«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2012-11-20 | #207, 2012-11-21 | #208, 2012-11-22


ԼՈՆԴՈՆՅԱՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մանկավարժական համալսարանում արդեն ավանդույթ է դարձել խրախուսել բարձր առաջադիմություն եւ համալսարանական կյանքին ակտիվ մասնակցություն ցուցաբերած ուսանողներին:

2011 թվականին լավագույն ուսանող ճանաչվեց կրթության հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Սառա Վանյանը : Մանկավարժական համալսարանի ղեկավարությունը վերջինիս ընձեռեց Լոնդոն մեկնելու եւ երկշաբաթյա ուսումնական ծրագրի մասնակցելու հնարավորություն:

«Վայրէջքից մեկ ժամ անց եղա Ռիջենթքոլեջում (Regentscollege), ուր մասնակցեցի երկշաբաթյա անգլերեն լեզվի դասընթացների:

Այն գտնվում է Ռիջենթ այգում (Regentpark), որը համարվում է Լոնդոնի ամենագեղեցիկ թագավորական այգին եւ տեղակայված է ուղիղ Լոնդոնի սրտում: Քոլեջում ուսանում են 3000 ուսանող 80 երկրներից: Լուռ, հանգիստ եւ ապահով մթնոլորտը խթան էր` արդյունավետ կրթվելու, գեղեցիկ եւ օգտակար ժամանցի համար», ասում է Սառան:

Նրա համար հատկապես տպավորիչ են եղել անգլիացի մասնագետների աշխատաոճն ու ընտրված մեթոդները:

Դասընթացի շրջանակում Սառա Վանյանն անդրադարձել է աշխարհի ծնողազուրկ երեխաների խնդրին, դրա արդիականությանը, վիճակագրությանն ու «ցավոտ» կողմերին. թեման հուզել ու հետաքրքրել է շատերին:

«Ծրագրի շնորհիվ հնարավորություն ունեցա մի պահ ինձ զգալու զբոսաշրջիկ. եղա Մեծ Բրիտանիայի պատմամշակութային վայրերից մի քանիսում` Օքսֆորդում, հնամյա եկեղեցիներում:

Լոնդոնյան հրաշագեղ կառույցների հզորության ուժը փոխանցվում էր յուրաքանչյուր այցելուի: Գրականության մեջ նկարագրված հնաոճ փողոցների տեսքը լոնդոնյան շունչ էին տալիս մտքերին: Քաղաքի ամեն մի մասնիկը կարծես հատուկ մշակված լիներ` յուրաքանչյուրին գեղագիտական հաճույք պարգեւելու համար», պատմում է Սառան:

Դասընթացի ավարտին Մանկավարժականի լավագույն ուսանողին շնորհվել է հավաստագիր` երկշաբաթյա դասընթացին մասնակցելու համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4