Նոյեմբերի 14-ին Երեւանում կայացավ լիբանանահայ ասմունքող Հակոբ Գույումճյանի ասմունքի երեկոն, ընտրյալ հասարակության ներկայությամբ: Վաղը կկայանա նրա 2-րդ ելույթը, այս անգամ Ստեփանակերտի մշակույթի պալատի դահլիճում, իսկ առաջիկա չորեքշաբթի օրը նույնը կկրկնվի Վանաձորում: Ստորեւՙ բեմարվեստի երկու վարպետների տպավորություններըՙ երեւանյան ելույթից:
Հաճելի առիթ ունեցա Կամերային երաժշտության տանը ունկնդրել լիբանանահայ անվանի ասմունքող Հակոբ Գույումճյանին:
Կարծում եմ, որ բոլոր անվանի ասմունքողները առաջին հերթին լավ դերասաններ են կամ ունեն դերասանական կրթությունՙ անկախ նրանից, թե նրանք այսօր բեմում են, թե էստրադայում: Ասմունքի արվեստը ծագել է պոեզիայի եւ թատրոնի հետ, դեռ անտիկ ժամանակներից: Ռուս դերասաններից շատերը լավագույն ասմունքողներն են եղելՙ Կաչալով, Իլինսկի, Ակսիոնով, Ֆիլատով, Յուրսկի: Մեր դերասաններիցՙ Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Սուրեն Քոչարյան, Բաբկեն Ներսիսյան, Սոս Սարգսյան, Վլադիմիր Աբաջյան, Մետաքսյա Սիմոնյան, Վարդուհի Վարդերեսյան, Ազատ Գասպարյան, Ժենյա Ավետիսյան, Սիլվա Յուզբաշյան, Սարգիս Նաջարյան:
Ասմունքը դերասանի վարպետության շարունակությունն է: Նույնը կատարվում է արտասահմանումՙ հատկապես Ֆրանսիայում, որը անվանում են մելեդեկլամացիա: Ես կարծում եմ, որ ասմունքը համարել ԽՍՀՄ-ի ծնունդ, սխալ կարծիք է: Բայց մենք հաճախ ականատես ենք եղել շնորհալի, ինքնուս ասմունքողների, որոնք կարողանում են խորանալ գրական նյութի մեջ, նրա ասելիքի, ժանրի, մեկնաբանության, խոսքի պատկերավորության, տրամադրության եւ տրաբանության:
Հակոբ Գույումճյանը, ով մասնագիտությամբ ճարտարապետ է, իսկ ճարտարապետությունը նույնպես բարդ դասական արվեստ է եւ կապված է մեծ երեւակայության, նկարչության եւ մանրանկարչության հետ: Չէ՞ որ ճարտարապետությունը քարացած երաժշտություն է կամ ինչպես ասում ենՙ քարե սիմֆոնիա:
Նրա ծրագիրը ընդգրկում է մեր դասական գրողների ընտրանինՙ Սայաթ-Նովա, Չարենց, Սեւակ, Թեքեյան, Սահյան, Դավթյան, Կապուտիկյան, Դավոյան: Ասմունքողը ունի խոսքի տրամաբանություն, պատկերավորություն, յուրաքանչյուր բանաստեղծության հոգեբանության ճիշտ տրամադրության զգացողություն: Զգացմունքների մեջ կա չափի զգացում եւ հանդիսատեսի հետ անմիջական շփում, հաճելի ձայնի տեմբր, արտիստիկ ու բարետես արտաքին: Պատահական չէ, որ մեր լավագույն եւ խստապահանջ ակադեմիկոս, թատերագետ Լեւոն Հախվերդյանը շատ բարձր է գնահատել Հակոբ Գույումճյանի ասմունքի արվեստը:
Ես կարծում եմ, որ լավ կլինի, որ մեր Մշակույթի նախարարությունը, Սփյուռքի նախարարությունը, ելնելով Սիրիայում եւ Լիբանանում ստեղծված ծանր իրավիճակից, հաճախակի հրավիրեն հայրենիք սփյուռքահայ անվանի մտավորականների եւ գիտնականների, որոնք կարիք ունեն հայրենիքի բարոյական եւ նյութական աջակցության:
ՀՐԱՉՅԱ ԱՇՈՒՂՅԱՆ, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր
Տպավորություններ
Հարգանքի ու խոնարհումի խոսքեր պատվարժան պարոն Գույումճյանին հազվագյուտ արժեքավոր երեկո վայելելու համար:
Ընտիր խաղացանկ, մարդու մտքի, սրտի հետ խոսելու... ճաշակ, չափի զգացում...
Զարմանալի է, այդքան մեղմ, աննկատ... բայց նկատելի...
Կարդացողը հասկանում էՙ ինչ է ասում, ինչի մասին է խոսում, հետեւաբար դահլիճն էլ է հասկանում...
Այսքան մեղմ, առանց դահլիճին «սպառնալու», առանց «վախեցնելու»...
Հարգելի Գույումճյան, Ձեր շնորհիվ ավելի սիրվեցին Չարենցը, Սեւակը, Թեքեյանը...
Նորանոր հաջողությունների մաղթանքով
ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր