«Լույս» հրատարակչությունը վերջերս տպագրել է վաստակաշատ մանկավարժ, լեզվաբան Խաչիկ Բադիկյանի «Ճիշտ խոսենք հայերեն» խորագիրը կրող գիրքըՙ 200 էջ ծավալով: Գիրքը տպագրության է երաշխավորել Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնը: Տպագրությունը հովանավորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Հայոց պետական գրական լեզունՙ ոսկեղենիկ հայերենը, որ համայն հայության ազգային ինքնության ու ինքնագիտակցության, լինելիության, միասնության ու հավերժության ամենազորեղ զենքն ու զրահն է, մաքուր ու անաղարտ պահելը, պահպանելը, շարունակաբար հարստացնելն ու զարգացնելը կազմում են գրախոսվող աշխատության բովանդակության առանցքը: Այս հիմնադրույթից ելնելովՙ Խ. Բադիկյանը գրքում հանգամանորեն քննարկել է արդի գրական հայերենի արտասանական, ուղղախոսական, բառական, քերականական, ոճական օրինաչափությունները եւ փաստարկված ներկայացրել թույլ տրվող լեզվական աղաղակող մեղանչումները, աղավաղումները, որոնք հաճախակի տեղ են գտնում պետական շատ պաշտոնյաների ելույթներում, ասուլիսներում, ռադիոհեռուստատեսային հաղորդումներում, թերթերում ու ամսագրերում, տպագրվող գրքերում, ցուցանակներում, ազդագրերում եւ այլուրեք:
Գրախոսվող աշխատությունը դրանք վերացնելու եւ հայերենը (գրավոր ու բանավոր) անաղարտ պահելու նպատակ է հետապնդում:
Պատասխանելով «Ի՞նչ է լեզվական նորման» հարցինՙ Խ. Բադիկյանը մեջբերում է մեծ լեզվաբան Հրաչյա Աճառյանի բնութագրությունը. «Լեզվական նորման հանրության կողմից (նաեւ ավանդությամբ) ընդունելություն գտած, օրինականացված լեզվական (արտասանական, հնչյունային, բառային, դարձվածային, քերականական ու ոճական) միջոցների ու ձեւերի ճշգրիտ ու կանոնակարգված գործածությունն է...
Գրական նորման նշված միջոցների առավել կարգավորված եւ օրինակելի գործադրման կանոնների ամբողջությունն է (էջ 14, ընդգծումն իմն է. Ռ. Դ.): Եվ ապաՙ «Լեզվական նորման քարացած կատեգորիա չէ. այն ժամանակի ընթացքում փոփոխվում, կատարելագործվում է հաղորդակցման պահանջներն առավելագույնս բավարարելու միտումով (էջ 14):
Ելնելով Հր. Աճառյանի գիտական ճշգրիտ բնորոշումիցՙ Խ. Բադիկյանը գրքում մանրամասնորեն վերլուծում ու բնութագրում է (իհարկե, բնորոշ օրինակների զուգակցմամբ) արտասանական նորմանՙ իր բաղադրիչներով (արտաբերվող կետադրական նշաններ, բառային շեշտ, տրամաբանական շեշտ, հնչերանգ, ձայնավորների, բաղաձայնների, արտասանություն եւ այլն): Մանրամասնությունները տե՛ս էջեր 14-41-ում:
Այնուհետեւ քննարկում է բառական նորման եւ հանգամանորեն անդրադառնում բառական նորմայի արտասանության ու գրության խախտման դեպքերինՙ բերելով բազմաթիվ օրինակներ, փաստեր: Հիմնավորված անդրադառնում է նաեւ բառիմաստային սխալներին, երբ, օրինակ, հակամետ, տարկետում, վարկաբեկել, ամբարիշտ, ստահոդ եւ այլ բառեր գործածում են ոչ տեղին եւ ոչ ճիշտ ընկալումով ու սխալ ստուգաբանությամբ:
Գրախոսվող աշխատության մեջ առանձին քննության նյութ են դարձել հարանուն բառերն ու նրանց իմաստային տարբերությունները (օրինակՙ ախտ-աղտ, ամուլ-ամոլ, ապար-ապառ, ալոճ-ալոջ, այգաբաց-այգեբաց եւ այլն): Ճիշտ կողմնորոշվելու համար գրքում ներկայացվել է հարանուն բառերի համառոտ բառացանկը (տե՛ս էջեր 50-56):
Անդրադառնալով փոխառությունների եւ օտարաբանությունների հարցերինՙ հեղինակը ճշտորեն նշում է, որ աշխարհում բոլոր լեզուներն էլ այլ լեզուներից անհրաժեշտաբար կատարել եւ կատարում են փոխառություններՙ պայմանավորված ժողովուրդների հասարակական-քաղաքական, տնտեսական կյանքի փոփոխություններով, ինչպես նաեւ գիտության, տեխնիկայի, արվեստի, սպորտի զարգացումներով եւ այլ գործոններով: Փոխառությունները (եթե փոխառու լեզուն չունի համարժեքները) հարստացնում են տվյալ լեզվի բառապաշարը եւ խիստ անհրաժեշտ են: Իսկ օտարաբանությունները ուրիշ լեզուներից վերցրած եւ փոխառու լեզվում իրենց համարժեքներն ունեցած բառերն ու արտահայտություններն են, որոնց գործածության դեմ պիտի պայքարել: Օրինակՙ ինչի նման է, երբ թերթերից շատերը օգտագործում են մեբել, պրեստիժ, էլիտար, վիտրաժ, պրոցես, սյուրպրիզ, օրկեստր, իլյուզիա, իմունիտետ, կոդ, ինտելեկտ եւ այլ օտար բառերը: Եվ ո՛չ միայն թերթերը, շատերի բանավոր ու գրավոր խոսքում ականջ են ծակում այլեւայլ օտար բառերն այն դեպքում, երբ դրանց համարժեքները կան հայերենում:
Բանավոր ու գրավոր խոսքը հեղեղված է նաեւ օտարաբան արտահայտություններով, օրինակՙ «հարցը կայանում է նրանում» (փոխանակՙ հարցն այն է), «ինչպե՞ս է անունդ» (փոխանակՙ ի՞նչ է անունդ), «նա հանդիսանում է բժիշկ» (փոխանակՙ նա բժիշկ է) եւ այլն:
Գրքի 62-103 էջերում Խ. Բադիկյանը հանգամանորեն քննարկում ու պարզաբանում է քերականական նորմայի խնդիրները, վկայաբերում է ձեւաբանական նորմաների խախտումները, համաձայնության, խնդրառության, շարադասության, ոճական սխալներն ու անկանոնությունները: Քերականական, ոճական նորմաները չպահպանելու վերաբերյալ բերում է անհրաժեշտ սխալ օրինակներՙ միաժամանակ ներկայացնելով դրանց ճիշտ ձեւերը:
Գրքի վերջում բերված է հայերենում հաճախ գործածվող օտար բառերի բացատրական բառարանըՙ հիմք ընդունելով Ալ. Մարգարյանի, Ա. Հայրապետյանի «Օտար բառերի բացատրական բառարան» (2004 թ.), Ա. Հայրապետյանի «Օտար բառերի բառարան» (2011 թ.), Ա. Հայրապետյանի «Օտար բառերի առձեռն բառարան» (2011 թ.) աշխատությունները (տե՛ս էջեր 105-194):
Խ. Բադիկյանի գիրքն ունի ընդգծված ուսուցողական գործնական նպատակ: Այն մեծ չափով օգտակար կարող է լինել պետական պաշտոնյաների, պատգամավորների, հաղորդավարների, դասախոսների, ուսուցիչների, դերասանների, ուսանողների, աշակերտների եւ հայերենի անաղարտությամբ հետաքրքրվող բոլոր մարդկանց համար:
Մի քանի դիտողություն: Գրքում կան բառերի անտեղի կրկնություններ. օրինակՙ «Շարունակելով իր միտքըՙ մեծ լեզվաշինարարը շատ պատկերավոր միտք է արտահայտում...» (էջ 19), «Բայց կարեւոր խնդիր է նաեւ այդ հարուստ բառապաշարից վարպետորեն ու ճաշակով օգտվելու հարցը» (էջ 42): Կան համաձայնության սխալ կիրառություններ. «...այնքան հարուստ է նրա միտքն ու խոսքը» (էջ 43), «... մի մասն էլ խոսում են պարզ ու հասկանալի լեզվով...» (էջ 93) եւ այլն: «Հայերենում քիչ չէ նաեւ գրափոխության հետեւանքով սխալ արտաբերվող բառերի թիվը...» (էջ 47), «Մայրենի լեզվի քերականություն չիմանալու կամ վատ իմանալու հետեւանքով են խախտվում քերականական բազմաթիվ նորմաներ...» (էջ 62): Հետեւանքով բառաձեւի փոխարեն պետք էր գործածել պատճառով բառաձեւը, քանի որ պատճառից է ստեղծվում, գոյանում հետեւանքը: Կան նաեւ այլ բնույթի մասնակի շեղումներ, որոնք, սակայն, որակ չեն կազմում:
Գիրքը լուրջ հետազոտության, հմուտ վերլուծության արդյունք է: Ընդհանուր առմամբ անժխտելի է գրքի օգտակարությունը, եւ խրախուսելի է նրա տպագրությունը:
ՌՈՄԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ