«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2012-11-20 | #207, 2012-11-21 | #208, 2012-11-22


ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ

Երեկ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունեց աստղագիտություն եւ ինֆորմատիկա առարկաների միջազգային օլիմպիադաներում մրցանակների արժանացած աշակերտներին եւ հանձնեց պարգեւներ ՀՀ կառավարության անունից:

«Մեր դպրոցականներն արձանագրեցին հերթական փայլուն արդյունքը` 6 մեդալ, այդ թվում` 1 ոսկի, 1 արծաթ եւ 4 բրոնզ: Աշակերտները մեր հպարտությունն են եւ կրթական համակարգում տեղի ունեցող լայնածավալ փոփոխությունների արդյունավետության լավագույն ապացույցն ու աշխատանքի լավագույն հիմնավորումը»,- ասաց Արմեն Աշոտյանը եւ ավելացրեց, որ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ մեկ շնչին ընկնող մեդալների քանակով` 2-3-րդ տեղերը: Անդրկովկասի մյուս երկու երկրների` Վրաստանի եւ Ադրբեջանի հավաքականները զբաղեցրել են համապատասխանաբար 14-րդ եւ 15-րդ տեղերը:

ԿԳ նախարարն ընդգծեց, որ այսուհետեւ նախարարության ուշադրության կենտրոնում են լինելու օլիմպիականների նախապատրաստման եւ հավաքագրման աշխատանքները, որպեսզի ապագայում եւս հայ օլիմպիականները լավագույնս ներկայանան միջազգային օլիմպիադաներում եւ իրենց ցուցանիշներով ուրախացնեն հայ հասարակությանը:

2012 թվականին մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա, ինֆորմատիկա եւ աստղագիտություն առարկաների գծով առարկայական միջազգային օլիմպիադաներին մասնակցել է 29 հայ դպրոցական` նվաճելով 16 մեդալ` 1 ոսկի, 2 արծաթ, 13 բրոնզ, եւ 5 գովասանագիր:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4