ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արցախը զարգանում է որպես ինքնուրույն ու անկախ երկիր, որպես պետություն ձեւավորվել է, Արցախում գնահատվում են մարդկային արժեքները, բնակչության թիվն ավելանում է, ժողովրդագրական պատկերը դրական է, մեկնող-ժամանողների, ծնվող-մահացողների հաշվեկշիռը (սալդոն) դրական է, մեզ հետ զրույցում աչքալույս է անում Արցախի վարչապետ Արա Հարությունյանը : Նա մասնագիտությամբ տնտեսագետ է, սկզբում բանկային համակարգում է աշխատել, իսկ վարչապետ նշանակվելու պահին բիզնեսաշխարհի ներկայացուցիչ էր: Եղել է պատգամավոր, «Ազատ հայրենիք» կուսակցություն ղեկավար, 39 տարեկան է: Վարչապետի հետ հանդիպման առիթը Արցախում ողջ թափով զարգացող հանքարդյունաբերության եւ կայացած էներգետիկայի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն ստանալու հնարավորությունն էր: Վստահ ենք` սա կհետաքրքրի նաեւ մեր այն ընթերցողի համար, ով կուզենար ներդրում անել Արցախում:
Արցախում ավելի վաղ կար, գործում էր Սարսանգի 50 մեգավատանոց հիդրոէլեկտրակայանը, որը կառուցվել է խորհրդային տարիներին: Այն շահագործման է հանձնվել 1979 թվականին` Ղարաբաղի ամենախոշոր` Սարսանգի արհեստական ջրամբարի վրա: Ադրբեջանցիները հաշվել էին, որ Սարսանգի ջրամբարից կապահովեն Ադրբեջանի Աղդամի եւ Միրբաշիրի շրջանների ոռոգումը: Սակայն Արցախն անկախ պետություն է այժմ, իսկ Սարսանգի ջրամբարը` նրա կարեւոր էներգետիկ ենթակառուցվածքը: Անկախ Արցախը ծրագրեց իրականացնել ՀԷԿ-երի շինարարություն, որով կապահովվեին երկրի էլեկտրաէներգիայի պահանջները: Շինարարությունն սկսվեց 2007-ին, այսօր աշխատում են 6 փոքր հիդրոէլեկտրակայաններ, 2-ը` Քաշաթաղի շրջանում, չորսը` Մարդակերտի, դրանք կառուցված են Սարսանգի ջրամբարի եզրերով. «Այսօրվա դրությամբ ապահովվում է Արցախի ծախսած էլեկտրաէներգիայի 90, անգամ կարելի է ասել` 100 տոկոսը: Տարեցտարի սպառումն ավելանում է, եւ, բնականաբար, տարեցտարի պետք է ավելացվի արտադրության ծավալը», ասում է Արցախի վարչապետը:
ՀԷԿ-երում հիմնական ներդնողների 80 տոկոսը արտերկրից են, կան խոշոր ներդնողներ: Դա առաջին ծրագիրն է, որն իրականացվել է բաց բաժնետիրական ընկերության եղանակով, բաժնետոմսերի թողարկմամբ եւ մինչեւ 17 միլիոն դոլարի տեղաբաշխում է եղել: Խոշոր բաժնետերեր են Ջոզեֆ Ուղուլյանը (Հայկական բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, ծնունդով ֆրանսիացի, սակայն այժմ ավելի շատ ԱՄՆ-ում է ապրում, նա ամենախոշոր ներդնողներից մեկն է) եւ Վարդան Սրմաքեշը (Շվեյցարիայի «Ֆրանկմյուլլեր» ժամացույցների գործարանի սեփականատերը). «Սա հեռանկար ապահովող ճյուղ է, որովհետեւ մեր պոտենցիալը շատ մեծ է` մինչեւ 7-8 հարյուր միլիոն կիլովատ արտադրության պոտենցիալ կա, որին ծրագրված է հասնել 2020-22 թվականներին. «Մենք կարող ենք անընդհատ աճող մեր ներքին պահանջները բավարարել հիդրոկայանների կառուցման շնորհիվ»:
Եթե նախկինում էլեկտրաէներգիան ներկրվում էր Հայաստանից, այսօր, փաստորեն, Արցախն ինքնուրույն ապահովում է ինքնիրեն, իսկ ներդրումային ծրագրերն այս ոլորտում շարունակական են:
Ծավալվող հանքարդյունաբերություն
Հանքարդյունաբերության բնագավառը Խորհրդային Արցախում ներկայացված չէր ընդհանրապես, թեեւ Ղարաբաղում կան մեծ պաշարներ: Գուցե` բարեբախտաբար, քանի որ այդ պաշարներն այսօր մնացել են, ադրբեջանցիք չեն խժռել, եւ այսօր ազատ Արցախն է տնօրինում իր բնական ռեսուրսները` հիմնականում ամենաշատը պղինձ, ոսկի, քարածուխ, գունավոր եւ ոչ գունավոր, թանկարժեք եւ ոչ թանկարժեք տարբեր մետաղական եւ ոչ մետաղական այլ հարստություն:
Այսօր սկսված է քարածխի արդյունահանում, որ առաջին փուլում մատակարարվելու է Երեւանի ջերմաէլեկտրակայանին, որպես հումք, իսկ հետո նաեւ Արցախի տնտեսությանը: Պղնձի հանքերը որոշ տեղերում սկսել են շահագործել, որոշ տեղերում ուսումնասիրություններ են ընթանում: Հետաքրքրված են ե՛ւ սփյուռքահայ, ե՛ւ օտարերկրյա քաղաքացիներ, տարբեր օտարերկրյա կազմակերպություններ մասնակացում են նախագծերին, որոնք լայն թափ են ստանում: Խոշոր ընկերությունը «Բեյզմետալս» ընկերությունն է, որը շահագործում է Դրմբոնի ոսկու հանքը, այսօր արդեն Ծաղկաշենի պղնձի հանքն է սկսել շահագործել: Մասնակից են հիմնականում օտարերկրյա քաղաքացիներ, նույն Վարդան Սրմաքեշը, Հայաստանից «Մանեքս-Վալեքսը» (որը «Բեյզմետալսի» հետ նույն խմբի մեջ է մտնում): Հանքը պետական սեփականություն է, պետությունը հանձնել է շահագործման, դրա դիմաց վճարում են բնապահպանման, բնօգտագործման վճարներ, հարկեր: Նոր ինվեստորներ եւս կան:
Հայաստանում պետությանը քննադատում են, որ հանքարդյունաբերության մեջ ստվեր կա, որ պետությանը տրվող հարկերն այս ոլորտից քիչ են, ինչպե՞ս է այս հարցը Արցախում, հետաքրքրվում ենք ԼՂՀ վարչապետից. «Մենք էլ ունեինք այդ խնդիրը եւ վերանայում ենք ընդհանուր հարկային քաղաքականությունը, որի արդյունքում հանքերի շագհագործումից ավելի մեծ հարկեր են վճարվելու պետական բյուջե»: Ներդնողին չե՞ք խրտնեցնի, հարցնում ենք. «Չէ, այնպիսի արտոնյալ պայմաններ ենք ստեղծում, որ ե՛ւ ներդնողի համար է բարեհարմար` շահութաբերության նորմալ աստիճան ապահովելով, ե՛ւ պետությունը կշահի»:
Մի քանի ոսկու եւ մի քանի պղնձի հանքեր` Քաշաթաղի, Շահումյանի, Մարդակերտի, Ասկերանի, Մարտունու շրջաններում կան, մի մասն ուսումնասիրվում է, մի մասը սկսել է շահագործվել:
ՀՆԱ-ի 10 տոկոս աճ ԼՂՀ-ում
Ընդհանուր տնտեսության պատկերը ներկայացնելով` վարչապետ Ա. Հարությունյանը նշեց, որ վերջին 5 տարիներին ապահովվել է ՀՆԱ-ի 10 տոկոս տարեկան իրական աճ, դա ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում վերջին 5 տարվա մեջ ամենաբարձր տնտեսական ցուցանիշներից է համարվում. «Առաջին հերթին Հայաստանի օգնության շնորհիվ` բավական մեծ աջակցություն կա տնտեսության մեջ ներդրումների տեսքով, տարբեր այլ գործիքների կիրառմամբ, բանկային համակարգի մասնակցությամբ: Բանկերը մեծ մասնակցություն ունեն Արցախի տնտեսության զարգացման առումով` վարկավորում են տնտեսությունը, ներդրումներ են իրականացնում, ներդրումները բերում են տնտեսական աճի: Հայաստանի մի շարք բանկեր ներկայացված են Արցախում, ունեն մասնաճյուղեր»:
Արցախի մյուս ամենախոշոր ճյուղը գյուղատնտեսությունն է, այս ոլորտում եւս ներդրումներ կան, եւ դրանց ներգրավումը շարունակվում է. «Խնդիրը պարենային անվտանգության հարցի լուծումն է, նաեւ Հայաստանի պարենային անվտանգության հարցի լուծմանն ենք ուզում մասնակցել` տեղական արտադրության շնորհիվ կրճատելով ներկրման ծավալները: Հաջողություններ արձանագրվել են, ու այդպես շարունակելու ենք ոլորտում»:
Արցախն արտադրում է ցորեն, եգիպտացորեն, մրգեր, բանջարաբոստանային տարբեր մշակաբույսեր: Հացահատիկային մշակաբույսերն են դոմինանտը, գումարվում է մնացածը:
Արցախում շինարարության բում է
Շինարարության տեմպերը շատ մեծ են, 2011 թվականին 2007 թվականի համեմատ կրկնապատկվել են շինարարաության ծավալները` պետական, ոչ պետական եւ բարեգործական եւ տնտեսական ծրագրերի շնորհիվ: Պետական բյուջեով նույնպես ավելացել է շինարարության ծավալը: 40 տոկոս պետական շինարարություն կա` դպրոցներ, մանկապարտեզներ, պետական կառույցներ, մշակութային օջախներ, 60 տոկոսը մնացածն է: Բացի Հայաստանի ռեսուրսներից` «Հայաստան» համահայկական հիմնադրամն է մասնակցում, սփյուռքի մեր հայրենակիցները` դպրոցաշինություն, մանկապարտեզաշինության մեջ են ներգրավված:
Վերջին երկու տարում պետբյուջեի միջոցներով սարքվեց Արցախ թաղամասը` զոհվածների եւ սպաների ընտանիքներին տեղավորեցին այնտեղ` հիփոթեքային ծրագրերի շրջանակում 225 բնակարան տրամադրելով: Հիփոթեքային վարկը 15 տարի ժամկետով, 6 տոկոս տոկոսադրույքով է, դա եւս մատչելի չէ բոլորի համար` բնակչության միջին եկամուտների առումով: Իսկ 6 տոկոս պետության շնորհիվ է դարձել, բանկերը տրամադրում են 12-14 տոկոսով, տոկոսների տարբերությունը վճարում է պետությունը