոսական ծրագրի ներդրման նպատակով կմշակվեն համապատասխան որակավորումները, ուսումնական վերջնարդյունքները, ուսումնական վերջնարդյունքներով պայմանավորված գնահատման համակարգը, դասավանդման եւ ուսուցառման մեթոդաբանությունը, կբարելավվեն համալսարանի կարողությունները: Ծրագրի ընթացքում նախատեսվում է Մանկավարժական համալսարանում ստեղծել կրթության կառավարման ամբիոն: ՀՊՄՀ-ն կհիմնադրի նաեւ Կրթության մասնագետների մասնագիտական ասոցիացիա: Ծրագրի տեւողությունը 36 ամիս է, ավարտը նախատեսված է 2015 թվականի հոկտեմբերի 14-ին:

Ծրագրի ընթացքում նախատեսվում է մշակել նաեւ մասնագիտական որակավորման բարձրացման ծրագրեր, որոնց կարող են մասնակցել ինչպես ՀՊՄՀ-ի, այնպես էլ շահառու բուհերի դասախոսները: Արեւելյան հարեւանության երկրներից ծրագրին կհամագործակցեն Հայաստանն ու Վրաստանը հետեւյալ հաստատություններով. Հայաստանիցՙ ՀՊՄՀ (ծրագրի համակարգող), Երեւանի պետական տնտեսագիտական համալսարան, Վանաձորի պետական մանկավարժական համալսարան, Գորիսի պետական համալսարան, Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոն (ՈԱԿ), ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն, Վրաստանիցՙ Իլիայի պետական համալսարան, Սեւծովյան միջազգային համալսարան, Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարան, Ակակի Ծերեթելու պետական համալսարան, Կրթության որակի բարելավման ազգային կենտրոն, Վրաստանի կրթության եւ գիտության նախարարություն:

Ծրագրին համագործակցող եվրոպական երկրներներն են Գերմանիանՙ Կոբլենց Լանդաու համալսարան, Ֆրանսիանՙ Մանկավարժական դասընթացների միջազգային կենտրոն, Չեխիանՙ Մասարիկի համալսարան, Իտալիանՙ Եվրոպական նախաձեռնությունների ուսումնական կենտրոն, Մեծ Բրիտանիանՙ Բաթ Սպա համալսարան եւ Միդլսեքս համալսարան:

Նախատեսվում է նոր մագիստրոսական ծրագրում ուսանողների ներգրավում, նոր ընդունված ուսանողների համար ներածական խորհրդատվություն, ինչպես նաեւՙ ուսանողների փոխանակում, ուսանողների տեղավորում աշխատավայրերումՙ հասարակական հիմունքներով: Ի դեպ, ՀՊՄՀ-ի 15 ուսանողներ ծրագրի շրջանակում կմասնակցեն փորձարկմանը, եւ ծրագրի արդյունավետության ստուգման նպատակով նրանց ուսման մի մասը կկազմակերպվի անգլիական բարձրագույն ուսումնական հաստատություններում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4