3,5 տոկոսՙ առեւտրով, 5 տոկոս` արտադրությամբ զբաղվողների եւ ծառայություններ մատուցողների համար
Կառավարությունը երեկ հաստատեց հարկային փոփոխությունների վերաբերող մի ամբողջ փաթեթ, որն օրենսդրական փոփոխություններ է նախատեսում շուրջ 2 տասնյակ օրենքներում: Դրանք կառավարության նիստում, ապա նաեւ նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Ըստ նախարարիՙ այս փոփոխությունները քննարկվել են փոքր ու միջին, խոշոր բիզնեսի ներկայացուցիչների, պատգամավորների հետ եւ նպատակ ունեն բարելավել գործարար մթնոլորտը եւ ապահովել տնտեսության համար դյուրին միջավայր: Միաժամանակ, կան նաեւ որոշ խստացումներ, որոնք ուղղված կլինեն ստվերի դեմ:
Ֆինանսների նախարարն ասաց, որ հարկային փոփոխությունները չեզոք ազդեցություն կունենան բյուջեի համար: Նա ընդգծեց, որ հիմնական փոփոխությունն առնչվում է փոքր եւ միջին ձեռնարկությունների համար նոր հարկատեսակի` շրջանառության հարկի ներմուծմանը: Այն նախատեսվում է կիրառել տարեկան 58,35 մլն դրամից ցածր շրջանառություն ունեցողների նկատմամբ, որոնք այժմ գտնվում են պարզեցված շահութահարկի դաշտում եւ ցանկություն կունենան անցնելու նոր հարկատեսակին: Նրանք, ովքեր նման ցանկություն չեն ունենա, կմնան նախկին հարկման դաշտում:
Վաչե Գաբրիելյանի ներկայացմամբՙ նոր հարկատեսակի ներմուծմամբ տարեկան ներկայացվող հաշվետվությունների քանակը կնվազի 12-ով, ինչպես նաեւ կվերանա որպես շահութահարկի կանխավճար տնտեսվարողներից գանձվող հասույթի 1 տոկոս գումարը: Այսինքն, շահութահարկի տարեկան հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտություն այլեւս չի լինի: Այս մասին, պատասխանելով «Ազգի» հարցին, տեղեկացրեց ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը :
Մեր մյուս հարցին, թե շրջանառության հարկին անցնելը վտանգ չի՞ պարունակում, որ կկրկնվեն մի քանի տարի առաջ գործող պարզեցված հարկի չարաշահումները, երբ խոշոր տնտեսվարողները մտնում էին այդ հարկման դաշտ, Սուրեն Կարայանը պատասխանեց, որ այդ ռիսկը բացառվել է փոխկապակցված անձանց համակարգի կայացմամբ: Ինչ վերաբերում է մեր այն հարցին, թե որքա՞ն կլինի տարեկան շրջանառության հարկը, Սուրեն Կարայանը պատասխանեց` առեւտրային գործունեություն իրականացնողների համար` 3,5 տոկոս, արտադրության եւ ծառայություններ մատուցողների համար` 5 տոկոս: Համադրելով հարկման այս տոկոսները պարզեցված շահութահարկի դեպքում վճարվող գումարների հետՙ ֆինանսների փոխնախարարը հավաստիացրեց, որ նոր հարկման դեպքում վճարվող հարկի տոկոսը փոքր-ինչ ավելի ցածր, այսինքնՙ թեթեւ կլինի հարկատուի համար:
Հարկային փոփոխություններից հիշատակենք նաեւ ակցիզային հարկի փոփոխությունները, համաձայն որոնց կնվազեն տեղական գինեգործական ընկերությունների համար այս հարկի դրույքաչափը, քսայուղերը կներառվեն ակցիզային հարկման դաշտում, բացառությամբ արդյունաբերության համար անհրաժեշտ քսայուղերի:
Ֆինանսների նախարար Վաչե Գարբրիելյանը հայտնեց, որ այս փոփոխությունները ուժի մեջ կմտնեն այն պահից, երբ դրանք ընդունվեն Ազգային ժողովում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ