ՎիվաՍել-ՄՏՍ-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը ուրախ է տեղեկացնել, որ գլխամասային գրասենյակում հյուրընկալված Synaptics ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո եւ Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը հանդիպել է ՏՏ ոլորտի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ եւ հանդես է եկել ինֆորմատիկայի ապագայի մասին դասախոսությամբ:
Դոկտոր Ֆաջինը Հայաստան է ժամանել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի 2012թ. մրցանակը (Համաշխարհային ՏՏ մրցանակը) ստանալու համար, եւ այցի շրջանակներում տեղի կունենա նախագահի մրցանակի հանձնման արարողությունը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է «Համաշխարհային ՏՏ մրցանակ» նախաձեռնությանը` այս ոլորտում այն հրաշալի գործիք համարելով բարձր վարկանիշ ունեցող Հայաստանը աշխարհի ՏՏ քարտեզում դիրքավորելու համար: Հայաստանը հսկայական չիրացված ներուժ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչի ճիշտ ուղղորդումը, կարող է նպաստել մեր երկրի տնտեսական աճի արձանագրմանը», նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :
«Վստահ եմ, որ տարիներ անց մենք կարձանագրենք, որ այս մրցանակաբաշխության արդյունքում համաշխարհային գիտակրթական եւ բիզնես միջավայրի ամենալուսավոր եւ հեղինակավոր մարդիկ, դառնալով մրցանակակիր, եկել են Հայաստան` իրենց հետ բերելով բարձրագույն տեխնոլոգիաների ժամանակակից մշակույթ եւ ամբողջ աշխարհում կբարձրացնեն մեր պետության իմիջն ու ճանաչելիությունը, որպես գիտելիքին եւ ինտելեկտին ապավինող երկիր», ասել է մրցանակաբաշխության Գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը :
Համաշխարհային ՏՏ մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է այդ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի: Այս մրցանակաբաշխությամբ Հայաստանն ընդգծում է համաշխարհային ՏՏ միջավայրում զարգացող կենտրոն լինելու իր հավակնությունը:
Դոկտոր Ֆաջինը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի երրորդ դափնեկիրն է: Նախկին դափնեկիրները` «Ինտել» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն/տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարրետը եւ «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնյակը , ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից մրցանակով են պարգեւատրվել համապատասխանաբար` 2010 եւ 2011 թթ.-ին:
Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացնում են ՀՀ նախագահի կողմից նշանակված մրցանակաբաշխության կոմիտեն եւ միջազգային ընտրող հանձնաժողովը: Մրցանակը բաղկացած է Հայաստանը եւ տեղեկատվական տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից, դիպլոմից եւ հուշախորհրդանիշից: Մրցանակը ֆինանսավորել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: