Քանի որ դա ձեռք է բերվել նախագահ Մուրսիի ջանքերով, ուստի Եգիպտոսը դրանով վերահաստատեց իր առաջատար դիրքը տարածաշրջանում
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Գազայի վրա Իսրայելիՙ նոյեմբերի 14-ին ձեռնարկած հարձակման 8-րդ օրըՙ նոյեմբերի 21-ին, իսրայելական կողմը հրադադար հաստատեց Պաղեստինի իսլամական դիմադրության շարժմանՙ «Համասի» հետ: Հրադադարը ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 21:00-ին, որի տեքստը հրապարակեց Եգիպտոսի նախագահի գրասենյակը:
Ըստ հրապարակված տեքստի, Իսրայելը դադարեցնում է Գազայի հատվածի վրա ցամաքից, ծովից եւ օդից ձեռնարկվող հարձակումները, հրաժարվում պաղեստինցի գործիչների դեմ հաշվեհարդարից, փոխարենը պաղեստինյան խմբավորումները զերծ են մնում Իսրայելը հրթիռակոծելուց եւ վերջ են տալիս սահմանամերձ շրջաններում իրականացվող զինյալ գործողություններին:
Միաժամանակ, կողմերը հրադադարի հաստատումից 24 ժամ հետո, այսինքնՙ այսօր երեկոյան, բանակցությունների սեղանի շուրջը քննարկում են Իսրայել-Գազա սահմանին բոլոր անցակետերի բացմանը, մարդկանց եւ ապրանքների ազատ ելումուտին, սահմանամերձ շրջանների բնակչության դեմ ոտնձգությունների դադարեցմանն առնչվող խնդիրները:
Հրադադարի պայմանները հարգելու հարցում կողմերը պատասխանատու են լինելու Եգիպտոսի առջեւ, իսկ խախտման դեպքում իրազեկելու են եգիպտական կողմին, որ միջնորդի: Հրադադարի տեքստի Եգիպտոսում տարածումն ու պայմանների նույնիսկ ոչ լրիվ թվարկումը միանգամայն բավարար են դրա հաստատման հետ, նաեւ պահպանումը Մուհամմեդ Մուրսիի նախաձեռնությամբ պայմանավորելու համար:
Դրանում Եգիպտոսի նախագահին անվերապահորեն աջակցել են «Մուսուլման եղբայրների» քաղաքական կազմակերպությունըՙ երկրում իշխող «Ազատություն եւ արդարություն» կուսակցությունն ու Իսլամական ջիհադ շարժումը: Շնորհիվ նախագահ Մուրսիի, Եգիպտոսը վերահաստատեց իր առաջատար դիրքը տարածաշրջանում: Նրա առանցքային դերը, բացի տարածաշրջանային երկրներից, ընդունեցին նաեւ Իսրայելը, եւ վերջինի Գազայի դեմ հարձակումները անվերապահորեն պաշտպանող ԱՄՆ-ն ու ԵՄ-ը: Իսկ «Համասը» Եգիպտոսին ճանաչեց որպես գլխավոր ապավենի ոչ միայն Գազայի հատվածի, այլեւ ողջ Պաղեստինի ու պաղեստինցիների համար:
Այս հանգամանքը Կահիրեում զինադադարի հաստատումից հետո Իսլամական ջիհադ շարժման գլխավոր քարտուղար Ռամազան Շալլահի հետ կազմակերպած մամուլի ասուլիսում ընդգծեց «Համասի» քաղբյուրոյի ղեկավար Խալեդ Մաշալը, երախտագիտություն հայտնելով Եգիպտոսի նախագահին: Մաշալն ասաց. «Ութօրյա հարձակումներում Իսրայելը պարտվել է: Հարձակումներից ութ օր հետո նա ստիպված ենթարկվել է պաղեստինյան խմբավորումների պահանջներին: Հաղթել է պաղեստինյան դիմադրությունը: Դա ձեռք է բերվել զենքի ուժով: Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում մեզ զենք տրամադրող Իրանին: Հուսամ, որ իսլամական երկրները նույնպես կըմբռնեն զենքի նշանակությունը դիմադրության համար: Փառք Տիրոջը, որ հրթիռները ճիշտ ժամանակին հասան: Մենք կհարգենք զինադադարը, քանի դեռ Իսրայելը չի խախտել: Հրադադարը ձեռք է բերվել Եգիպտոսի մեծարգո նախագահ Մուրսիի ջանքերով: Երախտապարտ ենք նրան: Այդ ուղղությամբ գործադրած ջանքերի համար շնորհակալություն ենք հայտնում նաեւ Թուրքիայի վարչապետ Էրդողանին»:
Ըստ երեւույթին, բացի Մաշալից, Եգիպտոսի նախագահին երախտապարտ է նաեւ Գազայի բնակչությունը, որ նախքան զինադադարըՙ նոյեմբերի 20-ին Արաբական լիգայի արտգործնախարարների այցելության ընթացքում, որոնց կազմում էր նաեւ Ահմեդ Դավութօղլուն, Մուհամմեդ Մուրսիին Գազայում տեսնելու ցանկություն էր հայտնել:
Համենայն դեպս, հրադադարի առնչությամբ մոտավորապես Մաշալի հետ նույն ժամին Երուսաղեմում պաշտպանության նախարար Եհուդ Բարաքի եւ արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի հետ մամուլի ասուլիս տվեց նաեւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն: Նա զինադադարը համարեց Իսրայելի համար ամենաընդունելի տարբերակ, Գազայի ձեռնարկված հարձակումները որակեց իբրեւ վերջին ամիսներին անշեղորեն աճող ահաբեկչական գործողությունների պատասխանը եւ ավելացրեց. «Մենք գիտենք, որ մեր քաղաքացիները ավելի ուժեղ հարձակում են ակնկալում: Սակայն ներկա պահին Իսրայելի համար թերեւս միակ ճիշտ քայլը զինադադարի եզրեր որոնելն է»:
Նրան լրացրել է Եհուդ Բարաքը. «Գազայի դեմ ձառնարկված գործողություններում մենք լիակատար հասել ենք նպատակին: Միանգամայն հավանական է, որ «Համասը» խախտի հրադադարի պայմանները»: Այլ կերպ, հաստատված հրադադարը ավելի քան հեղհեղուկ է: Դրա ընթացքը, ըստ ամենայնի, կանխորոշելու են հրադադարից 24 ժամ հետո նախատեսվող Իսրայել-«Համաս» բանակցությունները:
Համենայն դեպս, հրադադարի հաստատման հայտարարությունից առաջ Իսրայելը Գազայում հարվածել էր 50 նշանակետի, հետո էլՙ Գազայից հրթիռակոծվել էին Իսրայելի հարավային շրջանները: Սակայն ինչ էլ որ լինի բանակցությունների ընթացքում, հրադադարը միանշանակ պարտադրվել է Իսրայելին, իսկ պարտադրումը «Համասի» հաղթանակն է, որի մասին աներկբա խոստովանել է «Կադիմա» կուսակցության առաջնորդ Շաուլ Մոֆազը. «Այս փուլում հաղթողը «Համասն» է, Իսրայելը պարտվեց»:
Խնդիրը, սակայն, սոսկ հաղթանակը չէ, այլ շնորհիվ դրա Պաղեստինի ազատագրության կազմակերպության մեջ «Համասի» դիրքերի աննախադեպ ամրապնդումը: Քանի որ հաղթանակը ձեռք է բերվել Եգիպտոսի նախագահ Մուրսիի ջանքերով, ուստի Եգիպտոսը տարածաշրջանում նախաձեռնությանը տիրելուց զատ, դարձավ առաջնորդող երկիր, եւ այդ փաստն ընդունեցին ինչպես տարածաշրջանային երկրները, այնպես էլ Իսրայելը, ԱՄՆ-ն ու ԵՄ-ը: