«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2012-11-21 | #208, 2012-11-22 | #209, 2012-11-23


ԱԿԱՆԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ

Նագուշ Խաչատուրի Հարությունյան

Այսօր լրանում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, մեխանիկայի հայկական գիտական դպրոցի մեծագույն երախտավորներից ու հիմնադիրներից մեկի, միջազգային լայն ճանաչման արժանացած ականավոր ու վաստակաշատ գիտնական, հանրապետությունում գիտության եւ բարձրագույն կրթության հմուտ կազմակերպիչներից մեկի, նշանավոր պետական ու հասարակական գործչիՙ Նագուշ Խաչատուրի Հարությունյանի ծննդյան հարյուրամյակը: Ն.Խ.Հարությունյանի անվան հետ է կապված մեխանիկայի զարգացման մի ամբողջ ժամանակաշրջան ընդհանրապես, եւ Հայաստանում ձեւափոխվող պինդ մարմնի մեխանիկայի մի շարք գիտական ուղղությունների սկզբնավորումն ու հետագա առաջընթացը, հանրապետությունում մեխանիկայի գծով գիտնականների մի քանի սերունդների ձեւավորման շուրջ քառասունամյա գործընթացը:

Ն.Խ.Հարությունյանը ծնվել է 1912թ. Երեւանում: Տարիներ շարունակ նա միասին ապրել է իր պապիՙ նշանավոր պատմաբան Լեոյի հետ, որի պատկառելի գիտական կերպարանքը հարգանք է ներշնչել պատանուն դեպի ուսումը, գիտությունը, սովորեցրել է աշխատասիրություն: 1930թ. Ն.Խ.Հարությունյանը մեկնում է Մոսկվա եւ ընդունվում երկրի հեղինակավոր եւ խոշորագույն բուհերից մեկըՙ Վ.Վ.Կույբիշեւի անվան ռազմաճարտարագիտական ակադեմիան, իսկ 1937թ. Ն.Խ.Հարությունյանը ընդունվում է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան: Շփումները ժամանակի խոշորագույն գիտնական-մեխանիկոսներ Բ.Գ.Գալյորկինի, Ա.Ի.Լուրյեյի հետ վճռական ազդեցություն գործեցին նրա գիտական հետագա ճակատագրի վրա եւ ձեւավորեցին նրա գիտական հավատամքը:

1941թ. պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն, նա մեկնում է ռազմաճակատ: Նրա մարտական ծառայությունները կառավարության կողմից գնահատվել են Հայրենական պատերազմի I եւ II աստիճանի, Կարմիր Աստղի շքանշաններով եւ մեդալներով:

1945թ. զորացրվելով բանակից, Ն.Խ.Հարությունյանը վերադառնում է Հայաստան եւ եռանդագին վերսկսում իր գիտական եւ գիտամանկավարժական գործունեությունը: 1949թ. Մոսկվայում ՍՍՀՄ ԳԱ մեխանիկայի ինստիտուտում նա տեխնիկական գիտությունների գծով փայլուն պաշտպանում է դոկտորական ատենախոսություն, 1950թ. նրան շնորհվում է պրոֆեսորի կոչում: Նույն թվականին նա ընտրվում է Հայաստանի ԳԱ իսկական անդամ եւ ԳԱ նախագահության անդամ: 1952-55թթ. նա աշխատում է որպես ԳԱ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար: 1955թ. Ն.Խ.Հարությունյանը նշանակվում է ԳԱ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ինստիտուտի նորաստեղծ սողքի եւ ամրության լաբորատորիայի վարիչ, իսկ 1959թ. նա ընտրվում է ԳԱ փոխպրեզիդենտ:

Գիտական եւ գիտակազմակերպչական աշխատանքներին զուգահեռ Ն.Խ.Հարությունյանը ծավալում է արգասավոր գիտամանկավարժական գործունեություն Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում եւ Երեւանի պետական համալսարանում (ԵՊՀ), որտեղ 1958թ. գլխավորում է ԵՊՀ նորաստեղծ առաձգականության եւ պլաստիկության տեսության ամբիոնը (ներկայիս հոծ միջավայրի մեխանիկայի ամբիոնը), որը ղեկավարում է մինչեւ 1978թ.:

1961թ. Ն.Խ.Հարությունյանը նշանակվում է ԵՊՀ ռեկտոր, պաշտոնավարելով մինչեւ 1963թ.: Նրա ջանքերի շնորհիվ համալսարանում հիմնվում են կենսաֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի, տնտեսագիտական կիբերնետիկայի ամբիոնները եւ Հայաստանի ԳԱ եւ ԵՊՀ միացյալ Հաշվողական Կենտրոնը:

1962թ. Ն.Խ.Հարությունյանին շնորհվել է Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը: Երկար տարիներ եղել է ԽՍՀՄ տեսական եւ կիրառական մեխանիկայի գծով ազգային կոմիտեի եւ նրա նախագահության անդամ, Հայկական ԽՍՀ ԳԱ տեղեկագիր, Մեխանիկա գիտական պարբերականի գլխավոր խմբագիր, ԽՍՀՄ ԳԱ տեղեկագիր, «Պինդ մարմնի մեխանիկա» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ:

Ն.Խ.Հարությունյանը զբաղվել է ակտիվ հասարակական-քաղաքական եւ պետական գործունեությամբ: Բազմիցս ընտրվել է հանրապետության Գերագույն Խորհրդի եւ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր, 1962-75թթ. եղել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի Նախագահության նախագահը եւ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության նախագահի տեղակալը: Այդ տարիներին նա արժանավայել ներկայացրել է մեր հանրապետությունը Խորհրդային Միությունում եւ արտասահմանում, հանդես է եկել ընտրություններին պատգամավորության գոնե երկու թեկնածու գրանցելու հայտնի առաջարկությամբ, որը այդ ժամանակներում բավականաչափ համարձակ քաղաքական քայլ էր դեպի ժողովրդավարություն:

Ն.Խ.Հարությունյանի գիտահետազոտական գործնեությունը ծավալվել է հիմնականում առաձգականության մաթեմատիկական եւ սողքի տեսությունների ուղղություններով: Առաձգականության տեսության գծով Ն.Խ.Հարությունյանը լայնածավալ գիտահետազոտական աշխատանքներ է կատարել ձողերի ոլորման, կոնտակտային եւ խառը եզրային խնդիրների բնագավառներում: Ոլորման խնդիրների վերաբերյալ ստացված գիտական արդյունքները ամփոփվեցին Ն.Խ.Հարությունյանի եւ Բ.Լ.Աբրահամյանի 1963թ. Մոսկվայում հրատարակված Առաձգական մարմինների ոլորումը հիմնարար մենագրության մեջ:

Ն.Խ.Հարությունյանը իր ամենամեծ գիտական ավանդը ներմուծել է ձեւափոխվող պինդ մարմնի մեխանիկայի կարեւոր բնագավառներից մեկումՙ սողքի տեսության մեջ: Մշակելով եւ վերլուծելով բազմաթիվ փորձարարական հետազոտությունների արդյունքները, Ն.Խ.Հարությունյանը Գ.Ն.Մասլովի հետ գալիս է այն եզրակացության, որ ճարտարագիտական կառուցվածքների ամրության եւ երկարակեցության հարցերում բացի նյութերի սովորական ֆիզիկոմեխանիկական հատկություններից անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ նյութերի, օրինակ, բետոնի ծերացման եւ ժառանգականության հատկությունները: Այդ հիմնագաղափարը ընկավ Ն.Խ.Հարությունյանի մշակած ծերացող մարմինների սողքի նոր մաթեմատիկական տեսության հիմքում: Ն.Խ.Հարությունյանի առաջնակարգ արդյունքները սողքի տեսության գծով ամփոփվեցին նրա 1952թ. Մոսկվայում հրատարակած Սողքի տեսության մի քանի հարցեր հիմնարար մենագրության մեջ, որն առաջինն էր հանրապետությունում եւ առաջիններից մեկն էր Խորհրդային Միությունում եւ աշխարհում: Այն թարգմանվել եւ հրատարակվել է Անգլիայում, Ֆրանսիայում, Չինաստանում: Ն.Խ.Հարությունյանը իրավամբ սողքի տեսության հիմնադիրներից մեկն է:

Իր գիտական գործունեության վերջին երկու տասնամյակների ընթացքում Ն.Խ.Հարությունյանը էապես ընդհանրացրեց եւ զարգացրեց սողքի իր նախկին տեսությունը, կառուցելով անհամասեռ-ժառանգականորեն ծերացող մարմինների տեսությունը եւ ստեղծելով ժամանակի ընթացքում աճող ձեւափոխվող մարմինների մաթեմատիկական տեսության նոր ուղղությունը: Ստացված գիտական արդյունքները ամփոփվեցին բազմաթիվ մենագրությունների եւ գիտական աշխատությունների մեջ:

Ն.Խ.Հարությունյանը լինելով հանրապետությունում գիտության եւ բարձրագույն կրթության հմուտ կազմակերպիչներից մեկը, մեծ ավանդ ունի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների ձեւավորման եւ պատրաստման գործում: Հոծ միջավայրի մեխանիկայի տարբեր բնագավառների վերաբերյալ նրա փայլուն դասախոսությունները ՀՊՃՀ-ում եւ ԵՊՀ-ումՙ հագեցած գիտության նորագույն նվաճումներով, լայն ճանապարհ են բացել ապագա մասնագետների եւ գիտնականների համար, ստեղծելով իր ուրույն գիտական դպրոցը: Ն.Խ.Հարությունյանը գիտական լայն ճանաչում եւ բարձր հեղինակություն ուներ Խորհրդային Միության եւ արտասահմանի գիտնականների շրջանակներում:

Ն.Խ.Հարությունյանը վախճանվեց 1993թ. հունվարի 18-ին, Մոսկվայում, մինչեւ իր կյանքի վերջը հավատարիմ մնալով գիտությանը: Նա թողեց գիտական մեծ ժառանգությունՙ յոթ հիմնարար մենագրություն, շուրջ երկու հարյուր ինքնատիպ գիտական աշխատություններ, գիտական դպրոց եւ բազմաթիվ աշակերտներ ու հետեւորդներ Հայաստանում, նախկին Խորհրդային Միության հանրապետություններում եւ արտասահմանում: Նրա գիտական գաղափարներն ու արդյունքները հիմք կհանդիսանան նոր մտահղացումների եւ ստեղծագործական նվաճումների համար:

Ն.Խ.Հարությունյանը մեկընդմիշտ մտել է գիտության անդաստանը, զբաղեցրել իր արժանի տեղը: Ականավոր ու վաստակավոր գիտնականի, նշանակավոր պետական ու հասարակական գործչի, երեւելի ու հայրենասեր մտավորականի կերպարը միշտ իր ուրույն տեղը կունենա մեր հասարակության մեջ:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Լ.Աղալովյան
Գ.Բաղդասարյան
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ս.Մխիթարյան
ֆ.մ.գ.դ. Վ. Հակոբյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4