Ինչպես արդեն հայտնի է, «Մանկական Եվրոտեսիլին» Հայաստանը ներկայացնելու է Compass band խումբը, որի առթիվ երեկ լրագրողների հետ էին հանդիպել Եվրոտեսիլի պատվիրակության նախագահ Գոհար Գասպարյան եւ խմբի անդամները:
Գ. Գասպարյանը տեղեկացրեց, որ հայաստանյան պատվիրակությունը նոյեմբերի 26-ին կմեկնի Նիդեռլանդներ` մասնակցելու դեկտեմբերի 1-ին Ամստերդամում կայանալիք միջազգային հեռուստատեսային մրցույթին:
Compass band-ը բաղկացած է չորս հոգուց` Դավիթ Պարոնիկյան, Արշավիր Գրիգորյան, Արամ Ծատուրյան եւ Աբրահամ Ազնաուրյան, որոնք իրենց հիմնական մրցակիցներն են համարում Իսրայելի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներին:
«Մանկական Եվրոտեսիլի» գլխավոր փորձը տեղի կունենա նոյեմբերի 30-ին, որը շատ կարեւոր է մասնակիցների համար, քանի որ ժյուրիի անդամները հենց այդ օրն են կարծիք ձեւավորում մասնակիցների մասին», ասաց Գ. Գասպարյանը: Ինչպես միշտ, քվեարկությունը տեղի է ունենալու 50/50 հարաբերակցությամբ:
Հատկանշական է, որ «Մանկական Եվրոտեսիլ» երգի մրցույթում իրավունք ունեն մասնակցելու 10-15 տարեկան երեխաները, սակայն այս տարի, չգիտես ինչպես, 9,5 տարեկան մասնակից հայտնվեց նախընտրական փուլում, որը հենց Compass band խմբից էր: Հաղթանակից հետո աղմուկ բարձրացավ եւ խմբի կրտսեր անդամը լքեց խումբը: «Ազգի» հարցին, թե ինչպե՞ս էր այդ մասնակիցը հայտնվել նախընտրական փուլում եւ «Եվրոտեսիլի» հայաստանյան հանձնաժողովը արդյոք չէ՞ր նկատել դա, պատվիրակության նախագահ Գ. Գասպարյանը խուսափեց պատասխանից: Սակայն արդյո՞ք դա փոքրիկ խնդիր է. ի վերջո մենք մասնակցում ենք միջազգային մրցույթի, ինչպե՞ս կարող էինք նման խախտումով հանդես գալ Եվրոպայում, եւ, ընդհանրապես, եթե առկա էր խախտում, ապա ինչպե՞ս թողեցին այդ խումբը անցնի նախընտրական փուլ...
Այս տարի «Մանկական Եվրոտեսիլին» մասնակցում են 12 երկիր` Բելառուսը, Շվեդիան, Ադրբեջանը, Բելգիան, Ռուսաստանը, Իսրայելը, Ալբանիան, Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Նիդեռլանդները: Ամստերդամում անցկացված վիճակահանության համաձայն` Compass band խումբը հանդես կգա 8-րդ համարի ներքո:
Ի դեպ, արդեն պատրաստ է խմբի տեսահոլովակը, որը նկարահանել է ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը` «Բիթլզի» ոճով: Compass band խմբի անդամներն ասացին, որ իրենք ներկայանում են «Բիթլզի» ոճով, քանի որ այն հետաքրքրական է, սակայն դա չի նշանակում, որ «Բիթլզին» սիրողները պետք է քվեարկեն իրենց օգտին, իսկ չսիրողները` ոչ:
Այս տարվա «Մանկական Եվրոտեսիլի» նշանաբանն է «Կոտրիր սառույցը», եւ այս տարի տեսաձեւավորումը, ինչպես նաեւ մրցանակը լինելու է սառցե միջավայրում:
Հաջողությո՛ւն մեր պատանիներին:
Մ. Հ.