Հակառակ ոմանց կարծիքին, վստահորեն կարելի է ասել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավարության եւ մասնաճյուղերի կազմակերպած դրամահավաքի ձեռնարկների (հեռուստատեսային եւ այլ մարաթոններ, ճաշկերույթ-հանգանակություններ, համերգներ եւ այլն) այս տարվա հասույթը, որպես հնչուն մասնակցություն կամ մասնակցության խոստում, գոհացուցիչ է: Ամեն ինչից երեւում է, որ ձեռնարկների կազմակերպիչները հետզհետե ավելի պրոֆեսիոնալ են դառնում եւ տարիների ընթացքում կատարելագործում իրենց աշխատանքըՙ ամեն անգամ գումարների հավաքագրման աշխարհագրությունը եւ մասնակիցների թիվը ընդարձակելով: Օրինակ, Հնդկաստանի մուտքը հայկական այդ քարտեզՙ բացառիկ անակնկալ է. թեեւ դեռեւս չգիտենք այդտեղ հանգանակված 600 հազար դոլարի ծագումնաբանությունը: Խրախուսիչ է նաեւ այն կարեւոր ներդրումը, որը վերջին տարիներին ցուցաբերում են մեր ամենաբազմամարդ Ռուսաստանի համայնքի մեծահարուստները, գրեթե միշտ հավաքագրելով ընդհանուր գումարի կեսից ավելին:
Այսուհանդերձ, դեռեւս շատ աշխատանք կա անելու հանգանակվող գումարը կրկնապատկելու եւ քառապատկելու համար: Հայության նյութական կարողություններին լավատեղյակները պնդում են, որ տարեկան 100 միլիոն դոլարի ցուցանիշը դյուրավ հասանելի է մեր ժողովրդի համար, եթե հանգանակության ձեւերն ու գործիքները ճիշտ կազմակերպվեն:
Թերեւս: Համենայն դեպս, առանց փորձագետ լինելու էլ կարծում եմ, որ նախորդ օրը եզրափակված հանգանակության բացված ցուցակում խիստ անբավարար է Շվեյցարիայից, Բելգիայից, Բրազիլիայից, Արգենտինայից, Մոնրեալից ու մանավանդ Քուվեյթից ստացված կամ խոստացված գումարների չափը, իսկ Արաբական Միացյալ Էմիրության բացակայությունը ցուցակիցՙ անբացատրելի է իսկապես:
Խիստ անբավարար է Մ. Նահանգների Արեւելյան ափից ստացված արդյունքը, ընդամենըՙ 600 հազար: Այնինչ այդքան գումար կարելի էր ապահովել Նյու Յորքից, Նյու Ջերսիից, Չիկագոյից, Ֆիլադելֆիայից կամ Դետրոյթից ընդամենը մեկ հայրենակցից: Եվ այդ արդյունքը ստիպում է ինձ մտածել, որ հիմնադրամի ղեկավարությունը արդեն 15 տարի անընդհատ Կալիֆոռնիայում կազմակերպելով հանգանակության գլխավորՙ հեռուստամարաթոնը, սխալ է վարվում, մեկ անգամ եւս ընդգծելով հայաստանցիներից շատերի թյուր պատկերացումը, թե Մ. Նահանգները դա Լոս Անջելեսն է իր արբանյակ քաղաքներով: Այնինչ Արեւմտյան ափի հայաշատ քաղաքներում են գտնվում մեր բարեկեցիկ եւ առավել հարուստ ազգակիցները: Եվ հենց այդ շրջանի հայությունն է հիմնականում, որ ավելի քան 100 տարուց ի վեր վարժվել է նվիրատվություն, բարեգործություն անելու ավանդույթներին:
Եվ ընդհանրապես, եթե համեմատենք 0,5 միլիոնանոց ֆրանսահայ եւ 1,5 միլիոնանոց ամերիկահայ գաղութների հանգանակած գումարները, ապա, թեեւ փոքր չափով, երկրորդը զիջում է առաջինին: Պատճառները արժանի են ավելի լուրջ ուսումնասիրության:
Այսուհանդերձ, ներկա հանգանակության կարեւորագույն առանձնահատկությունն էլՙ սիրիահայությանը օգնել-նպաստելու նպատակն էր, ընդհանուր գումարներից մասհանումը դեպի այդ աղետյալ գաղթօջախը: Դա շեշտում էր «Հայաստան» հիմնադրամի իսկապես համահայկական բնույթը եւ ընդգծում, որ բովանդակ հայության որեւէ շերտի կամ հատվածի կարիքի մեջ հայտնվելու դեպքում, հիմնադրամը պիտի հասնի օգնությանՙ անկախ աշխարհագրական դիրքից ու վայրից, դա լինի Արցախի, Հայաստանի Հանրապետության գյուղական շրջանները, թե սիրիահայությունը:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
Ստորեւՙ 2012 թ.-ի հանգանակությունների գումարները բացվածՙ ըստ երկրների եւ ըստ Հիմնադրամի պաշտոնական հաղորդագրության տվյալների:
Երկիր | Գումար /ԱՄՆ դոլար/ |
Հայաստան եւ ԼՂՀ | 2,500.000 |
Ռուսաստան | 12,100.000 |
Ֆրանսիա | 2,196.239 |
Գերմանիա | 122,438 |
Հոլանդիա | 58,600 |
Շվեյցարիա | 31,800 |
Բելգիա | 10,200 |
Հունաստան | 38,200 |
Իտալիա | 50,000 |
ԱՄՆ Արեւելյան ափ | 600,000 |
ԱՄՆ Արեւմտյան ափ | 1,500.000* (գումարները վերջնականացվում են) |
Արգենտինա | 700,000 |
Բրազիլիա | 100,000 |
Կանադա/Տորոնտո | 500,000 |
Կանադա/Մոնրեալ | 125,000 |
Մեծ Բրիտանիա | 170,000 |
Հնդկաստան | 600,000 |
Իրան | 15,000 |
Քուվեյթ | 5000 |
Ընդամենը` | 21 422 477 |