Թուրքական CNN Turk հեռուստաընկերությունը պատժվել է ուղիղ եթերում Թուրքիայում բնակվող հայազգի լեզվաբան, «Թարաֆ» պարբերականի լրագրող Սեւան Նշանյանի արած հայտարարությունների պատճառով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Զաման» պարբերականը:
Թուրքիայի Ռադիոյի եւ հեռուստաընկերության վերահսկիչ մարմինը որոշում է կայացրել պատժել թուրքական հեռուստաընկերությանը, որ հաղորդումներից մեկի ժամանակ հյուրընկալված հայազգի լրագրողը, խոսելով վերջին շրջանում մեծ աղմուկ հանած «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի մասին, քննադատել է Մուհամմեդ մարգարեին, մինչդեռ հաղորդավարը չի ընդհատել նրան եւ թույլ է տվել շարունակել:
Թուրքական պարբերականի տեղեկացմամբ` հաղորդումից հետո հեռուստադիտողներից շատերն իրենց բողոքի նամակն են հղել Ռադիոյի եւ հեռուստաընկերության վերահսկիչ մարմնին, որն էլ, դիտելով հաղորդման տեսագրությունը, որոշել է պատժել հեռուստաընկերությանը: