Հարգելի պարոնայք
Բոլորիդ քաջ հայտնի է, որ տարեցտարի մեծ տոկոսներով բարձրանում են բոլոր տեսակի սննդամթերքների գները եւ կոմունալ ծառայությունների սակագները: Դրա հետ մեկտեղ մեզ զարմացնում է վերադաս պատկան մարմիններիՙ անտարբեր վերաբերմունքը հանրապետության կես միլիոնից ավելի թոշակառուների նկատմամբ, երբ նրանց հիմնական մասը գտնվում է աղքատության մեջ:
Եթե չենք ուզում որոշ չափով ապահովել այդ վաստակաշատ մարդկանց վիճակը, գոնե ամեն տարի փոխհատուցեք գնաճը:
Զարմանալի է նաեւ, որ «Իրավունք» թերթում 2013 թ. բյուջեի մասին իր հարցազրույցում խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշում է. «Սոցիալական ապահովության բնագավառում նույնիսկ հատկացումների նվազում կա, երբ, ասենք, թոշակների որեւէ նվազում չկա»:
Հարգելի թոշակառուներ, մնում է շնորհակալություն հայտնել մեր կառավարությանը եւ Ազգային ժողովին, որ ֆիզիոլոգիական նվազագույն նորմայով նախատեսված 53.000 դրամից նույնիսկ 25-30 տոկոս պակաս նշանակված թոշակները չեն պակասեցնում:
Լավ է, որ վերջին ժամանակներս բյուջետային միջոցներով չարաշահումների, թալանի մասին խոսվում է պետական ամենաբարձր ատյաններից, մատնանշելով մի շարք որոշակի ոլորտներՙ առողջապահություն, շինարարություն, պետգնումներին հատկացվող այլ գումարներ եւ այլն: Վատ է, երբ բյուջետային համատարած թալանին մասնակցած նախարարությունները եւ տարբեր կազմակերպությունները 2013 թ. բյուջեով ստանալու են ոչ թե պակաս, այլ ավելի գումարներ, իսկ սոցիալական ապահովության համար հատկացվող գումարները պակասել են:
Եթե չընդունենք հեղինակավոր միջազգային կառույցների տվյալները, որ Հայաստանի տնտեսության 51,7 տոկոսն է գտնվում ստվերում, այլ ընդունենք ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի ներկայացրած 30-35 տոկոսը, նույնիսկ այս դեպքում Հայաստանի տնտեսությունը կորցնում է հարյուրավոր միլիարդ դրամներ:
Համատարած թալանի, կաշառակերության, կոռուպցիայի վերացման, ինչպես նաեւ տարբեր հանցագործությունների դեմ գործադիր եւ օրենսդիր օրգանների օբյեկտիվ պայքարի պայմաններում միայն կարելի է ունենալ զարգացած, ժողովրդավարական հասարակություն: Ցավոք սրտի, մեր բնակչության 50 տոկոսից ավելին աղքատության մեջ է, բայց հարուստները տարեցտարի ավելի են հարստանում, իսկ աղքատներըՙ ավելի աղքատանում:
ՀՐԱՆՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ, Թոշակառուների հայկական միավորման վարչության նախագահ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, Գործադիր տնօրեն