Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ամփոփել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացված «Լավագույն մարզական բակ», «Լավագույն քաղաքային մարզական համայնք» եւ «Լավագույն գյուղական մարզական համայնք» այս տարվա հանրապետական ստուգատեսի արդյունքները եւ որոշել է լավագույններին: Նախարարությունում ստեղծված հատուկ հանձնախումբը վերջին մեկ ամսում այցելել է մրցույթին հայտ ներկայացրած բոլոր համայնքները, տեղում ծանոթացել է ստեղծված պայմաններին, ուսումնասիրել ու տեսագրել է մարզակառույցներն ու բակերը:
Կատարված աշխատանքի արդյունքում լավագույն մարզական բակ է ճանաչվել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի թիվ 51 շենքի հարակից բակը (վարչական շրջանի ղեկավարՙ Ա. Սարգսյան):
Լավագույն քաղաքային մարզական համայնք է ճանաչվել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքը (քաղաքապետՙ Վ. Գեւորգյան): Լավագույն գյուղական մարզական համայնքը Շիրակի մարզի Ամասիա գյուղն է (գյուղապետՙ Ա. Ամիրյան): Լավագույններին կհանձնվեն դրամական պարգեւներ: