«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2012-11-21 | #208, 2012-11-22 | #209, 2012-11-23


ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՄԲՈՂՋ ՁԵՌԱԳԻՐ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ԿԹՎԱՅՆԱՑՎԻ 6-7 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի թվայնացման բաժինը համալրվել է նոր տեխնոլոգիաներով: Շուրջ 18.000 ձեռագրերից 3000-ն արդեն թվայնացվել են: Վեց-յոթ տարուց Մատենադարանի ամբողջ ձեռագիր հավաքածուն արդեն թվայնացված կլինի: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մատենադարանի բարձր տեխնոլոգիաների եւ հրատարակչական հարցերով տնօրենի խորհրդական, ձեռագրերի թվայնացման աշխատանքները համակարգող Գուրգեն Գասպարյանը , Մատենադարանի ձեռագրերի թվայնացման աշխատանքները սկսվել են 2007 թվականից:

«Թվայնացման բաժինը դեռ ավելի է ընդլայնվելու, ձեռք են բերվելու նորանոր, ժամանակակից տեխնոլոգիաներ: Աշխարհում թվային տեխնոլոգիաները շատ արագ փոփոխվում են, եւ Մատենադարանը աշխատում է հետ չմնալ այդ նորություններից: Դրա համար պետք են միջոցներ, այդ ուղղությամբ Մատենադարանի տնօրենությունն աշխատում է, բանակցություններ է վարում բարերարների հետ, որոնց օգնությամբ մենք արդեն ունենք խոստումներ եւ կնքված պայմանագրեր, որոնց շնորհիվ ձեռք են բերվելու ավելի արդի ու հզոր սարքավորումներ», ասաց Գասպարյանը:

«Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամը միջոցներ ձեռք բերելու համար կապեր է հաստատում այլ հիմնադրամների եւ բարերարների հետ: Թվայնացման սարքերից մեկը նվիրել է բարերար Պիեռ Գյույումջյանը, համագործակցություն կա «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հետ` ֆոտոխցիկներ եւ թվայնացման սարքեր ձեռք բերելու համար, ինչպես նաեւ բարերար Գաբրիել Չեմպերճյանի հետ:

Այս պահին Մատենադարանի համար առաջնահերթ է հայերեն ձեռագրերի թվայնացումը, հետագայում սկսելու են նաեւ օտարալեզու ձեռագրերի թվայնացումը: «Ձեռագրերի թվայնացումից հետո կսկսվի արխիվային փաստաթղթերի եւ վավերագրերի թվայնացումը, որը բավականին մեծ թիվ է կազմում` շուրջ 300 հազար միավոր արխիվային փաստաթուղթ, իսկ եթե հաշվենք կադրերով, ապա թվայնացվող միավորները կանցնեն մի քանի միլիոնը: Թվայնացման բաժնի հաջորդ քայլը կլինի Մատենադարանի հայագիտական գրադարանի միավորների թվայնացումը, այսինքն` կթվայնացվեն բոլոր կարեւոր հայագիտական տպագիր աշխատությունները», հայտնեց Գասպարյանը:

«ԱՐՄԵՆՊՐԵՍ»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4