Նորագույն տեխնիկաները շատ արագ զարգանում են, եւ առաջ անլուծելի թվացող խնդիրներն այսօր շատ հեշտ ու որակյալ լուծումներ են ստանում:
Մեկ տարի առաջ մասնագիտությամբ հոգեբան Մարիամ Դիլբանդյանը ստեղծեց Youandworld.am (դուք եւ աշխարհը) սոցիալական կայքը եւ ինչպես ինքն է ասումՙ հոգեբանությունը բերեց վիրտուալ աշխարհ:
Մարիամը ցանկանալով տեխնոլոգիան օգտագործել ամեն ինչում, որոշեց ստեղծել հայ դասականների ստեղծագործությունների աուդիո գրքերը:
«Մի օր որոշեցի իմ ուժերով իրագործել նպատակս` ստեղծել հայ դասականների ստեղծագործությունների աուդիո գրքերը եւ առաջին ստեղծագործությունը հենց ինքս էլ կարդացի (ձայնագրեցի), որը Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոսն» էր»,- ասաց Մարիամը. «Այսօր շատ ենք օգտագործում օտարալեզու բառեր եւ մեր բառապաշարից դուրս են մնացել գեղեցիկ հայերենը: Աուդիո գրքերը լսելով կարող ենք հուսալ, որ գեղեցիկ հայերենը վերածնունդ կապրի, քանի որ լսելով` մենք մեխանիկորեն վերարտադրում ենք այն»:
Ինչպես Մարիամն ասաց «Ազգին» , իր նպատակն է սփյուռքին եւս հասանելի դարձնել հայ դասականների ստեղծագործությունները, հայալեզու գրքերը: Մարիամի նպատակն է սփյուռքահայերի համար արեւելահայերեն սովորելու հեշտ ճանապարհ հարթել, ինչպես նաեւ կենդանացնել գրագետ եւ գեղեցիկ հայոց լեզուն. «Ըստ իս սփյուռքում աուդիո գրքերի պահանջարկն ավելի մեծ կլինի, քանի որ այնտեղ ամենամեծ խնդիրը հայապահպանությունն է»:
Մարիամը գրքերի ընտրությունը կատարել է ըստ դպրոցում պարտադիր կարդացվող գրականության ցանկի` Ակսել Բակունց, Ալեքսանդր Շիրվանզադե, Նար-Դոս, Մովսես Խորենացի եւ այլք:
Նշենք, որ Մարիամ Դիլբանդյանը օրերս տեղի ունեցած StartUp Cup բիզնես մոդելների մրցույթում իր ArmAudioBooks թիմի հետ միասին գրավել է երկրորդ տեղը, որը որպես բիզնես մոդել ներկայացրել էր` աուդիո գրքերում, աուդիո ուղեցույցներում եւ այլ աուդիո ձայնագրություններում մասնագիտանալու ծրագիր:
Աուդիո գրքերը շուտով կլինեն վաճառքում եւ մոտավորապես կարժենան 1200 դրամ, բայց սա վերջնական գինը չէ:
Այսօր մեր եթերում կիրթ հայերեն շատ քիչ է հնչում, որն էլ իր ազդեցությունն է թողնում հասարակության լեզվամտածողության վրա, արդյունքում ստանում ենք ոչ այդքան լավ պատկեր: Հուսանք, որ աուդիո գրքերի առկայության դեպքում դրական արդյունք կնկատենք, քանի որ տեխնիկան օր օրի զարգանում է, իսկ մենք էլ զերծ չենք մնում զարգացումներից: Այժմ բջջային հեռախոսներով, այփեդներով եւ տարատեսակ տեխնիկաների միջոցով հնարավորություն կունենանք նույնիսկ շարժման ընթացքում լսել հայ դասականների ստեղծագործությունները:
Այսուհանդերձ, խորհուրդ ենք տալիս Մ. Դիլբանդյանին ծրագրում ներառել նաեւ արեւմտահայերենը, որով այնքան հարուստ ու գեղեցիկ ստեղծագործություններ կանՙ միշտ ընթերցվող:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ