Ռուսաստանում 1993-ին հիմնված «Տարվա մարդ» մրցանակաբաշխությունը արդեն 20-րդ անգամ հաձնվում է Ռուսաստանի կենսագրական ինստիտուտի կողմից` նշանավորելով յուրաքանչյուր տարի տարբեր ոլորտներում մեծ ներդրում ունեցած անձանց ու նրանց գործունեությունը: Այս տարի էլ «Տարվա մարդ» անվանակարգում մրցանակների են արժանացել Իոսիֆ Կոբզոնը, Վիտալի Լոպոտան, Գագիկ Ծառուկյանը եւ այլք:
Ըստ այդմՙ «Տարվա կազմակերպություն» է ճանաչվել նաեւ Ռուսաստանի հայերի միությունը` Արա Աբրահամյանի նախագահությամբ`«միջպետական ու ազգամիջյան հարաբերությունների ամրապնդման գործում ակնառու ներդրում ունենալու» համար: Այս մրցանակը հատկապես պատվավոր է, քանի որ նույն անվանակարգում մրցանակների են արժանացել Ռուս ուղղափառ եկեղեցու մոսկովյան պատրիարքարանը, Օստրովսկու անվան պետական ակադեմիական թատրոնը, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնը (գլխավոր տնօրենՙ Կարեն Շահնազարյան ) եւ այլ հաստատություններ:
ՌՀՄ գործունեությունը միջպետական ու ազգամիջյան հարաբերությունների ամրապնդման գործում ոչ միայն տարիների ժամանակահատված է ներառում, այլեւ շարունակական ու մշտապես նորացվող գաղափարներով իրականացվելու փորձ ունի: Հենց վերջերս` հոկտեմբերին, Ռուսաստանի հայերի միության եւ Ռուսաստանի ադրբեջանցիների դաշնային ազգային-մշակութային ինքնավարության նախաձեռնությամբ Ռուսաստանի հայկական եւ ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները համաձայնել են ստեղծել մշտապես գործող համատեղ կազմակերպական հանձնաժողով, որն օպերատիվորեն կարձագանքի Ռուսաստանի տարածքում առաջացող բախումնային իրավիճակներին:
«Մենք բոլորս Ռուսաստանի քաղաքացիներ ենք ու այստեղ կիսելու բան չունենք, հակառակը, մեր փոխգործակցությամբ մենք պետք է օրինակ ծառայենք այլ երկրներում ապրող մեր համայնքների համար», հանդիպման բացմանը նշել էր ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը: Նա շեշտել էր, որ այս հանդիպումների նպատակը ղարաբաղյան խնդրի լուծումը չէ: Ռուսաստանի ադրբեջանցիների ներկայացուցիչ Սոյուն Սադիկովն իր հերթին նշել էր, որ իր եւ Աբրահամյանի ընկերական հարաբերությունները հաճախ հնարավորություն են տվել լուծելու երկու համայնքների երիտասարդ ներկայացուցիչների միջեւ ծագած բախումային իրավիճակները:
Իսկ արդեն Հայաստանում ՌՀՄ մեկ այլ նախաձեռնություն դեռեւս ընթացքի մեջ է: Խոսքը Ռուսաստանի հայերի միության եւ Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախաձեռնությամբ, «Русский мир» (Ռուսաստանի Դաշնություն) հիմնադրամի մասնակի ֆինանսավորմամբ սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը Հայաստանի հանրակրթական բոլոր դպրոցներում անցկացվող «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երկրորդ փառատոնի մասին է:
ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ