Ո՞րն է աշխատանքի պետական տեսչության գոյության իմաստը
Ծանոթանալով Երեւանի բնակիչ, «Երեւան ջուր» ընկերության նախկին աշխատակից Վրեժ Աթաբեկյանի պատմությանըՙ ակամա եզրակացության ես գալիս, որ դա ոչ այլ ինչ է, քան աշխատանքային դաժան շահագործում` թրաֆիկինգ, հակառակ մեր պատկերացումներին, թե նման երեւույթ լինում է այլ երկրներում եւ ոչ Հայաստանում: Մինչդեռ կատարվածին այլ բնորոշում տալը դժվար է, եւ ողջ գործընթացը տեղի է ունեցել նույն ձեւով, ինչ սովորաբար տեղի է ունենում: Նախ, «Երեւան ջրի» հետ աշխատանքային պայամանագիր կնքելիս, որպես աշխատաժամանակ արձանագրվել է 9.00-ից մինչեւ 18.00-ն, բայց ընկերությունում հունվար ամսին տեղի ունեցած ժողովի ժամանակ եւ հետագայում առաջարկվել է կատարել արտաժամյա աշխատանք եւ բանավոր խոստում տրվել առանձին վճարելու դրա դիմաց:
Որ բանավոր համաձայնությունները կատարված աշխատանքի դիմաց մեզ մոտ տարածված են, նորույթ չէ: Այս դեպքում չնայած պայմանագիր կնքվել է, բայց ընկերության վերոնշյալ մասնաճյուղի ղեկավարությունը գնացել է խորամանկության, արտաժամյա աշխատանքի վարձատրության մասին աշխատանքային պայմանագրի մեջ չընդգրկելով: Այսինքն, ավելի պարզ եւ հասկանալի լեզվով ասած, պարզապես «գցել» է Վրեժ Աթաբեկյանին եւ աշխատանքային բրիգադի նրա գործընկերներին` աշխատեցնելով նրանց օրական 10-12 ժամ, վճարելով միայն 8 ժամ աշխատանքի դիմաց: Իսկ թե ո՞ւր են գնացել դրա համար նախատեսված գումարներըՙ կարելի է միայն ենթադրել:
Վրեժ Աթաբեկյանը եւ «Երեւան ջուր» ընկերության մի քանի այլ աշխատակիցներ 6-7 ամիս շարունակ արտաժամյա գիշերային աշխատանքներ են իրականացրել, բայց դրա դիմաց որեւէ վարձատրություն չեն ստացել: Անցյալ տարվա փետրվարից մինչեւ օգոստոս «Երեւան ջուր» ընկերության Շենգավիթ մասնաճյուղի գլխավոր ինժեների հանձնարարությամբ նրանք իրականացրել են Շենգավիթի շրջանի Նորագավիթի 10-րդ փողոցի, Սողոմոն Տարոնցու, Շիրակի, Շարուրի, Արարատյան, Չեխովի, Արտաշիսյան, Արին-բերդի փողոցների ջրագծերի անցկացման, տարբեր տրամաչափի փականների տեղադրման, նոր դիտահորերի, Արցախի փողոցի «Վստրեչի կամրջի» տակ գտնվող վերգետնյա նոր ջրագծի կառուցման աշխատանքները: Սակայն Երեւանի ջրամատակարար ընկերությունը հրաժարվել է վճարել այդ աշխատանքների կատարման դիմաց:
«Երեւան ջրի» արդեն նախկին աշխատակիցը ունի բավականին հիմնավոր փաստարկներ, որոնք անուղղակի կարող են ապացուցել, որ այդ աշխատանքները կատարվել են, դրանք կատարել է հենց այն բրիգադը, որի մեջ ընդգրկված է եղել ինքը: Նա պահանջում է համապատասխան պաշտոնյաների ներկայությամբ հարցում կատարել բրիգադի բոլոր անդամներին, հիմնարկի դարպասները բացող եւ փակող պահակներինՙ պարզելու համար, թե իրենց բրիգադը երբ է վերադարձել աշխատանքից, «Գավիթ» համատիրության նախագահին, այդ տարածքների շենքերի բնակիչներին, որոնք գիշերային ժամերին թեյ են տվել իրենց բակում աշխատանքներ իրականացնող բանվորներին, առաջարկում է պարզել Շենգավիթի ջրամբարներում ջրի կանգառների թիվը, դրանց պատճառները, օգտվելով ջրամբարի գրանցամատյաններից, պարզել, թե ինչպես է կատարվել դիտահորերի եւ ջրագծերի կառուցումը, ով է հանդիսացել այդ փողոցներում աշխատանքները կատարող կազմակերպությունը եւ կատարողական ակտերում կա՞ն այդ բրգադի աշխատողներին աշխատանքների դիմաց վճարման մասին տվյալները: Վրեժ Աթաբեկյանը առաջարկում է աշխատանքների իրականացման վայրում դիտարկում անցկացնել, եւ ինքը ցույց կտա, թե որ հատվածում ինչ սարքարվորումներ եւ փականներ են տեղադրված, որոնք տեղադրել են ինքն ու իր գործընկերները:
Մի խոսքով, անուղղակի ապացույցների պակաս չկա, եւ թվում է, թե այս դեպքը պետք է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի տեսչության հետեւողական քննության առարկա դառնար: Մինչդեռ, պետբյուջեից աշխատավարձ ստացող եւ աշխատավորների շահերի պաշտպանության կոչված այս կառույցը, մեղմ ասած, ձեռքերը լվացել է, հրաժարվելով կատարել այն, ինչի համար ստեղծված է: Չինովնիկական ուղեղները կամ ի վիճակի չեն եղել, կամ, որ ավելի հավանական է, չեն ցանկացել խորամուխ լինել հարցի էության մեջ եւ դիտարկել Վրեժ Աթաբեկյանի բերած փաստարկները, դրանք որակելով որպես ապացուցողական նշանակություն չունեցող: Եթե նման դեպքերում տեսչությունը չի պաշտպանում աշխատողների իրավունքները, ապա ո՞րն է նրա գոյության իմաստն ընդհանրապես:
«Երեւան ջրի» նախկին աշխատակիցը դիմել է երկրի նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանինՙ ներկայացնելով իր խնդիրը, պատմելով իր խախտված աշխատանքային իրավունքների մասին: Սակայն նախագահի աշխատակազմից եւ կառավարությունից նրա դիմումներն ու նամակները հասցեագրվում են այն մարմնին, որից նա բողոքում է` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը: Ըստ Վրեժ Աթաբեկյանիՙ միայն մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում են փորձում օգտակար լինել իրեն: Ամեն դեպքում, նա հույսը չի կորցնում, որ կվերականգնվեն իր օրինական իրավունքները, եւ շարունակելու է պայքարել դրա համար:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ