«Օրեր» հանդեսի վերջին թողարկումը նվիրված է Երեւանի պետական մանկավարժական համալսարանի հոբելյանինՙ թեմատիկ համապատասխան խորագրովՙ «Խաչատուր Աբովյանի դասերը եւ 90-ամյա մանկավարժական համալսարանը»:
Այս օրերին մանկավարժական համալսարանը հանդիսավորապես նշում է հիմնադրման 90-ամյակը. միաժամանակ հետահայացՙ անցյալի ավանդույթներին ու պատմական փորձին, ջանքեր գործադրում ուսումնական ծրագրերի ու դասավանդման մեթոդների արդիականացման եւ դրանք` ժամանակակից կրթության միջազգային չափանիշներին մոտեցնելու: Եվ իրապես մանկավարժական համալսարանը վերջին տարիներին բարեփոխումների ճանապարհին էՙ կրթօջախը զուտ ուսումնառության վայրից վերածելու նաեւ գիտաուսումնական կենտրոնի, ինչի արդյունավետությունը միջազգային կրթական փորձը վաղուց է հաստատել: «Օրերը» ներկայացնում է այս բարեփոխումների ընթացքըՙ խորհրդանշորեն վերհիշեցնելով հայ նոր գրականության հիմնադիր, աշխարհաբար հայերենի ջատագով, լուսավորչական հայացքների կրող Խաչատուր Աբովյանի պատգամներն ու մայրենի լեզվի մասին նրա հայտնի խոսքերը:
Պատմական ակնարկը սկսվում է համալսարանի հիմնադրման օրվանից, երբ Խորհրդային Հայաստանի կառավարության որոշումով, 1922-ին Երեւանի պետհամալսարանի համանուն ֆակուլտետի հիմքերի վրա ձեւավորվեց բարձրագույն նոր կրթօջախըՙ մանկավարժական ինստիտուտը: Ներկա ռեկտորըՙ Ռուբեն Միրզախանյանը, որ տասնյակ տարիներ եղել է նուն համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դեկանը, քաջատեղյակ կրթարանի ներքին կյանքին, կառուցվածքին եւ ուսումնառության դրվածքին, գործի դրեց իր փորձն ու եռանդըՙ վերափոխելու համալսարանական կրթության ընդհանուր մոտեցումը, գաղափարըՙ սկսած ադմինիստրատիվ մակարդակներից մինչեւ գիտակրթական եղանակներ ու նոր ձեւերի ներդրումներ: Այս մասին է նրա հետ «Օրերի» խմբագրի` Հակոբ Ասատրյանի հարցազրույցը, որտեղ հետաքրքրական դիտարկումներ կան ազգային կրթությանը եւ դրա հետագա զարգացումներին վերաբերող: Այսպես, ռեկտորը համոզված է, որ նոր կրթությունը (նոր դպրոցը) պետք է կայանա խորհրդային եւ ժամանակակից եվրոպական կրթության լավագույն փորձի համատեղումով, մերժելի է համարում հատուկ դպրոցների նախկին կարգավիճակը, համոզված որ նման երեխաները նույնպես պետք է սովորեն հանրակրթական դպրոցներում: Համալսարանում ձեւավորված հատուկ կրթության ֆակուլտետի շրջանավարտները հետագայում պետք է զբաղվեն այսպիսի երեխաների կրթությամբ: Նկատի ունենալով ներկայիս պահանջներըՙ առաջնահերթ է դարձել անկախ մասնագիտությունից օտար լեզվի տիրապետումը: Հետաքրքրական է մեկ ուսուցչի կողմից մի քանի առարկաների դասավանդման պրակտիկայի կիրառումը: Մանկավարժականում, օրինակ, միացվել են մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ֆակուլտետները, ֆիզկուլտուրայի ամբիոնը կոչվում է սպորտի եւ շախմատի:
Հանդեսում անդրադարձ է արված այս հոկտեմբերին Պրահայում տեղի ունեցած Եվրոպայի մանկավարժական համալսարանների ռեկտորների ընկերակցության նիստին, որին Հարավային Կովկասից մասնակցում էր միայն Երեւանի մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռ. Միրզախանյանը. նա ընդգրկվեց հիշյալ ընկերակցության կազմում:
«Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը ներկայացնում է կենտրոնիՙ որպես մանկավարժական համալսարանի ուսումնական ստորաբաժանման, դերն ու նպատակները` հայերենի ուսուցիչների վերապատրաստումներ, գիտամշակութային եւ հրատարակչական (կրթական, հայագիտական, գրական-գեղարվեստական) գործունեություն: Կենտրոնում գործող գրադարան-ընթերցարանը համակարգում է սփյուռքից ստացված պարբերականներն ու նոր գրքերը:
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր, վերլուծաբան, հասարակական գործիչ Հարութ Սասունյանի հետ Հակոբ Ասատրյանի հարցազրույցը Հայոց ցեղասպանության ճանաչման մարտավարության եւ դրա հնարավոր փոփոխությունների մասին է: Ըստ Հ. Սասունյանի, մասնագետները պետք է կենտրոնանան հատուցման պահանջների վրա, շարունակեն ճնշումները, հատկապես թուրք հանրությանը ավելի տեղեկացնելու պատմական իրողություններին:
Մանկավարժական համալսարանի Էկոլոգիայի եւ կայուն զարգացման ամբիոնի վարիչ Կարինե Դանիելյանի հարցազրույցը անդրադառնում է նորաստեղծ ամբիոնի նպատակներին, հայաստանյան բնապահպանման խնդիրներին ու շարժումներին:
Մ. Բ.