Գյուղացիների ունեցած պարտքն ամբողջությամբ կմարվի մինչեւ դեկտեմբերի 1-ը
Այս տարի մթերվել է շուրջ 215 հազար տոննա` նախորդ տարվա 194 հազար տոննայի փոխարեն: Խաղող մթերվել է 157 հազար տոննաՙ նախորդ տարվա 129 հազար տոննայի դիմաց, իսկ մթերվող խաղողի միջին գինն աճել է 10 դրամով եւ կազմել 142 դրամ: Գյուղացիական տնտեսությունների եւ վերամշակող կազմակերպությունների միջեւ կնքվել է շուրջ 6900 պայմանագիր, որից 5900-ըՙ խաղողի, 1000-ը` բանջարեղենի մասով: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը :
Փոխնախարարը նաեւ տեղեկացրեց, որ մթերված պտուղ-բանջարեղենի դիմաց վճարումները կատարվել են գրեթե ամբողջությամբ: Վճարումների հիմնական մասը կատարվել է 7-10 բանկային օրվա ընթացքում: Նոյեմբերի 22-ի դրությամբ խաղողի մթերումների դիմաց վճարվել է ամբողջ գումարի 96,8 տոկոսը, չվճարված գումարը կազմել է 706 մլն դրամ: Պտուղ-բանջարեղենի դեպքում` վճարվել է մթերված ապրանքի արժեքի 93,4 տոկոսը, մնացել է 300 մլն դրամ: Ռոբերտ Մակարյանի տեղեկացմամբՙ մթերողները իրենց պարտքը կմարեն մինչեւ դեկտեմբերի 1-ը:
Գյուղացիները մթերողների հետ սկսել են աշխատել նախապես կնքվող պայմանագրերով, որտեղ նշված են եղել մթերվելիք ապրանքի քանակը եւ գինը: Մթերելուց հրաժարվել էին «Բորոդինո» ընկերությունը, Էջմիածնի պահածոների գործարանը, Վայոց ձորի մարզի գինու գործարանները` արենի խաղողատեսակի հետ կապված, սակայն խնդիրը լուծվել է բանակցությունների միջոցով եւ նրանք եւս մթերումներ կատարել են:
Գյուղատնտեսության փոխնախարարի տեղեկացմամբՙ այս տարի Հայաստանից արտահանվել 28,5 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է գրեթե կրկնակի:
Ա. Մ.