Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ հանդիպում է կազմակերպել աշխատանքի կարիք ունեցող սիրիահայերի ու գործատուների միջեւ, հանդիպմանը նաեւ ներկա են եղել էկոնոմիկայի նախարարը, էկոնոմիկայի, աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարարները եւ այլք:
Հանդիպման ընթացքում անդրադարձն այն խնդրի շուրջն էր, որ Հայաստան եկած սիրիահայերի առաջնային խնդիրը մնում է աշխատանքի տեղավորումը: Ըստ սփյուռքի նախարարի` սիրիահայերին առաջարկվող աշխատանքի դիմաց վճարվող աշխատավարձը նրանց, սակայն, չի գոհացնում, քանի որ նրանք սովոր են ավելի բարձր աշխատավարձերի կամ սեփական բիզնես ունենալուն:
Երեկ քննարկվեցին նաեւ սիրիահայերի զբաղվածությանն ուղղված քայլերը: Այս առնչությամբ Փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանը տեղեկացրեց, որ իրենց կենտրոնը կազմակերպում է դասընթացներ, որոնց միջոցով սիրիահայերը կարող են ծանոթանալ Հայաստանում գործարարությամբ զբաղվելու համար անհրաժեշտ տեղեկատվությանը, ապա փորձագետների օգնությամբ կարող են կազմել բիզնես պլան, իսկ ՓՄՁ զարգացման կենտրոնն առանց գրավի կհատկացնի 3 միլիոն դրամի չափով ֆինանսավորում:
Սիրիահայերն առաջնահերթության կարգով կընդգրկվեն նաեւ զբաղվածության պետական ծրագրերում:
Հանդիպման ընթացքում սիրիահայերի համար եղան նաեւ աշխատանքի առաջարկներ` հաշվապահության, սննդի, անվտանգության եւ այլ ոլորտներում:
Ի. Պ.