Ավիաընկերության մենեջմենտը անարդյունավետ է գնահատվում
Ռուսական daily-ին տված հարցազրույցում «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտարարել է, որ ծրագրում է ավիաընկերության վաճառքի գործարքն ավարտին հասցնել առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում: Ավիաընկերության վաճառքի հիմնական պատճառներ են նշվել տնտեսական ճգնաժամը եւ ռուսական SuperJet նոր ինքնաթիռի շահագործումից կրած վնասը:
«Ընկերությունը գնելու հավակնորդների մեջ ռուս ներդրողներ չկան, սակայն կան իտալացիներ, ինչպես նաեւ գնորդներ` Արեւելքից», ասել է Միխայիլ Բաղդասարովը: Նրա տեղեկացմամբ, այժմ քննարկվում է «Արմավիայի» կապիտալում նոր սեփականատիրոջ մասնակցության ձեւը: Ավիաընկերությունը պարտքով է շահագործում SuperJet-ը, բայց ինքնաթիռը գրավից ազատված չէ:
«Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռների» պաշտոնական ներկայացուցչի խոսքերովՙ «Արմավիան» կշարունակի SuperJet-ի շահագործումը երկու ընկերությունների միջեւ առկա լիզինգային հարաբերությունների շրջանակում: 2013-ի սկզբից դրանք կշարունակվեն որպես վարձակալության պայմանագիր:
Միաժամանակ, ինքնաթիռի մատակարարող ընկերության մոտ կանգնած աղբյուրից daily-ին հայտնի է դարձել, որ «Արմավիայի» բոլոր պարտքային պարտավորությունները անցնելու են նոր սեփականատիրոջը: Նման իրավիճակը, նույն աղբյուրի հաղորդմամբ, խոսում է ավիաընկերությունում անարդյունավետ մենեջմենտի մասին:
Ա. Մ.