Goal.com կայքի տեղեկացմամբ, իտալական «Ֆիորենտինան» հետաքրքրվում է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով: Ակումբի ղեկավարության կարծիքով հայ ֆուտբոլիստը կարող է փոխարինել Ստեֆան Յովետիչին: Չեռնոգորիայի հավաքականի ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ «Ֆիորենտինայից»:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը «Շախտյորի» հետ լրանում է միայն 2015-ի հունիսին: Ուստի «Ֆիորենտինային» հարկ կլինի մեծ գումար վճարել «Շախտյորին», որը բնավ էլ մտադիր չէ հրաժարվել Հենրիխի ծառայություններից եւ ցանկանում է երկարաձգել պայմանագիրը նրա հետ: Ըստ Transfermark-ի, ներկայում Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը 17 մլն եվրո է: Բայց իհարկե «Շախտյորը» նման գնով երբեք էլ չի համաձայնվի բաժանվել Մխիթարյանից: Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Ֆիորենտինան» 13 տուրից հետո ընթանում է 3-րդ տեղում: