«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2012-11-17 | #206, 2012-11-20 | #207, 2012-11-21


ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԵՆՑԻ ԳՈՐԾԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ

Նոյեմբերի 13-ին Բեյրութի «Սոլիդեր» ցուցասրահում կայացավ հռչակավոր նկարիչ, 1946 թ. Լիբանանից Հայաստան հայրենադարձված արվեստագետ Հարություն Կալենցի ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Ցուցահանդեսը, որին ներկա էին նախարարներ, դեսպաններ, հասարակական եւ մշակութային գործիչներ, արվեսագետներ, լրատվական միջոցների ներկայացուցիչներ, կազմակերպվել էր Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Հայաստանի եւ Լիբանանի մշակույթի նախարարությունների հովանավորությամբ:

Բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը : Դեսպանը ողջունեց եւ շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի աջակիցներին եւ հովանավորներին եւ ընդգծեց հայ-լիբանանյան մշակութային հարաբերությունների բարձր մակարդակը: Անդրադառնալով Հարություն Կալենցի կենսագրությանը եւ ստեղծագործական կյանքի մանրամասներին` դեսպան Քոչարյանը բարձր գնահատեց Կալենց ընտանիքի անդամների ջանքերը Երեւանում 2010թ. թանգարան բացելու ուղղությամբ եւ ավելացրեց, որ Հարություն Կալենցը եղել եւ մնում է եղբայրական երկրներիՙ Հայաստանի եւ Լիբանանի, բարեկամության խորհրդանիշ:

Լիբանանի մշակույթի նախարար Գաբի Լռյունը խոստովանեց, որ այս տարի ապրիլին Երեւանում, ծանոթանալով Հարություն Կալենցի գործերին, նա իր համար բացահայտեց հայ ժողովրդի բարձր արվեստը եւ տաղանդը: Նախարարը խոստացավ լիբանանյան եւ հայկական արվեստի միջազգային փառատոն կազմակերպել հայաբնակ Այնճարում:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ նաեւ «Սոլիդերի» գլխավոր տնօրեն Մունիր Դվեյդին , որը նշեց, որ թեեւ առաջին անգամ է մասնակցում ազգությամբ հայ արվեստագետի գործերի ցուցադրությանը, սակայն մեծ հաճույքով եւ հպարտությամբ է հյուրընկալում նման տաղանդավոր նկարչի գլուխգործոցները:

Այնուհետեւ լրատվամիջոցների հարցերին պատասխանեց Հարություն Կալենցի որդին` Սարո Կալենցը : Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 26-ը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4