«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2012-11-21 | #208, 2012-11-22 | #209, 2012-11-23


ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՄԻ ԼԱՎ ՄՏԱԾԵՔ, ՊԱՐՈՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ծառուկյանամետ կայքերը փոքր դոզաներով, որքան որ պետք է` արտահոսք են անում. մեկ թե` ԲՀԿ նախագահը որոշում է կայացրել, բայց իր ժամանակին կասի, մեկ թե` ԲՀԿ քաղխորհրդի հերթական փակ նիստն է եղել անկեղծ մթնոլորտում, ու Ծառուկյանի ուզած բաց խոսակցությունը ստացվել է: Խոսակցության մաս է կազմել այն, որ քաղխորհրդի անդամները պատմել են, թե ժողովուրդը լսել չի ուզում գործող նախագահի անունը, իսկ իրենք, ԲՀԿ-ականները, իբր, պատրաստ են ամենակոշտ պայքարի, քանի որ առաջիկայում ոչ թե ընտրություն է, այլ ժողովրդի լինել-չլինելու հարց: Ու բոլորը հակված են, որ Ծառուկյանն առաջադրվի:

Ծառուկյանն էլ իբր ասել է, որ անձնական որեւէ խնդիր չի դրել ու չի դնելու, անձնական շահ չի հետապնդում, ու նաեւ` որպես անձ բոլոր խնդիրները իշխանության հետ այս կամ այն ձեւով կարող է լուծել: Բայց տեսնում է քայքայվող երկիր, արտագաղթող ժողովուրդ, խեղդող անարդարություն, համատարած կոռուպցիա, ահագնացող չքավորություն: Ու քանի որ տեսնում է` չի կարող այս ամենի հանդեպ անտարբեր լինել, սա է իր միակ խնդիրը:

Իսկ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ ասել է, թե ԲՀԿ-ի որոշումը կընդունվի առաջիկայում նախատեսված ժամկետներում:

Ի՞նչ մտածես այս ամեն մասին: Ծառուկյանի շուրջը եղած «անկեղծ մթնոլորտի» մասին ենք մտածում, այնտեղ եղող դեմքերը հիշում մեկիկ-մեկիկ: Ու որպես ներքաղաքական լրագրության հնաբնակ` իրավունք վերապահում մեզ մեր դիտարկումներն անել` ուղղված միայն ու միայն ԲՀԿ առաջնորդին, որպես նրա լավը կամեցող: Լինելով այն մարդկանցից, ով հարկ չունի դիմելու այս կամ այն գրավոր աղբյուրին` հիշելու համար, թե քաղաքական գործիչներից ով երբ ի՞նչ էր ասում, ով երբ ո՞ւմ էր պաշտպանում, ով երբ ի՞նչ կուսակցություն է փոխել, ու հիմա էլ տանջվելով այն բանից, որ այդ բոլորը ամեն օր դժժում-վժժում է գլխներումս ու չի թողնում հանգիստ ապրել, անտարբեր նայել տարիներ տեղի ունեցող անհեթեթություններին, որոնց մերոնք երբեմն քաղաքական գործընթաց են անվանում, հանգիստ եմ այն առումով, որ պրն Ծառուկյանը կասկածի իմ անկեղծությանը:

Իսկ իմ անկեղծությունն էլ բոլորովին էլ շատ ԲՀԿ-ականների անկեղծությանը համարժեք չէ, որտեղ (բացի Վարդան Օսկանյանից ու Նաիրա Զոհրաբյանից` սա էլ համարեք նախկինում նրա լրագրող լինելու հետ կապված մասնագիտական համերաշխության նշան) չեմ գտնում իրական քաղաքական կամ անկեղծ ու նախկինում այլ ուժերի հետ չսիրաբանած դեմք, գումարած, որ Ծառուկյանը, համեմատած այլ ծիածանների տակով բազմաթիվ անգամ անցածների, քաղաքական մեծ փորձառություն, այնուամենայնիվ, չունի: Այդ առումով թույլ ենք տալիս մեզ դիտարկել. քանի որ իր որոշման բեռը (անկախ նրանիցՙ ինքն է առաջադրվելու կամ պաշտպանելու գործող նախագահին) նախ ինքն է կրելու, իսկ հետեւանքըՙ ժողովուրդը, այդ թվում` մենք, այսինքն իր կուսակիցների նման որեւէ կողմ չհանդիսացող եւ որեւէ նյութական կամ այլ շարժառիթով չշահագրգռված անձինք, պարոն Ծառուկյանը թող չընկնի իր կուսակիցների` իրեն ուղղված դիֆերամբների ազդեցության տակ, դիֆերամբների հեղինակները բեռ կրող չեն, ի՛նքն է կրելու, ու որոշում կայացնելիս թող գնա մի անմարդաբնակ կղզի (հարաբերական անմարդաբնակ), առանց իր կուսակիցների ու ամեն օր հայերենի բոլոր գերադրական աստիճան ունեցող բառերն օգտագործող կողմնակիցների: Ոչ մի հեռախոս չվերցնի, մի երկու օր լավ մտածի` առանց ազդեցությունների: 10-11 չափի ու էլի չկտրի, մի քանի անգամ էլ 10-11 չափի: Մտածի մեր աշխարհաքաղաքական կացության, երկրի ու նրա մարդկանց ճակատագրի, այդ բոլոր հարցերին իր ու միայն իր կողմից լուծումներ առաջարկելու հնարավորության, իր շուրջը եղածների մասնագիտական որակների, վերջում էլ, այնուամենայնիվ, իր բիզնեսի մասին: Ու այդ բոլորից հետո, առանց ականջ շոյող դիֆերամբներից ազդվելու, առանց լսելու սովորաբար խոսող, բայց պատասխանատվություն չկրող մարդկանց բառուբանը, ճիշտ որոշում կկայացնի: Ինչ որոշում էլ լինի կայացրածը: Ընդամենն այսքանն էինք ուզում ասել:

Սահուն անցնելով խիստ քաղաքագիտական վերլուծությունների հակված մեր լրագրողամերձների ոճին` դառնանք ու անդրադառնանք երեկ ասուլիսած հայտնի էքստրեմալ Աշոտ Մանուչարյանին, որը բոլորովին էլ չի խոսում Ծառուկյանի շուրջը եղած «անկեղծ» մթնոլորտից, այլ իր եւ իր հետեւում կանգնածների սիրած թեմայից` դրսի ազդեցություններից, թե ի դեմս գործող նախագահի եւ Ծառուկյանի` բախվում են արտաքին` Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերը, ու ճիշտ բանաձեւը չգտնելու դեպքում Հայաստանը ծայրագույն վիճակում կհայտնվի: Նա գտել էր նաեւ, թե ԲՀԿ-ի եւ ընդդիմադիր կուսակցությունների համախմբվելու գործում մեծ դեր ունի Ռուսաստանը, որն ընդդեմ Արեւմուտքից հովանավորվող ՀՀԿ-ի հակակշիռ բեւեռ է ստեղծում` բալանսավորելով Հայաստանի ներքաղաքականությունը եւ ունենալու համար վստահելի պարտնյոր-Հայաստան ապագայում: Եվ դեռ, պատկերացրեք, Մոսկվան է ընտրելու` ԲՀԿ-ից նախագահի թեկնածու լինի, թե՞ ՀԱԿ-ից: Ու անգամ զգուշացնում է ներքին ցնցումներից: Ու հիմա էլ 88-ի նման պետք է ոտքի կանգնի ժողովուրդն ու իր խոսքն ասի` ինչ դեժավյուի հավես ունի նախկին ղարաբաղկոմիտեականը: Ահա այսպես:

Մյուս կողմից` երբ Հայաստանի քաղաքական դաշտի խաղացողները, չնայած պետության ամենակարեւոր իրադարձությունը քթի տակ է` բազմանշանակ լռում են, ժողովուրդն էլ այս բոլորին նայում կարծես մի ներկայացման, ինչ էքստրեմալ ինչ ասես կխոսի, էլի` աշխարհաքաղաքակա՜ն...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4