«Գրանդ Քենդի» ընկերությունը լուծեց «Հացի խնդիրը»
Պերճ Պռոշյանի «Հացի խնդիրը» արդեն բեմում է:
Երեկ տեղի ունեցավ ներկայացման պրեմիերան, որի բեմադրող ռեժիսորն է Վիգեն Ստեփանյանը, կոմպոզիտորը` Մարտին Վարդազարյանը, բեմադրող նկարիչը` Դավիթ Մինասյանը: Իսկ ներկայացման նշանաբանն է. «Ճշմարիտ է այն խոսքը, թե մարդուս գլխավոր դատավորն յուր խիղճն է. նրանից արդար եւ ոչ մի դատաստան անող չի եղել ի սկզբանե անտի եւ չի էլ լինելու»:
Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը երեկ «Ազգի» հետ զրույցում ընդգծեց, որ ներկայացման գաղափարը «Գրանդ Քենդի» ընկերության նախագահ Կարեն Վարդանյանինն է. «Կ. Վարդանյանը Համազգային թատրոնի 20-ամյակի կապակցությամբ մեզ նվեր մատուցեց` ասելով, որ բեմադրենք ներկայացում` չմտածելով նյութականի մասին, ինչը մեզ համար ուղղակի հրաշք էր: Սակայն Կ. Վարդանյանի խնդրանքն էր, որ այն լինի հայ դասականներից ինչ-որ մեկի ստեղծագործությունը, եւ գործը գլխավորի Սոս Սարգսյանը: Երկարատեւ փնտրտուքից հետո Կ.Վարդանյանի առաջարկությամբ որոշեցինք բեմադրել Պերճ Պռոշյանի «Հացի խնդիրը»: «Ներկայացման մեջ ունենք որոշ շեղումներ բնագրից, մենք ավելի վառ ենք ներկայացրել այսօր առկա վտանգները: Անկախ ամեն ինչից մենք ունենք նոր սերունդ, որին հավատում ենք եւ սահման, մենք վառոդների վրա ենք ապրում, կա վախ, սակայն միեւնույն ժամանակ կա սերունդ, որը երգում է. «Բարի լուսո, աստղը դեռ պիտի երեւա ու աղոթարանի դռները պետք է բացվեն»: Ստեղծագործական խումբը ներկայացման վրա աշխատել է 2-3 ամիս:
Ըստ բեմադրող ռեժիսոր Վիգեն Ստեփանյանի , բեմադրությունը շատ արդիական է ստացվել. «Ներկայացման միջոցով ես իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում ընդդեմ կաշառակերության եւ այն մարդկանց, որոնք արդարացնում են իրենց վատ արարքները` ասելով, որ սոված ենք, այդ իսկ պատճառով էլ դիմում ենք կաշառակերության»:
Սիմոնի կերպարը մարմնավորող Արման Նավասարդյանն «Ազգի» հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ չէ, որ աշխատում է Վիգեն Ստեփանյանի հետ: Ըստ դերասանի, ներկայացումն ստացված է. «Մենք միասին ստեղծել ենք մի նոր տեսակ, մարդ, երեխա, որը դեռ պիտի քայլի, ընկնի, վեր կենա ու Աստված տա հասնի վազքին, որի մասին բոլորն են երազում»:
Ըստ Արմանի, ներկայացումը կունենա մեծ հաջողություն, քանի որ մեր թատրոնները վերջին շրջանում քիչ են անդրադառնում հայ դասականների ստեղծագործություններին. «Ներկայացման մեջ կան հսկայական մասսայական տեսարաններ, որոնց վրա աշխատելը շատ դժվար էր: Շնորհակալ եմ «Գրանդ Քենդի» ընկերությանը, որը ընձեռեց այս հնարավորությունը, որ մեր թատրոնում ստեղծվի նմանատիպ ներկայացում: Այսպիսի մաշտաբային ներկայացումներ ընդհանրապես թատրոնները խուսափում են անել, սակայն մենք գնացինք այդ ռիսկին»:
Իսկ Հեղնարի կերպարը մարմնավորող Տաթեւիկ Ղազարյանն ասաց, որ չէր ցանկանա այս կերպարի հետ նման բաներ կատարվեին. «Ներկայացումը վաղուց ենք փորձում, շատ բուռն էր համագործակցությունը ռեժիսորի հետ, ինչը շատ հետաքրքրական եւ հաճելի էր: Այն դեռ եփելու կարիք ունի, դեռ հում բաներ կան ներկայացման մեջ, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ կընկնի իր տեղը»: Ըստ Տաթեւի այս ներկայացումը շատ խոր ազդեցություն կունենա հանդիսականի վրա, քանի որ հայկական ազգային պիես է, որի պակասը հանրությունը շատ ունի:
Պիեսը 3 գործողությամբ է, որը կտեւի մոտավորապես 3 ժամ, իսկ արդյոք հայ հանդիսականը կկարողանա՞ երեք ժամ հետեւել ներկայացմանը, Տաթեւիկ Ղազարյանն ասաց. «Մեծ բան կտանի հանդիսատեսը այս ներկայացումից, բոլորը հետ կնայեն, կմտածեն, արդյոք ճի՞շտ են ապրում, արդյոք իրենց խիղճը թո՞ւյլ է տալիս, որ այս կամ այն բանը անի: Մեր հանդիսատեսը պիտի սովորի, որ թատրոն գնում են երեկո անցկացնելու, ոչ թե մեկ ժամ ծիծաղելու համար»:
Ուրախալի է, որ ներկայացման հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է, քանի որ ներկայացումների բոլոր տոմսերը սպառվել են, ինչպես «Ազգին» հաղորդեց Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:
Վատառողջ լինելով հանդերձ ներկայացմանը ներկա էր Սոս Սարգսյանը , որը «Ազգի» հետ զրույցում ասաց. «Այս աշխատանքը սկսելիս մեծ ակնկալիքներ, հույսեր ունեի, որոնք կարծես թե արդարացվեցին: Առաջին ներկայացումն է, դեռ հուզված են դերասանները, սակայն հիմքը դրված է»: Վարպետը ավելացրեց, որ բոլոր դերասաններն իր համար անսպասելի կերպարներ են ստեղծել եւ սա վկայությունն է, որ մեր դերասանները աճում են, վարպետություն են ձեռք բերում. «Ունենք դերասաններ, որոնք մեծ դերասաններ դառնալու շեմին են կանգած»:
Նշենք, որ ներկայացման համար «Գրանդ Քնեդի» ընկերության նախագահ Կ. Վարդանյանը տրամադրել է 18 միլիոն դրամ:
Հատկանշական է, որ բարերար Կարեն Վարդանյանն առաջին անգամ չէ, որ նման բարեգործական ծրագրերով է հանդես գալիս: Ուրախալի է, որ դեռ կան գործարարներ, որոնք բացի ռեստորաններ, հյուրանոցներ եւ նմանատիպ այլ բիզնեսներ ստեղծելուց բացի, այս պարագայում, տարբեր արտադրություններ եւ արտադրատեսակներ ստեղծելուց, գումար են հատկացնում նաեւ մշակույթի զարգացմանը, պահպանմանը: Հուսանք, որ «Քրանդ Քենդի» ընկերության նախագահի օրինակին կհետեւեն ուրիշ գործարարներ եւս եւ զարկ կտան մշակույթի զարգացմանը` ֆինանսական ու բարոյական աջակցությամբ:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ