«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2012-11-21 | #208, 2012-11-22 | #209, 2012-11-23


ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՕԴԱՆԱՎԻ ՍՐԱՀԻ ԱՄԵՆԱԿԵՂՏՈՏ ՏԵՂԸ

Ամերիկացի մանրէակենսաբանները հետազոտությամբ բացահայտել են օդանավի սրահի ամենակեղտոտ տեղերը: Հետազոտության պատվիրատուների սպասելիքներին հակառակ, դրանք զուգարանները չեն: Զանազան մակերեւույթներից առնված փորձանմուշներում գիտնականները գտել են մոտ 3 հազար մանրէ, հաղորդում է CBS հեռուստաալիքը:

Այդ մանրէների մի մասն ախտահարում է շնչուղիները, կան աղիքային ցուպիկ, կլեբսիելլա (թոքախտ, լորձաթաղանթների ախտահարում) եւ այլն: Այդ մանրէները հայտնաբերվել են մասնավորապես սրահի դռան, բացովի սեղանիկներ վրա:

Սակայն օդանավում ամենակեղտոտ տեղը, ինչպես պարզվեց, բազկաթոռի հետնամասի ներքեւում կարված գրպանն է: Այնտեղ սովորաբար պահում են ոչ միայն հանդեսներ եւ անվտանգության հրահանգներ, այլեւ զանազան իրերՙ մթերքներից մինչեւ օգտագործված թաշկինակներ:

Վնասակար նյութերի մեծ մասը հայտնաբերվել է ոչ միայն սեղանիկի վրա եւ գրպանում, այլեւ ամբողջ բազկաթոռի վրա:

Այսպիսով, ուղեւորը կարող է վարակվել գրիպով, սուր շնչառական հիվանդությամբ, աղիքային վարակով: Դրանից զերծ մնալու համար գիտնականները խորհուրդ են տալիս օգտագործել ձեռքերն ախտահանող միջոցներ, սննդի բաշխման ժամանակ սրբել սեղանիկը եւ ձեռք չտալ բազկաթոռի հետեւի գրպանում թողնված իրերին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4