«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2012-11-21 | #208, 2012-11-22 | #209, 2012-11-23


«ՀՅՈՒՐԸՆԿԱԼ» ԱԴՐԲԵՋԱՆ.ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Երեկ Բաքվում լրագրողների հետ շփվել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ղարաբաղյան խնդրի պատճառ նա համարել է Ադրբեջանի ագրեսիան ԼՂ բնակչության դեմ, չի ընդունել «օկուպացիա» տերմինը` ասելով, թե այդ տրամաբանությամբ հայկական տարածքների մեծ մասը օկուպացված է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, կոչ է արել հարգել միմյանց մշակութային ժառանգությունը, ասել է, որ ԼՂ ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, եւ հույս հայտնել, որ կայցելի Բաքվի հայկական եկեղեցի, կհանդիպի հայերի, որոնք, ցավոք, Բաքվում քիչ են մնացել:

Հայ քաղաքական գործչի գնահատականները եւ բնութագրումները հարուցել են ադրբեջանական մամուլի տարակուսանքը, դժգոհությունը եւ զայրույթը: Vesti.az-ը չի բացառել, որ «Հովհաննիսյանի նման մարդու հետ Բաքվում ինչ ասես կարող է պատահել, քանի որ նա, գտնվելով Ադրբեջանի մայրաքաղաքում, շարունակում է առաջ տանել իր գիծը, այն է` հասնել Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնատմանը»: Ադրբեջանական լրատվամիջոցն, ընդսմին, չի զլացել մի քանի խոսք եւս ասել «հայերի կողմից հյուրընկալի հանդեպ ավանդական լկտիության» եւ այլնի մասին:

Ցանկանանք, որ Բաքվում ոչ միայն պարոն Հովհաննիսյանի, այլեւ մյուս բոլոր հյուրերի հետ ոչինչ ցավալի չպատահի: Պարզապես ապշեցնում է «հյուրընկալության» ադրբեջանական ընկալումը. եթե մարդ գտնվում է հյուրի կարգավիճակում, ապա սեփական տեսակետ ունենալ չի կարող: Դա է ադրբեջանական լրատվամիջոցի ասածը: Ադրբեջանական կողմը, սակայն, մոռանում է, որ ոչ միայն հյուր է ընդունում, այլեւ ինքն էլ հյուր է գնում: Այդ թվում` Հայաստան եւ Արցախ:

Ի՞նչ կարժենար հյուրասիրությունը, եթե Ստեփանակերտում դեսպան Բյուլբյուլ-օղլուից ակնկալեին ԼՂՀ անկախությունը ողջունող միտք եւ նրա այցի մասին խոսեին ըստ այդմ: Կամ, տրամաբանակա՞ն է սպասել, որ Երեւան այցելած ադրբեջանցի պաշտոնյան ԼՂ խնդրի շուրջը խոսի այնպես, ինչպես պահանջում է հյուրի նրա կարգավիճակը:

Կարելի է ափսոսալ, թե ինչու իշխող «Ենի Ազարբայջանը» Բաքու է հրավիրել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչպես եւ վարվել է vesti.az-ը, դա իրենց ներքին խնդիրն է: Բայց հուսալ, թե հյուր լինելու հանգամանքը որեւէ մեկին պիտի պարտադրի իր ազգային-պետական խնդիրներից խոսելիս տուրք տալ «ավանդապաշտությանը»` կամ միամտություն է, կամ ուղղակի զառանցանք:

Հակված ենք կարծելու, որ ադրբեջանական կողմում միամիտները չեն տեղեկատվական քաղաքականություն որոշում: Եվ, այդուհանդերձ, չեն կարողացել հրապարակ չհանել իրենց ներսի թույնը, ընդդիմախոսին լսելու չկամությունը, «հարեւանության եւ բարիդրացիության» ընկալումները, որ դրսեւորվել են այսպես. «Ինչո՞ւ պիտի Լեռնային Ղարաբաղում հայերը իդենտիֆիկանան, եթե մի անգամ նրանք դա արել են Հայաստանում»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4