Տարբեր քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը հայտարարել է, որ ներկայումս ինքն ազատ է եւ իր թիմը մենամարտեր կազմակերպելու տարբերակներ է մշակում: Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն իր վերջին մենամարտն անցկացրել է այս տարվա սեպտեմբերի 29-ինՙ 10-ռաունդանոց մենամարտում միավորներով հաղթելով պուերտոռիկացի Լուիս Օռլանդո դել Վալեին: Նա նվաճել էր NABF-ի վարկածով չեմպիոնի տիտղոսը:
36-ամյա Վախթանգը գերադասում է առաջիկայում մենամարտել առաջին կիսամիջինքաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Նոնիտո Դոների կամ էլ նույն քաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Աբներ Մարեսի հետ:
«Աբները լավ է գիտակցում, որ 2010-ին կայացած մենամարտում ինձ չի հաղթել: Նա գոտկատեղից ներքեւ հարվածներով աշխարհի չեմպիոնն է: Այդ ինչպե՞ս պատահեց, որ Ագբեկոյին թույլատրեցին ռեւանշ-մենամարտ անցկացնելու գոտկատեղից ներքեւ հարվածներ ստանալու համար, իսկ ինձ, որ ավելի շատ էի տուժել նման արգելված հարվածներից Մարեսի հետ մենամարտում, ռեւանշի հասնելու հնարավորություն չընձեռեցին: Հասկանում եմ, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտը բիզնես է, սակայն եթե բռնցքամարտիկն արգելված հնարքների «զոհ» է դառնում, ապա պետք է պատժել նրան, որն այդ արարքը թույլ է տվել: Այդ մենամարտում Մարեսը պետք է որակազրկվեր: Իսկ այժմ նա ցանկանում է մենամարտել Դոների հետ: Առաջարկում եմ, որ նա ինձ հետ մենամարտի: Նա լավ գիտի, որ եթե կրկին իմ դեմ ռինգ դուրս գա, այլեւս չի կարող գոտկատեղից ներքեւ հարվածներ հասցնել», նշել է Դարչինյանը:
Հիշեցնենք, որ ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ մենամարտը կայացել է դեռեւս 2007-ին թեթեւագույնքաշային կարգում եւ ավարտվել Դարչինյանի պարտությամբ: 2 բռնցքամարտիկներն էլ տեղափոխվել են ավելի ծանր քաշային կարգ, սակայն մինչ օրս նրանց ռեւանշ-մենամարտը չի կայացել: Այս առնչությամբ Վախթանգը հետեւյալն է նշել. «Ինչ վերաբերում է Արսեի հետ նրա մենամարտին, ապա վերջինս արժանի չէ չեմպիոնի տիտղոսը վիճարկելու, քանի որ ես նրան ռինգում պարզապես ոչնչացրել եմ: Նոնիտոն պետք է ինձ հետ մենամարտի: Նա լավ բռնցքամարտիկ է, սակայն հանդիսականները ցանկանում են հետաքրքրական մենամարտերի ականատես լինել: Պատրաստ եմ Նոնիտոյի հետ մենամարտել որտեղ եւ երբ նա ցանկանա»:
Վախթանգ Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում 44 մենամարտ է անցկացրել, որից 38-ում հաղթել է, 5-ում պարտվել, մեկն ավարտել է ոչ-ոքի: Նոնիտո Դոները 31 մենամարտերից միայն մեկում է պարտվել: